HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կառավարությունը կհաղթահարի՞ կարմիր կետերը

Այսօր տեղի ունեցավ  Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան Շահառուների խորհրդի հանդիպումը Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Նախարարը  ներկայացրեց կառավարության նախագիծը: Նախագիծը ներկայացնում է Հայաստանի կատարողականի բարելավման ուղիները, ըստ այն 16 ցուցանիշների, որոնք ներկայացնում է Հազարամյակների մարտահրավերներ հիմնադրամը: ՀՄՀ-Հայաստան գործադիր գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը ասում է, որ վերջին կատարողականների տեսանկյունից «Հայաստանի դիրքերն այնքան էլ լավ չեն, քանի որ կան կարմիր կետեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Կառավարության ծրագիրը, որն այսօր կներկայացնի նախարարը, ուղի կմատնանշի,  թե ինչպես բարելավել այդ կարմիր կետերը»: Կարմիր կետերը քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտին են վերաբերում: Հայաստանի քաղաքական ոլորտի կատարողականի հիմնական խոչնդոտներն են` ընտրական գործընթացի հանդեպ հանրության ունեցած վստահության ակնհայտ պակասը: Ընտրությունների կազմակերպումը բավականաչափ թափանցիկ եւ անկողմնակալ չի իրականացվում, նախընտրական քարոզչության ընթացքում բոլոր թեկնածուների համար չեն ապահովվում հավասար պայմաններ, կուսակցության ֆինանսավորման մասին դրույթներն օրենսդրությամբ չեն նախատեսվում, ընդդիմության դերն էլ պետության քաղաքական կյանքում աննշան է, ինչը փոխելու համար կառավարությունն առաջարկում է ընդդիմության իրավունքների ամրագրման վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Ըստ անհրաժեշտության, ընդդիմության որոշակի իրավունքների ամրագրում օրենսդրությամբ, մինչեւ 2009թ, 4-րդ կիսամյակ: Քաղաքացիական ազատությունները եւս վտանգված են. նախընտրական քարոզչության ընթացքում մամուլի ազատությունը սահմանափակված է, հեռարձակվող մամուլի վրա ուժեղ է իշխանությունների ազդեցությունը, ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունքը պրակտիկայում հաճախ սահմանափակվում է: Կառավարությունը վերջին բացը լրացնելու համար առաջարկում է լիազոր մարմնի կողմից ցույցեր եւ երթեր  անցկացնելու  թույլտվության մերժման հիմքերի եւ պայմանների հստակեցում: Կառավարման արդյունավետությանը խոչընդոտում է այն, որ ցածր է պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, ցածր է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Կոռուպցիայի վերահսկողության խնդիրներից են ՀՆԱ-ում հարկային  եկամուտների ցածր մասնաբաժինը, հարկային օրենսդրության բարդ լինելը: Հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերն էլ կոռուպցիոն ռիսկեր են կրում, իսկ հարկային ադմինիստրացիայի մակարդակը չափազանց բարձր է, հարկ վճարողների սպասարկման մակարդակը` ցածր, մաքսային ձեւակերպումների կատարման ընթացակարգերը երկար են տեւում, ինչը կարգավորելու համար նախատեսվում է օրինակ տնտեսական գործունեություն իրականացնող  սուբյեկտների եւ մաքսային ծառայողների միջեւ շփումների նվազեցում: Առողջապահական ծախսերի առումով էլ ոչ պաշտոնական եւ պաշտոնական ծախսերի  տարբերությունը չափազանց  մեծ է, նաեւ ցածր է առողջապահության հատկացումների մասնաբաժինը ՀՆԱ-ում, իսկ շրջաններում բժշկական ծառայություններն անմատչելի են մասնագետների պակասի պատճառով: Կառավարությունն էլ առաջարկում է  մշակել ՀՆԱ-ում առողջապահական ծախսերի մասնաբաժնի ավելացման ծրագիր, ներդնել կորպորատիվ կառավարման համակարգ, իսկ հանրապետության մարզերն էլ նախատեսվում է ապահովել որակյալ բիշկներով: Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ կարմիր կետերը պայմանավորված են «երկրի  եկամտի կատեգորիայի փոփոխմամբ, այսինքն` ցածր եկամուտի երկրից միջին եկամուտի երկիր ենք դարձել: Միջոցառումներն էլ, ինչպես նախարարն է տեղեկացնում, կազմել են` «օգտվելով տարբեր ինդեքսներից»: Իսկ թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ՀՄՀ-ն Հայաստանի նկատմամբ պետդեպարտամենտի զեկույցից հետո գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել: Նա միայն տեղեկացրեց, որ մարտի 11-ին տեղի կունենա կորպորացիայի խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի նաեւ Հայաստանի հարցը:  «Մենք աշխատում ենք այնպես, ինչպես մինչեւ այսօր»,- եզրափակեց Ա.Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter