HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կբացվեն 217 բնակավայրերում

02_03-officeՓետրվարի 24-ին Դիլիջանի քաղաքապետարանում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), որը հանրապետության 217 համայնքներում հիմնվող գրասենյակներից առաջինն էր: Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կհիմնվեն հանրապետության 48 մարզային քաղաքներում, Երեւան քաղաքի բոլոր 12 թաղապետարաններում, 24 խոշոր եւ 157 գյուղական համայնքներում (վերջիններս ծրագրում ներգրավվել են` ըստ բնակչության միջին թվի ցուցանիշի):

Գերմանիայի Դաշնությունում գործող այս մոդելը Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) ֆինանսական աջակցությամբ մեր հանրապետությունում տեղայնացնում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հ/կ-ն: Հ/կ նախագահ Գրիշա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներառված 217 համայնքներն արդեն ստացել են համապատասխան թվով համակարգիչներ ու տեխնիկա: Գ. Խաչատրյանի ասելով` որոշ տեղերում համակարգիչների քանակը նախատեսվածից քիչ կլինի, որովհետեւ որոշվել է ծրագրում ավելի մեծ թվով գյուղական համայնքներ ներգրավել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ տեղեկատվական կառավարման էլեկտրոնային համակարգով հետաքրքրված են շատ գյուղական համայնքներ, որոնք ներգրավված չեն եղել ծրագրում եւ իրենց համակարգիչը բերում են, որպեսզի համակարգը տեղադրեն: Նրանց համար նաեւ անվճար ուսուցում են անցկացնում կենտրոնում: Կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանն ընդգծեց, որ ՔՍԳ ստեղծման հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների` քաղաքացիների համար իրականացվող սպասարկումն առավել դյուրին, թափանցիկ եւ արդյունավետ դարձնելն է, համայնքային նշանակության կարեւոր որոշումների ընդունմանը քաղաքացիների մասնակցությունն ակտիվացնելը: Այդ գրասենյակները բարելավում են համայնքի կառավարման մարմինների կողմից իրականացվող սպասարկումը: Համակարգն օգտագործողները կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերը, հիմնարկ-ձեռնարկություններն ու կազմակերպությունները, քաղաքացիները: Պրն Խաչատրյանը հայտնեց, որ մինչեւ ապրիլի 10-ը համակարգը տեղադրված կլինի Երեւան քաղաքի բոլոր թաղապետարաններում եւ 150 գյուղական համայնքներում: Ծրագրի գերակշիռ մասը մինչեւ աշուն արված կլինի: ՀԿ նախագահը նշեց, որ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը էլեկտրոնային կառավարման համակարգ է եւ առայժմ կգործի լոկալ միջավայրում: Քաղաքացիները կկարողանան տեղեկատվությունը ձեռք բերել այդ նպատակով հատկացված քաղաքապետարանների եւ համայնքապետարանների սրահներում: Գրասենյակը բաղկացած է երկու մասից` քաղաքացիների ընդունման մաս եւ քաղաքացիների սպասարկման մաս: «Մենք հիմնել ենք ավտոմատացված համակարգ, որը գործիք է հանդիսանում ՏԻՄ աշխատակազմերի համար: Այս համակարգի միջոցով նրանք վարում են իրենց ողջ գործունեությունը, եւ դրանք փաստացի դառնում են պաշտոնական արդյունքներ` ավագանու նիստերն են վարում, ղեկավարի կարգադրություններն են կատարում, որոշումները, խորհրդակցությունների արձանագրությունները, բյուջեն են վարում համակարգում տեղադրված համապատասխան ծրագրի միջոցով եւ այլն»,- ասաց հ/կ նախագահը: Համակարգի միջոցով հանրությանը հասանելի է դառնում ամբողջ տեղեկատվությունը եւ, հ/կ նախագահի համոզմամբ, հնարավոր չէ, օրինակ, ավագանու որոշումներից մեկը տեղադրել, մյուսը` բաց թողնել: «Եթե աշխատեն այս համակարգով, ուրեմն բոլոր տեղեկությունները պետք է լինեն: Մենք օրենսդրական դաշտն ամբողջությամբ ուսումնասիրել ենք եւ ձգտել ենք նրանց աշխատանքն ավտոմատացնելու մեծ հնարավորություններ ստեղծել` քաղաքացիներին հնարավորինս շատ տեղեկություններ հասանելի դարձնելու նպատակով»,- ասաց կենտրոնի նախագահը: Իհարկե, դեռեւս ամբողջ աշխատանքն ավտոմատացված չէ, կան բնագավառներ, որոք համակարգված չեն, օրինակ` աճուրդները, որոնք չափազանց խոցելի են եւ կոռուպցիոն մեծ ռիսկ են պարունակում, տեղ չեն գտել համակարգում: Մեր դիտարկմանը, թե այս համակարգի տեղադրումը ՏԻՄ-երի կառավարման համակարգում առաջընթաց լինելով հանդերձ, այնուամենայնիվ, դեռեւս լիովին չի ապահովում հանրությանը տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը, քանի դեռ դրանք չեն վերածվել կայքերի` ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ որոշ թաղապետարաններից նախաձեռնություն կա, որ դրանք կայքերի վերածվեն, եւ շուտով դա կլինի: Պրն Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ տեղեկությունների քանակն այնքան շատ է, որ դեռեւս չեն շտապում այն կայքերի վերածել եւ ներկայումս ավելի շատ ուշադրություն են դարձնում համակարգի կայացմանը, որպեսզի քաղաքացիների համար որոշակի ծառայություններ հասանելի լինեն, նյութեր լինեն նրանց տրամադրելու համար: «Փաստաթղթաշրջանառությունը եթե չապահովվի, քաղաքացիները չեն կարող օգտվել»: Միաժամանակ ավելացրեց, որ համայնքապետարաններից շատերը կադրային խնդիրներ ունեն` չունեն համակարգչային մասնագետներ, որոնք կարողանան տեղադրված համակարգը գործարկել: «Տարիների ընթացքում կհասնենք դրան, աշխատակազմը պետք է պատրաստ լինի, աշխատակազմի մտածելակերպը պետք է փոխվի եւ պատրաստ լինեն համայքի ղեկավար դառնալուն»,- հայտնեց զրուցակիցս: Համակարգում նյութերն ավտոմատ են համալրվում, այսինքն` եթե նախկինում գործավարությունը վարվում էր թղթով, հիմա կարվի համակարգչի միջոցով: Համայնքի ղեկավարի գործառույթները` հողի վարձակալական վճարներ, համայնքային գույքի կառավարում եւ այլն, այսուհետ կարվի այս ծրագրի միջոցով: Համակարգչի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչպես են տրամադրվում լիցենզիաները (թույլտվության), ինչպես գրանցվել քաղաքապետի եւ այլ պաշտոնյաների մոտ ընդունելության համար, ստանալ քաղաքապետի եւ ավագանու որոշումները, որ հաշվեհամարին փոխանցումներ կատարել եւ որքան գումար վճարել, տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալ համայնքապետարանների եւ իրենց հետաքրքրող այլ նորությունների վերաբերյալ: Նախկինում տեղեկանքը պետք է ձեռագրով գրվեր, հիմա օրենքի պահանջներով տիպային տեղեկանքի ձեւ է մշակված, որի մեջ անձնական տվյալները լրացնում են ու տրամադրում: Քաղաքացին կարող է տեսնել նաեւ, թե իր դիմումը երբ է մուտք արվել, ում է մակագրվել, երբ կարող է պատասխանը ստանալ եւ այլն: Կա «Հաճախակի տրվող հարցեր» բաժինը, ֆորում, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել, կարծիքները եւ պահանջները ներկայացնել: Պրն Խաչատրյանի ասելով` համայնքապետարաններում մինչեւ այժմ տույժեր հաշվելու մեթոդը չկար, թեկուզեւ ասվում էր, բայց իրականում ոչ մի տույժ չի հաշվառվել եւ չի կիրառվել, ներկայիս համակարգը տալիս է այդ հնարավորությունը: Նույնատիպ կառավարման համակարգ է մշակվել նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների համար, որի գործարկման աշխատանքները նախատեսվում են ապրիլ ամսից: ՔԿԱԳ-ներին արդեն էլեկտրոնային կառավարման համակարգը տրամադրվել է, ուսուցում է անցկացվել, որպեսզի այսուհետ ՔԿԱԳ ամբողջ գործառույթն իրականացվի համակարգչով` ակտերի, վկայականների, տեղեկանքների տրամադրում եւ այլն:

Շուշանիկ Մակարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter