Մայրենիի տոն կրթության և գիտության նախարարությունում
Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց պետական, հասարակական, կրթության և մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների: Նախարարը, ողջունելով ներկաներին, առավել կարևորեց մայրենիին նվիրված միջոցառումների շարունակականությունը:
«Այս արագ փոփոխվող աշխարհում բոլոր ազգերն ու պետությունները ջանքեր չեն խնայում պահել, պահպանել և ուրիշներին ներկայացնել իրենց մայրենին` սեփական արժեհամակարգերը: Մեզ համար այս տոնի խորհուրդը հատկանշական ու կարևոր է նաև նրանով, որ մենք ինքնության պահպանման խնդիր ունենք: Այդ է պատճառը, որ նախարարությունն առավել ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում այս հարցերին: Այսօր մենք փորձում ենք արժեվորել ամենատարբեր ոլորտների այն ներկայացուցիչների գործունեությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահպանում և գալիք սերունդներին են փոխանցում մեր մայրենին»,-ասել է նախարարը:
Պարգևատրվողների անունից խոսք է ասել ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մ. Հովյանը, ով շնորհակալություն հայտնեց նախարարությանն ու անձամբ նախարարին` մայրենիի նկատմամբ հոգատար ու հետևողական վերաբերմունքի համար:
Արարողության ավարտին նախարարը, հանձնելով շնորհակալագրերն ու պատվոգրերը, հույս է հայտնել, որ մայրենիի անաղարտության նվիրյալների թիվը մեր հասարակության մեջ օրեցօր կաճի: ԿԳ նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, նախարարության պատվոգրերով պարգևատրվել են.
Լեռնիկ Հակոբյան- ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Մարինե Հովյան- ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ
Ալինա Խաչատրյան- «Արմենիա» ՀԸ «Հայրենիք-Սփյուռք» հաղորդաշարի հեղինակ և վարող
Գայանե Սաֆարյան- Վաղարշապատի թիվ 7 դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Հրաչյա Գևորգյան- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
Սուսաննա Սաֆարյան- ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի
Արծրուն Ավագյան - ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր
Մարիետա Լազրյան- Տավուշի մարզի Չորաթանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով պարգևատրվել են.
Լիլիթ Հարությունյան- ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ
Եսայիլ Թադևոսյան- ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության վերահսկողության բաժնի պետ
Մարիա Կոշկակարյան- Երևանի Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի գլխավոր գրադարանավար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել