Քաղաքաշինությունը եւ արդարադատությունը` ամենակոռումպացված ոլորտներ
«Կոռուպցիայի արդյունավետ նվազեցման համար անհրաժեշտ է որդեգրել համապարփակ մոտեցում, այդ թվում` ստեղծել և իրականացնել կառավարման համակարգեր և կանոնակարգեր, որոնք կխոչընդոտեն կոռուպցիոն դրսևորումները և կդարձնեն առավել նկատելի»,- ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը այսօր Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի բացման ժամանակ:
Այն գործարկելու է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Այսօր բացված կենտրոնը, ըստ Մարի Յովանովիչի, նախատեսվող 11 կենտրոններից 5-րդն է, որը մի փոքրիկ ներդրում է`աջակցելու Հայաստանի հանրությանը և Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում: «Կոռուպցիայի դեմ պայքարը մի օրում չի կարելի ավարտել, բոլոր երկրներում էլ խնդիրներ կան, բայց կարևոր է, որ այդ խնդիրները բաց կերպով կարգավորվեն, սա պետք է լինի գերակա խնդիր»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Նորաբաց կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ կենտրոնն աջակցելու է քաղաքացիներին կոռուպցիայի դեմ պայքարում` դրանով իսկ նպաստելով պետության հակակոռուպցիոն քաղաքականությանը: Ըստ նրա` կենտրոնն աշխատելու է 3 ուղղություններով` իրավաբանական աջակցություն, որի շրջանակներում գործելու է թեժ գիծ (080001110) և անվճար խորհրդատվություն քաղաքացիներին:
«Մենք հետամուտ ենք լինելու քաղաքացիների կողմից իրականացվող քայլերին և պետական կառուցների կողմից համապատասխան արձագանքին, ընդհուպ դատարաններում պաշտպանելու ենք քաղաքացիներին, փորձելու ենք գտնել այն օրենսդրական թերությունները, որոնք հնարավորություն են տալիս պետական պաշտոնյաներին շրջանցելու կամ չկատարելու իրենց պարտականությունները և ներկայացնելու ենք համապատասխան առաջարկություններ, իրազեկելու ենք քաղաքացիներին իրենց իրավունքների մասին, որպեսզի իրենք կարողանան պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ արդեն գործում են Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում:
Սոնա Այվազյանի խոսքերով` իրենք արդեն հասցրել են 20 բողոք-դիմում ստանալ: Դրանք վկայում են, որ քաղաքացիները կոռուպցիոն դրսևորումների հետ ամենաշատը բախվում են արդարադատության ու քաղաքաշինության ոլորտներում:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ամալյա Կոստանյանն էլ հավելեց, որ համակարգային կոռուպցիա ունեցող երկիրը կարող է կոռուպցիայի դեմ պայքարել, եթե ունի քաղաքական կամք: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են հակակոռուպցիոն պայքարի թիրախ ընտրված միայն ցածր մակարդակի պետական պաշտոնյաները և փոքր ու միջին բիզնեսը. «Ինչու ընտրական հակամարգը, օլիգարխիկ տնտեսությունը, վերահսկվող լրատվամիջոցները, ոտնահարվող մարդու իրավունքները և կախյալ արդարադատության համակարգը չեն դառնում հակակոռուպցիոն պայքարի թիրախ»:
Ըստ Ա. Կոստանյանի` առանց 3 ուղղություններով` կանխարգելում - դատապարտում - իրազեկում համակարգված աշխատելու` դժվար է ակնկալել որևէ հաջողություն կոռուպցիայի դեմ պայքարում: Իսկ դրա համար, ըստ նրա, պայքար ձեռնակողը պետք է լինի պետությունը, հասարակական կազմակերպությունները աջակցողի դերում պետք է հանդես գան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել