HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Համանախագահները շփման գծում տեղի ունեցած միջադեպերը շատ լուրջ են գնահատում

Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն այցելեցին Ղարաբաղ, որտեղ երեկոյան մոտ 3 ժամյա հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ հանդիպումը շատ բովանդակալից էր: «Մենք ձգտել ենք Բակո Սահակյանին հասցնել երկու նախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի, վերջին հանդիպման ինֆորմացիան, այն մասին, թե ինչ նոր հնարավորություններ ենք այդ հանդիպմանը տեսել բանակցային գործընթացի համար, եւ կիսվել ենք մեր տպավորություններով ու պատկերացումներով: Ուրախ ենք, որ դրանք լսվել են եւ հասկացվել: Բակո Սահակյանից նաեւ լսել ենք Ղարաբաղի տնտեսական, սոցիալական վիճակի մասին ինֆորմացիա, որը մեզ համար նույնպես շատ օգտակար է»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը, որը նաեւ շեշտել է, որ մի շարք պատկերացումներ հաշվի են առվել: «Ինչպիսինն է լինելու այս տարին Ղարաբաղյան կարգավորման համար» հարցին ի պատասխան ռուսաստանցի համանախագահը նկատել է, որ «ամենադժվարը միշտ  ժամանակային գուշակումներ անելն է»: Նա շեշտել է, որ օբյեկտիվ պայմանները` ձեռքբերումների համար ստեղծված են, բայց ահա սուբյեկտիվները` առկա չեն, որն ըստ նրա «կողմերի քաղաքական կամքն է` ընդունելու դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ»: Լրագրողները համանախագահներին հեշեցրեցին, որ իրենց երկու այցերը համընկել են սահմանային միջադեպերի հետ: Ի պատասխան ռուսաստանցի համանախագահը հույս հայտնելով, որ այս մեկը չի համընկնի, ասել է, որ սահմանային միջադեպերը, այդ թվում մոնիտորինգի ժամանակ, շատ լուրջ են գնահատում: «Առաջին դեպքը չէ, որ մոնիտորինգի ժամանակ կրակոցներ են լինում շփման գծում, եւ գտնում  եմ, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը: Համանախագահներն այսօր հանդիպում են ունեցել նաեւ Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանք Երեւանում Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո կմեկնեն Ադրբեջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter