Տնտեսական ճգնաժամը, թե՞ դոլարի ցածր փոխարժեքն է կանգնեցնում արտադրությունը
«Գորգը միշտ էլ համարվել և այժմ էլ համարվում է ինտերիերի կարևոր և թանկ բաղկացուցիչներից մեկը, մանավանդ 100%-ով բրդյա, ձեռագործ, բնական հումքով գործած գորգերը: Մարդիկ այժմ էլ ուզում են գորգ գնել, բայց նրանց գնողունակությունը նվազել է»,- ասում է 1994թ-ից Հայաստանում գործող «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերության գլխավոր տնօրեն Արման Գրիգորյանը:
Գորգագործությամբ զբաղվող ընկերությունն իր արտադրանքի 95%-ը արտահանում էր Ամերիկա, այնտեղից ԱՄՆ-ի տարբեր նահանգներ և Եվրոպական երկրներ: Սակայն տնօրենն ասում է, որ այս պահի դրությամբ իրենց արտադրության ծավալները 80-85 %-ով նվազել են:
«Մենք այսօր համարյա արտադրանք չենք տալիս, և’ ԱՄՆ-ում, և’ ամբողջ Եվրոպայում գորգ գնելը երկրորդային է դարձել: Մարդիկ առաջ կարող էին իրենց թույլ տալ տան համար գորգ գնել ապա այժմ, ճգնաժամի պայմաններում, նրանք ունեն ավելի կարևոր խնդիրներ»,- համոզված է Ա. Գրիգորյանը:
Հայաստանում ընկերության արտադրած գորգերը եւս գնում են արտասահմանցիները` հատկապես դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Արման Գրիգորյանը փաստում է, որ իրենց արտադրանքի ծավալների և վաճառքի նվազման առումով սեպտեմբերից սկսած տնտեսական ճգնաժամը միայն երկրորդ փուլն է, քանի որ իրենք սկսել են վնասներ կրել 2006թ-ից, երբ դրամը արժևորվեց դոլարի նկատմամբ`դառնալով մոտ 300 դրամ և նպաստեց գորգի ինքնարժեքի թանկացմանը 2-2.5 անգամ:
«Մեր արտադրած ձեռագործ գորգերը, որոնք միջազգային շուկայում հայտնի են եղել որպես լավագույն բրդյա գորգեր, ուղղակի չդիմացան մրցակցությանը, քանի որ նույն արժեքով վաճառվում են ուզբեկական եւ պարսկական մետաքսից գորգերը: Հնարավոր է պարսկական մետաքսյա գորգը 20%-ով թանկ լինի, բայց մետաքսյա գորգերը ավելի բաձր են գնահատվում են աշխարհում, քան թե բրդյա գորգերը»,- ասում է նա:
Արտադրության նվազման պատճառ դառնում է նաև նյութի բավականին թանկն լինելը. «Բրդյա թելը մենք հիմա ձեռք ենք բերում 3000 դրամով, որը այսօրվա պայմաններում 10 դոլար է, իսկ մի քանի տարի առաջ 5 դոլար էր, այսինքն` արժեքները չի փոխվել դոլարի կուրսի իջեցման հետ կապված, դրամային արժեքները մնացել են նույնը, բայց կուրսը իջել է, և քանի որ մենք արտահանում ենք, հետո այդ ամեն ինչը վերածում ենք դոլարի և ստանում են ինքնարժեք, որպեսզի հետո վերավաճառենք դրսում, դրա համար ինքարժեքը բարձրացել է»,-բացատրում է Արման Գրիգորյանը:
Ընկերության արտադրած գորգերի գները հիմնականում տատանվում 110-200 հազար դրամի միջակայքում` պայմանավորված գորգի խտությամբ:
Ըստ Արման Գրիգորյանի` իրենց գործունեության լավագույն տարիներին ընկերություն արտահանել է 8000 քմ գորգ, իսկ հիմա այդ ծավալները իջել են մինչև 100-120 քմ: Այսինքն` եթե ժամանակին ընկերությունը գործում է ամսեկան 40-50 գորգ, ապա այժմ գործում է 2-3 գորգ և համարում, որ պատվերներ չկան:
Հենց այդ պատճառով էլ նախկինում աշխատող 500-600 գորգագործներից արտադրամասերում մնացել են մոտ հարյուրը «չնչին պատվերների կատարման համար», մյուսներն ազատվել են աշխատանքից: Արման Գրիգորյանի խոսքերով` աշխատող 100 գորգագործների աշխատավարձը չի նվազել:
Ընկերության 3 արտադրամասերը գործում էին Գեղարքունիքի մարզի Լճաշեն ու Կարմիր գյուղերում և Ճամբարակ քաղաքում. «Մի քանի օր առաջ Ճամբարակի արտադրամասը բերեց իր վերջին արտադրանքը և փակվեց, Լճաշենը մարտի կեսերին կփակվի, կմնա միայն Կարմիր գյուղի արտադրամասը»:
Ի դեպ Երևանում գտնվող գլխամասում էլ, որտեղ կատարվում են բուն գորգագործությունից բացի բոլոր մյուս աշխատանքները, 30 աշխատակիցներից մնացել են 7-ը:
Վերջերս կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է գորգագործությամբ զբաղվող ընկերություններին ազատել շահութահարկ և ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություններից: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը, նշեց, որ «գորգագործությամբ զբաղվող ընկերությունները փակման շեմին են և դա կարող նրանց համար փրկություն լինել»:
Չնայած օրենքի նախագծերը դեռևս չեն ընդունվել, բայց «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունում արդեն հաշվարկել են, որ այդ հարկերից ազատումը կբերի իրենց արտադրած գորգերի ինքնարժեքի 25 տոկոս իջեցման, «բայց դա բավավար չէ, որ արտադրության ծավալներն աճեն ու դառնան նույն քանակի, պետք է դոլարի փոխարժեքը բարձրանա 100-150 դրամով, որ մենք կարողանանք արտադրանքը շարունակել, բացի այդ դրա հետ մեկտեղ պետք է դրսից պահանջարկ լինի»,-ասում է Ա. Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը անիմաստ է համարում հարկերից ազատման հիմանավորումներից մեկը, որ կանանց զբաղվածությունը գորգագործության ոլորտում կարող է կարևոր նշանակություն ունենալ թրաֆիկինգի կանխարգելման առումով: Հենց ԱԺ-ում նման պարզաբանում էր տվել նախարար Ն.Երիցյանը: «Ես չեմ պատկերացնում գորգագործն ինչքան աշախատավարձ պետք է ստանա, որ եթե որոշել է թրաֆիկինգով զբաղվել, հրաժարվի այդ մտքից: Եթե փոփոխությունների նպատակը դա եղել, ապա անիմսատ նպատակ է եղել»,- ասում է նա:
Ընկերությունում այժմ կանխատեսումներ չեն անում է: Նրանք սպասում են, թե երբ տնտեսական ճգնաժամը կզիջի իր դիրքերը կամ դոլարի կուրսը կփոխվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել