HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում քաղցկեղով հիվանդները հոգեմետ դեղերը գնում են

Քաղցկեղով հիվանդ ծեր կինը դեղերը ստանալու փոխարեն դրանք գնում է դեղատնից: Նրա բողոքները` իր հիվանդության դեպքում անվճար բուժսպասարկման մասին, միայն վերջերս արձագանք գտան, երբ բուժող բժիշկներն այդ հարցով որոշեցին դիմել Աողջապահության նախարարություն: Սեդա Յավրյանը 78 տարեկան է: Մեկուկես տարի առաջ նրա մոտ ուղիղ աղիքի նախագոյացություն` քաղցկեղ է հայտնաբերվել: Հիվանդության հայտնաբերմամբ նրան հաշմանդամության երկրորդ` անժամկետ կարգ է տրվել:

ՀՀ Կառավարությունը դեռ տասը տարի առաջ սահմանել է հասարակության այն խմբերի եւ հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները, նաեւ չարորակ նորագոյացություններով (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր) հիվանդները եւս դեղերը ստանում են անվճար: Սեդա Յավրյանն անվճար սկզբունքով բուժվող եւ դեղեր ստացող հիվանդներից է, սակայն ամեն անգամ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նրա համար դեղատոմս գրելով, ուղարկել է դեղատնից այն գնելու: Նա միայնակ է ապրում: Միակ որդին ընտանիքով ութ տարի առաջ մեկնել է Ռուսաստան: Հիվանդ կնոջը խնամում է դուստրը, որն իր ընտանիքն ունի ու հասցնում է օրվա մեջ այցելել մորը, բայց` ոչ գիշերել: «Գիշերները մեկ-մեկ շտապօգնություն եմ կանչում, ես էլ դիմավորում եմ, գալիս են ու զարմանում, թե հիվանդն ինչպես կարող է դիմավորել: Ի՞նչ անեմ»,- ասում է նա: Սեդային Երեւանում ախտորոշելիս առաջարկել են վիրահատություն` 1700 դոլարի դիմաց: Նա էլ հրաժարվել է, քանի որ բժիշկը դրական փոփոխության երաշխիքներ չի տվել: Ծեր կնոջ առողջական վիճակն այժմ բավարար է` հիվանդությունից պաշտպանվելու միակ տարբերակը ուժեղ ցավազրկողներն են: Սկզբնական շրջանում հիվանդի ցավերը մեղմում էին սովորական ցավազրկողները, որոնք անվճար տրամադրում էր թաղամասային պոլիկլինիկան: Արդեն երեք ամիս է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ Նարինե Քալաշյանը նշանակել է «Տրամադոլ» կոչված դեղամիջոցը` ներերակային սրսկման եւ հաբերի տեսքով օգտագործելու համար: «Բաղադրատոմսը գրեց ու ասաց, որ դեղը գնելու եմ»,- ասաց տկն Սեդան եւ ավելացրեց, որ այլընտրանք չունենալով` ամսական 8.000-10.000 դրամ է ծախսում դեղերի համար: Անվճար դեղեր ստանալու մասին նրա բողոքները անցած ամիսներին օգուտ չեն տվել, փոխարենը դիսպանսերում ամեն անգամ բաղադրատոմս լրացնելով` նրան ուղարկել են դեղատուն, իսկ պոլիկլինիկայում էլ բացատրել, թե իրեն անհրաժեշտ դեղամիջոցը տալու իրավասություն իրենք չունեն: ՀՀ կառավարության 2004 թ. որոշման համաձայն` առողջապահության նախարարը հաստատել է ինչպես անցած, այնպես էլ այս տարվա` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման չափորոշիչները»: Դրանց համաձայն` հակաուռուցքային դիսպանսերային բուժհաստատություններն անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում իրականացնում են` «չարորակ նորագոյացություններով հիվանդների անվճար դեղամիջոցներով ապահովումը` ՀՀ առողջապահության նախարարի կողմից կենտրոնացված ճանապարհով ձեռք բերված հակաուռուցքային դեղամիջոցներով, իսկ այդ հիվանդներին սիմպտոմատիկ դեղամիջոցները տրվում են տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ համապատասխան մասնագետի կողմից»: Սիմպտոմատիկ դեղամիջոցները ցավազրկող, հանգստացնող, թմրեցնող ազդեցություն ունեն: Դրանց շարքին են պատկանում նաեւ հոգեմետ դեղամիջոցները, որոնք ուռուցքով հիվանդների համար ունեն ցավազրկող ազդեցություն: ՀՀ առողջապահության նախարարությունում նշում են, թե ուռուցքով հիվանդներին ցավազրկող, այդ թվում` հոգեմետ դեղերը տրամադրում են պոլիկլինիկաները: Նախարարի մամլո քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը նշում է, որ «Տրամադոլը» եւս տրամադրում են պոլիկլինիկաները: Ստացվում է, որ նախարարի հրամանը կիրառվում է ամբողջ հանրապետությունում, բայց ոչ` Վանաձորում: Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սիլվա Նազարյանն ասում է, թե իրենք անվճար սկզբունքով դեղեր ստացող հիվանդներին միայն ցավազրկողներ են տրամադրում, հոգեմետ դեղերը, ինչպիսին է նաեւ «Տրամադոլը», պոլիկլինիկան իրավասու չէ հատկացնել, քանի որ չունեն ո՛չ ուռուցքաբան, ո՛չ էլ նման ծառայություն: Դիսպանսերում այլ կարծիքի են: «Մի շարք դեղեր, այդ թվում նաեւ սիմպտոմատիկ` ցավազրկող դեղերը, տրամադրում են պոլիկլինիկաները: Ինձ համար լավ կլիներ, որ իմ հիվանդներին ես դեղեր հատկացնեի` այստեղ-այնտեղ իզուր չընկնեին»,- մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ Նարինե Քալաշյանը: Վերջինս «Տրամադոլը» համարում է ուժեղ ցավազրկող, որը կիրառվում է որպես հոգեմետ դեղամիջոց: Ուռուցքաբանական բաժանմունքի վարիչը հավատացնում է, թե այս դեպքում ինքը պետք է բաղադրատոմս գրի, որի հիման վրա պոլիկլինիկան պարտավոր է դեղամիջոցը հատկացնել հիվանդին, կամ էլ հիվանդը նախարարության հետ պայմանագիր կնքած դեղատնից ստանա պահանջվող դեղամիջոցը: Նա նշում է, որ իրենց հիվանդանոցին եւ հատկապես իրենց բաժանմունքին պետությունը միջոցներ է տրամադրում քիմիոթերապիայի, լաբորատոր հետազոտության եւ ընդհանրապես հակաուռուցքային միջոցների համար: Ցավազրկողների ու հոգեմետ դեղերի համար գումարները Առողջապահության նախարարի հրամանով տրամադրվում են թաղամասային պոլիկլինիկաներին: Մինչդեռ Վանաձորի պոլիկլինիկաները հիվանդներին հատկացնում են միմիայն ցավազրկողներ` առանց հոգեմետ ազդեցության: Խնդիրն այն է, որ մեկուկես տարի առաջ Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերը միացվեց թիվ 1 հիվանդանոցային համալիրին: Վերամիավորումից հետո սիմպտոմատիկ դեղամիջոցների տրամադրումը փոխանցվեց պոլիկլինիկաներին, որոնց, սակայն, ուռուցքաբանի ծառայություններ չտրվեցին: Մինչ այժմ էլ Վանաձորի պոլիկլինիկաները չունեն ուռուցքաբան, նաեւ` ուռուցքաբանի ծառայություններ, իսկ այլ բժշկական հաստատության` այս դեպքում Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուռուցքաբանական բաժնի դեղատոմոսով դեղ, հատկապես հոգեմետ դեղ, հատկացնելու իրավունք չունեն: Այդ է պատճառը, որ Վանաձորի 12 ուռուցքով հիվանդները հոգեմետ դեղերը գնում են դեղատներից: «Իրավապահ մարմինները կսկսեն հետաքրքրվել, թե ինչու ենք հոգեմետ դեղ դուրս գրել` առանց համապատասխան մասնագետի առկայության»,- ասում է պոլիկլինիկայի տնօրենը: Սեդա Յավրյանի բժշիկը` Նարինե Քալաշյանը, նկատում է, որ անալգետիկ խմբին պատկանող դեղամիջոցները հենց ցավազրկման համար են: Բժշկուհին շեշտեց, որ ուռուցքներով հիվանդներին հոգեմետ դեղամիջոցները նշանակում են հենց ցավերը մեղմելու համար: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը քաղցկեղով հիվանդ կնոջ այս խնդիրը համարում է թյուրիմացություն` ասելով, թե հարցը կլուծվի, եւ նա այլեւս դեղերը չի գնի: Նրանք պատրաստվում են նամակ հղել Առողջապահության նախարարին` հարցին վերջնական լուծում տալու համար: 78-ամյա տկն Սեդան առանց «Տրամադոլ» ընդունելու ի վիճակի չէ անգամ տեղաշարժվել: Ամսական 39 հազար դրամ հիվանդության թոշակից 8.000-10.000 դրամը ծախսելով դեղերի վրա` հազիվ կարողանում է հացի խնդիր լուծել: Դժվար է քայլում` ցավերը թույլ չեն տալիս: Երեք սենյականոց բնակարանում միայնակ ապրելն ավելի է սրում նրա հիվանդությունը` հատկապես, երբ ստիպված է այստեղ-այնտեղ վազվզել, որպեսզի պարզի, թե, ի վերջո, որտեղից եւ երբ է ստանալու ցավերը քիչ թե շատ մեղմող դեղամիջոցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter