Կապանի ավագանին հաստատեց տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
Ի տարբերություն նախորդ երկու դռնփակ նիստերի, փետրվարի 12-ին կայացած Կապան համայնքի ավագանու նիստը դռնբաց էր: Օրակարգում տարվա կարեւորագույն փաստաթղթի` 2009 թ. բյուջեի հաստատումն էր ու նախորդ տարվա` 2008 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ընդհանրապես ֆինանսական նման փաստաթղթին տրվող` իրատեսական, հավակնոտ, սոցիալական ուղղվածություն ունեցող, ոչ դյուրին ու այլ բնութագրիչներից Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն ընտրեց իրատեսականը: Եթե խոսելու լինենք թվերի տեսքով, ապա Սյունիքի մարզկենտրոնի 2009 թ. բյուջեով եկամուտներ են նախատեսված 822 մլն 321 հազար դրամի չափով, որը 2008 թ. բյուջեի հաստատված մուտքերը` 568 մլն 959 հազար դրամ, գերազանցում է 41.9 %-ով: Ընդհանուր եկամուտների տեսակարար կշռի 39.8 %-ը կազմում են ընթացիկ եկամուտները, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 65.5 %-ով կամ 127 մլն 103 հազար դրամով: Ընթացիկ եկամուտների տեսակարար կշռի 35 %-ը բաժին է ընկնում հարկերին եւ տուրքերին, 65%-ը` այլ եկամուտներին: Ինչ վերաբերում է անցած` 2008 թ. բյուջեի կատարողականին, ապա մուտքերի գծով հաստատվել է 638 մլն 979 հազար դրամ, ճշտված բյուջեն կազմել է 772 մլն 125 հազար դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է 664 մլն 964 հազար դրամ: Կապանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադեւոսյանի տեղեկատվությամբ` նախորդ տարվա բյուջեն գոյացել էր նաեւ շենք-շինությունների օտարումից առաջացած եկամուտներով: Քանի որ արդեն այդպիսի տարածքներ գրեթե չկան, քաղաքի գլխավոր ֆինանսիստի համոզմամբ` այս տարի հիմնական եկամտային աղբյուրը պիտի որ լինի ստվերային առեւտուրը, թաքնված եկամուտները հարկային դաշտ մտցնելը: Ավագանու նիստում հաստատվեց նաեւ Կապան քաղաքի 2009-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը, որը կազմում է մոտ 5.4 մլրդ դրամ: Իհարկե, ծրագրում եղած շատ նախաձեռնություններ հնարավոր է իրականացնել միայն դոնոր կազմակերպությունների շնորհիվ: Նշենք, որ փետրվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Գորիսում հանդիպելով Սյունիքի մարզի համայնքների ղեկվարների հետ` անընդունելի համարեց, որ համայնքային բյուջեներն ընդունվել են փետրվարին: Վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքը` նա ասաց, որ դրանք ամենաուշը դեկտեմբերի կեսին պիտի հաստատված լինեին: Փոխվարչապետի ասածը տարակուսանք առաջացրեց համայնքի ղեկավարների մոտ: «Եթե մենք մեր պարտականությունները ստանձնել ենք նոյեմբերի 13-ից, ինչպե՞ս կարող էինք դեկտեմբերի կեսին բյուջե հաստատել: Չէ՞ որ ժամանակ է պետք ծանոթանալու, քննարկելու, առաջարկություններ անելու»,- մեզ հետ զրույցում նշեցին համայնքների նորընտիր ղեկավարները, բայց փոխվարչապետի մոտ չբարձրաձայնեցին իրենց մտահոգությունը:
Իրատես ու անկեղծ քաղաքապետը
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Ա. Աթայանը անկեղծացավ ու փաստեց, որ բյուջեի կազմումը տեւել է 2 ամիս, եւ որ հաստատված բյուջեն միտված է Կապանն ավելի բարեկարգ ու մաքուր պահելուն: «Բակային հավաքարարների թիվը կավելանա 50-ով, նրանց ամսական աշխատավարձը կդառնա 40 հազար դրամ: Սանմաքրման տեխնիկական հավաքակայանին ավելանալու է եւս երեք մեքենա` երկու աղբատար եւ մեկ ձյուն մաքրող մեքենա, ինչպես նաեւ նոր աղբարկղեր ենք պատվիրել, որոնք կառաքվեն Գլենդելից»,- ասաց քաղաքապետը: Նշենք նաեւ, որ ավագանու նիստում կառուցվածքային փոփոխություն կատարվեց կոմունալ տնտեսության համակարգում: Ավագանու որոշմամբ` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 2 կոմունալ ծառայությունների գործառույթներն իրականացնելու է «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկը: Կապանի քաղաքապետի խոսքով` զգալի ներդրումներ կլինեն քաղաքի տնտեսության մեջ, կնորոգվեն մոտ 25 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ինչպես նաեւ տեղական բյուջեից հատկացումներ կարվեն մշակույթի ու սպորտի զարգացմանը:
Հապճեպություն նախկին որոշումներում
Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած գրադարանների խնդրին` քաղաքապետն ասաց, թե մի քանի գրադարաններ փակելով` սոցիալական պայթյուն չի առաջանա, քանի որ գրադարանավարն իր աշխատավարձը կարող է ստանալ սոցիալական նպաստի տեսքով: Քաղաքում գործում է 18 գրադարան, որից 5-ը` ծայրամասային թաղամասերում: Ուսումնասիրվել է դրանց բեռնվածությունը, գրքային ֆոնդը, ընթերցողների թիվը: Սակայն նախապես հայտարարված կրճատումներն առայժմ չեն լինի, քանի որ գրքային ֆոնդը պետք է պահպանել, ինչն առայժմ պատրաստ չեն անել քիչ աշխատակիցներով: Ի դեպ, ապագայում ծրագրերը շատ են. քաղաքապետարանը մտադիր է Կապանում ունենալ 4-5 գրադարան` հագեցած ժամանակակից համակարգչային տեխնիկայով, ինտերնետ-կապով: Մնացյալ գրադարանների ճակատագիրը կորոշեն կապանցիները: Ներկայումս Կապանի բոլոր գրադարանները գործում են: Նախորդ` 2008 թ. դեկտեմբերի 12-ի ավագանու նիստի որոշման կապակցությամբ, որով կրճատումներ նախատեսվեցին քաղաքապետարանի ենթակայության հաստատություններում, Ա. Աթայանը նկատեց, որ որոշումները կայացնելիս շտապողականություն են ցուցաբերել: «Իհարկե, կառուցվածքային փոփոխություններ կլինեն նաեւ քաղաքապետարանի աշխատակազմում, եւ շուտով կներկայացվի աշխատակազմի լավագույն տարբերակը»,- ասաց քաղաքապետը:
Անդրադառնալով քաղաքապետարանի ունեցած պարտքերին` Ա. Աթայանն ասաց, որ այն կազմում է մոտ 90 մլն դրամ, որը մարելու համար ժամանակացույց է կազմվել, եւ 3 ամսում այն կզրոյացվի: Իբրեւ իր նախորդից մնացած լավ ժառանգություն` քաղաքապետը համարեց աշխատակազմը: «Քաղաքապետարանի աշխատակազմում կան արհեստավարժ մասնագետներ, որոնց հետ կարելի է ճանապարհ գնալ եւ լուրջ ծրագրեր իրականացնել»:
Մեկնաբանել