HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100-ամյա գրադարանը

Այս տարի մայիսին լրանում է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող գիտատեխնիկական գրադարանի 100-ամյակը: 1909թ. մարտին Ալավերդու պղնձաձուլական գործարան փորձաշրջանի ժամանած մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական փոքրիկ գրադարանը սկզբում տեղավորվել է գործարանի գլխավոր ինժեների առանձնասենյակի պահարանում: Դրանք առանձին գրապահոցում այսօր էլ պահպանվում են գրադարանում:

«Գրքերը հիմնականում ֆրանսերեն և անգլերեն լեզուներով էին, որոնք անհասկանալի ու անմատչելի էին տեղացիների համար, գրագետ մարդիկ էլ քիչ էին»,- այսպիսի հիշողություն է թողել նորաստեղծ գրադարանի մասին անվանի մետալուրգ, ինժեներ Վախթանգ Զարապովը: Գրադարանը հատկապես ընդլայնվել է խորհրդային տարիներին` հարստացվել է գրականության ֆոնդը և տրամադրվել է հարմարավետ շենք: Գրական ֆոնդն այժմ կազմում է 110 հազար գիրք, բայց այդ գրադարանում պահվում են գիտատեխնիկական հաշվետվություններ, թարգմանություններ, մասնագիտական և տեխնիկական ամսագրեր, պարբերական մամուլ: Այս գրականությունը մշակելու, դասակարգելու, բիբլիոգրաֆիական ցուցակներ և կատալոգներ (հեղինակային և թեմատիկ) կազմելու գործում իր մեծ ավանդն է ունեցել ՀՀ վաստակավոր գրադարանավար, գրադարանի վարիչ Սերգո Հակոբյանը: Իր 100-ամյա կյանքի ճանապարհին բացառիկ է եղել գիտատեխնիկական գրադարանի դերը Ալավերդիում լեռնամետալուրգիայի զարգացման և որակյալ մետալուրգներ պատրաստելու գործում: «Գրադարանը իմ լավ բարեկամն ու ընկերն է, որն ինձ ուղեկցել է իմ ողջ կյանքի ընթացքում»,- գրադարանի տպավորությունների գրքում հայտնում է լեռնամետալուրգիական կոմբինատի էլեկտրոլիզի արտադրության պետ, վաղամեռիկ Աշոտ Մկրտումյանը: Գիտատեխնիկական գրադարանն ի սկզբանե ունեցել է մեծ ճանաչում, այն 1970 թ.-ից տարածաշրջանում բազային և հենակետային գրադարան է եղել: Ընթերցողների թիվն այստեղ խորհրդային տարիներին հասել է 1200-ի: Ներկայումս ընթերցողների թիվը 800 է: Գրադարանը կապված է եղել 108 հրատարակչությունների և գրքի առաքման կենտրոնների հետ, գրականությունն ամբողջությամբ տեխնիկական է, ունի մետալուրգիական և գիտության առանձին ճյուղերի գրականություն: Խորհրդային տարիներին անհամեմատ մեծ է եղել գիտատեխնիկական գրադարանի դերը լեռնամետալուրգիական որակյալ մասնագետների պատրաստման, նորարարական առաջարկությունների խրախուսման գործում: Այդ տարիներին կոմբինատի 47 աշխատողներ գրադարանի օգնությամբ պաշտպանել են թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ: Վերջին 2-3 տարիներին գիտական աստիճան են ստացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության 3 աշխատողներ: Գրադարանը տեխնիկական գրքերով աջակցել է «Սև պղնձի արտադրությունը» գրքի հեղինակներ Արտեմ Բաբաջանին և Ալեքսանդր Ցեդլերին, «Ծծմբական թթվի արտադրություն» գրքի հեղինակ, Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր լադուշկոյին և ուրիշների: Պատմում են (Տես` «Սովետական Հայաստան» թերթ, 20.11.1975թ.), որ խորհրդային տարիներին, երբ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում ներդրվելիս է եղել ծծմբաթթվի արտադրության կոնտակտային եղանակը, քիմիագործները կանգնել են որոշ դժվարությունների առաջ: Դրանցից մեկն էլ այն է եղել, որ կոնտակտային ապարատներում մշտապես ընկել է ջերմաստիճանը: Գրադարանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է այդ ուղղությամբ եղած նեղ մասնագիտական գրականության վրա: Ուսումնասիրելով այն` արտադրողները եկել են ճիշտ եզրակացության, որ հարկավոր է ավելացնել խտացված օդի մատակարարումը: Գրադարանից մշտապես օգտվել են ինչպես պղնձարտադրության նախկին, այնպես էլ ներկայիս ղեկավարները: «Այսօր էլ նույն ակտիվությամբ օգտվում են գրադարանի գրականությունից, որովհետև արտադրությունը դեռևս այդ գրքերի պահանջներով է ընթանում, տեխնոլոգիան համընկնում է մեր գրականության հետ»,- ասաց գրադարանի աշխատակցուհի Հայկուշ Շաքարյանը: Վերջին անգամ գիտատեխնիկական գրադարանը վերանորոգվել է 15 տարի առաջ: Փաստորեն, այսօր գրադարանի հարուստ գրական ֆոնդի սեփականատերը «Վալլեքս գրուպ»-ն է: Գրադարանի նկատմամբ սեփականատիրոջ վերաբերմունքի մասին Հայկուշ Շաքարյանը հայտնեց. «Միշտ շատ լավ է եղել, լավ են վերաբերվում»: Ըստ նրա` «Վալլեքս գգրուպ»-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը մի քանի անգամ այցելել է գրադարան, թեև գիրք չի վերցրել, բայց հետաքրքրվել է գրադարանի կյանքով: «Գրադարանից ակտիվորեն օգգտվում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը: Նրա ձեռքին այս պահին 15 մասնագիտական գրքեր կան, շատ է օգտվում նաև պղնձաձուլական գործարանի արտադրության պետ Նիկոլայ Պետրովիչը, բոլոր արտադրամասերի պետերը, նաև շարքային աշխատողները, օգտվում են նաև տարածաշրջանի բուհերի, միջնակարգ մասնագիտական հաստատությունների և հատկապես Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները»,- ասում է գրադարանի աշխատակցուհին: Հայկուշ Շաքարյանը գրադարանի մտավորական ընթերցողների շարքում առանձնահատուկ հարգանքով հիշատակեց խորհրդային տարիներին լեռնամետալուրգիական կոմբինատի գլխավոր ինժեներ Վադիմ Կարապետյանին. «Վադիմ Կարպիչը հրաշք մարդ էր, արտակարգ խելացի, ինքը գլխավոր ինժեներ էր, բոլոր ինժեներներին ամեն ամիս հանձնարարություն էր տալիս օգտվել գրադարանի գրականությունից, և նրանք գլխավոր ինժեներին հաշվետվություն էին ներկայացնում իրենց մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ»: Գրադարանի ամբողջ գրականությունը ռուսերեն է, գրադարանի գրքային ֆոնդն էլ ետխորհրդային տարիներին չի թարմացվել: Սակայն ընկերությունը ուշադիր է եղել գրադարանը հրապարակվող մասնագիտական ամսագրերով ապահովելու գործում: րքային ֆոնդի պահպանության վիճակի մասին ուշագրավ է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մետալուրգիական արտադրամասի պետի օգնական Վարուժան Հարությունյանի մտահոգությունը. «Երկու տարի է օգտվում եմ գրադարանից, շատ գոհ եմ: Գիրքը միշտ էլ պետք է, կարծում եմ` ինտերնետը չի կարող փոքրացնել գրքի պահանջը, հատկապես նախկին գրականության պահանջը, որի մասին այսօր ինտերնետից չես կարող իմանալ»: Սակայն գրադարանում չկա գրքի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Գրադարանի 100-ամյակի կապակցությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը և գրադարանը դեռևս որևէ միջոցառում չեն իրականացրել: «Գործարանի վիճակը դեռ շատերը չգիտեն` ինչ է լինելու, ամեն դեպքում, կարծում եմ, ինչ-որ բան կարվի»,- ասաց Հայկուշ Շաքարյանը` մտահոգություն հայտնելով նաև իր աշխատանքային ճակատագրի կապակցությամբ: Նրա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ապրիլի 1-ին, և չգիտի` ինչ է սպասվում ոչ միայն իրեն, այլև գրադարանին: «Անցած այսքան ծանր տարիներին •րադարանից ոչինչ դուրս չի գնացել, և ոչինչ չի պակասել»,- ասաց նա: Գիտատեխնիկական գրադարանը 100 տարվա ընթացքում ոչ միայն Ալավերդու, այլ ամբողջ հանրապետության մակարդակով տեխնիկական գրականությունը մասայականացնող, կադրեր պատրաստող օջախ է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter