Ճգնաժամն արցախյան ծրագրերի վրա չի ազդել
ԼՂՀ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Ղարաբաղում ծրագրեր է իրականացնում 2004 թվականից: Ծրագրերն իրականացվում են հանրապետության մի շարք բնակավայրերում եւ տարբեր ուղղություններով` մշակույթ, կրթություն, առողջապահություն, վերաբնակեցում եւ այլն:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ազդեցություն ունեցե՞լ է նախատեսված ծրագրերի շարունակման վրա, հնարավո՞ր է ծրագրերի կրճատում, թե ոչ: Ի՞նչ ընթացքում են աշխատանքները: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԼՂՀ ԹԲՀ-ի փոխտնօրեն Արմեն Սարգսյանից:
Նրա խոսքերով` հիմնադրամի ծրագրերը վերանայվել են ոչ թե ճգնաժամի պատճառով, այլ դոլարի անկման հետ կապված: Արցախում իրականացվող ծրագրերում էական փոփոխություններ չեն եղել, ավելին` հիմնադրամին հաջողվել է մի քանի բարերարների եւս ընդգրկել տների վերանորոգման եւ այլ ծրագրերում: Ա.Սարգսյանի տեղեկացմամբ` նոր բարերարների հովանավորությամբ շուրջ 15 տուն կվերանորոգվի Քաշաթաղի շրջանում: Բացի այդ, Թուֆենկյան հիմնադրամը կվերանորոգվի եւս 10 տուն: Տեղեկացնենք, որ 2008թ. հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանում 9 տուն է վերանորոգվել:
Հիմնական շեշտը, հիմնադրամի ներկայացուցչի հավաստմամբ, շարունակվելու է դրվել Քաշաթաղի շրջանում տների վերանորոգմանն ու բնակիչների համար աշխատատեղերի ապահովմանը:
Այնուամենայնիվ ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է հիմնադրամի գործունեության վրա, սակայն ոչ թե ծրագրերի, այլեւ ադմինիստրատիվ ծախսերի մասով: «Մենք ձգտում ենք հնարավորինս սեղմել ադմինիստրատիվ ծախսերը»,-ավելացրել է Արմեն Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել