Ոստիկանները կաթվածահար են արել Գյումրի-Երեւան երթուղու տրանսպորտի աշխատանքը
Այսօր մարտիմեկյան հանրահավաքի հետ կապված վաղ առավոտից կաթվածահար է արվել Գյումրիից Երևան մեկնող տրանսպորտի աշխատանքը: Բազմաթիվ գյումրեցիների դժգոհում են, որ ոչ միայն մայրաքաղաք մեկնող միկրոավտոբուսներ չկան, այլև տաքսու վարորդներն են հրաժարվում են ուղևոր վերցնել:
«Իմ հետ գործ չունեք, Ձեր փողին չենք մնացել, թող էսօր շառից ու փորձանքից հեռու լինենք»,- պատճառաբանում են վարորդները:
«Հետքը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել նաև հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցող գյումրեցիներից, ովքեր թեև վաղ առավոտից Երևան են մեկնում, սակայն այդպես էլ տեղ չեն հասնում:
Պատճառն այն է, որ ամեն քայլափոխի ոստիկանները կանգնեցնում են մեքենաները` արհեստական խոչընդոտներ ստեղծելով: Հատկապես «անանցանելի են» Գյումրիից դուրս եկող ճանապարհը, Մարալիկի և Թալինի հատվածները: Համոզվելու համար, որ ոստիկաններն իրոք կանգնեցնում են ուղևորներին` իբրև թե մեքենայի տեխզննման հետ կապված հարցեր պարզելու, մենք եղանք քաղաքի մուտքի մոտ:
Այստեղ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած, որոնք առանց խտրականության կանգնեցնում էին ինչպես մեքենաների, այնպես էլ միկրոավտոբուսների վարորդներին:
Մեր այն հարցից, թե ինչու են կանգնեցնում, ոստիկանները խուճապի մատնվեցին` ասելով, որ իրենք հենց նոր եկան դիմացի բիստրոյում «մի կտոր հաց ուտելու»:
Զգալով, որ իրենց պատասխանը վստահություն չի ներշնչում, վերջիններս սկսեցին ծիծաղել` ասելով. «Մեր հետ գործ չունենք, մենք ինչ անենք, գնացեք մեր ղեկավարությանը հարցրեք»:
Իսկ ղեկավարությունը` Շիրակի մարզային ոստիկանության վարչությունը, ըստ ականատեսների` բավականին մանրակրկիտ էր պատրաստվել հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց մուտքը մայրաքաղաք խոչընդոտելու գործին:
Առավոտ վաղ Գյումրիի Տեքստիլագործների թաղամասում գտնվող ոստիկանության շենքի մոտ շարքային ոստիկաններին պաշտպանիչ վահանակներ են բաժանվել: Ավելին, մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ոստիկանների մի մասին դեռ երեկ երեկոյան են հերթի կանգնեցրել: Համոզված լինելով, որ միտինգավորները ճանապարհ կընկնեն մի օր շուտ, երեկվանից սկսվել են ճանպարհազննումները:
Մենք եղանք նաև Գյումրիի ավտոկայանում, որը պատկանում է ԱԺ երիտասարդ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Այստեղ մեծաթիվ ուղևորներ սպասում էին միկրոավտուբուսի, մեր ֆոտոխցիկն արձանագրեց, որ «Երևան» ցուցապաստառի տակ ոչ մի տրանսպորտ չկար:
Ուղևորները դժգոհեցին, որ վաղ առավոտից կանգնելով հոգնել են, մրսել, բայց ոչ մեկը հարկ չի համարում պարզաբանել, թե ինչու է այսպիսի վիճակ: Նրանց ընդամենը շշուկներ էին հասել, որ տրանսպորտը կաշխատի ժամը հինգից հետո, երբ միտինգը կցրվի:
Ուղևորներից շատերը Երևան էին մեկնում երեխաների հետ` շախմատի հանրապետական օլիմպիադային մասնակցելու համար: Նրանցից մեկը, մոտենալով մեզ, անիծեց իշխանությանը` իրենց սառնամանիքին անհույս կանգնեցնելու համար: «Գետինը մտնեք ու չելնեք, միտինգ գնացողները ոտքով էլ ուզեն` տեղ կհասնեն, ինչ եք ուզում սրանով ասել, ում եք ստրուկի տեղ դրել, ինչքան պիտի ձեր արարքներով սրտխառնոց առաջացնեք»:
Մենք ավտոկայանի ավագ ենթակարգավար Գագիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու տրանսպորտ չկա, արդյոք հրահանգ են ստացել: «Սաղ մաշինեքը իրար գլխու հավաքված կանգնած են, հնարավոր չէ անցնելը, ճանապարհին են, կսպասենք, երբ պտի հետ գան, որ նորից Երևան տրանսպորտ ուղարկենք: Բոլոր մեքենաները ուղարկել ենք Երևան, ճանապարհներին խցանումներ են, վարորդներն ահազանգում, ասում են` ստուգումներ են, տասնյոթ մեքենա արդեն ուղարկել ենք: Համ էլ կիրակի է, չմոռանանք, որ ուսանողության օր է` Գյումրիից շատ ուսանողներ կան Երևան գնացող, տրանսպորտի դեֆիցիտ կա»:
Տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու հրահանգի կապակցությամբ Գ. Ավետիսյանն ասաց. «Մեզ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, մեքենաները հերիք չեն անում, այսինքն` տռասներին կանգնած են, առավոտվանից ուղարկել ենք, կանգնած են, լռվել են Աշտարակում, Կոշում, նու, ընդեղ` «Նարեկ» ռեստորանի մոտ, մեքենաներս վերջացել են, Երևանից էլ չեն եկել, որ կարողանամ նորից ճանապարհ դնեմ, թե չէ` պրոբլեմ չկա»:
Մինչդեռ, ճանապարհ դուրս եկած միտինգավորները մեզ հեռախոսով տեղեկացնում էին, որ ճանապարհներին «Տրանս ակնթարթին» պատկանող ոչ մի միկրոավտոբուս էլ չկա կանգնած, իսկ իրենք մեկ ու կես ժամվա փոխարեն Երևան են հասել չորս-հինգ ժամում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել