ՏԻՄ ընտրություններից առաջ «ներվում են» բոլոր պարտքերը
Շիրակի մարզի Ազատան գյուղի գլխավոր փողոցի երկարությամբ արդեն 3 ամիս է աղբարկղեր են տեղադրված: Գյուղ մտնող միկրոավտոբուսում կողքիս նստած կինը՝ ազատանցի Ալվարդ Հարոյանը, շտապում է տեղեկացնել, որ դա նոր համայնքապետի նորամուծություններից է: «Առաջ ինչ էր, զիբիլը կտանեինք, կլցնեինք առուն, սաղ գյուղի երեսը ցելաֆոն էր,- պատմում է տիկին Ալվարդը,- ոռոգման սեզոնին էլ գեղացոնց լցրած զիբիլի երեսից խցանումներ կեղնեին: Տարիներ շարունակ էդ վիճակն էր: Հիմի լավ է, կբերենք, կուլտուրական կթափենք: Ինչ Վարդանը գյուղապետ է ընտրվել, գյուղն էլ մաքրվել է»:
2008 թ. ՏԻՄ ընտրություններում 15 տարվա համայնքապետ Կարուշ Ազատյանին հաղթած Վարդան Իկիլիկյանը հավաքագրած սեփական եկամուտների հաշվին 4 մլն 300 հազար դրամով համայնքի համար ձեռք է բերել աղբատար մեքենա եւ 10 աղբարկղ: Ըստ ազատանցիների` Ազատանի նման հարուստ համայնքը այս նախաձեռնությունը ավելի վաղ կարող էր ցուցաբերել, ասենք` 2007 թ., երբ բյուջեն ոչ թե կատարել, այլ գերակատարել էին 150 %-ով: Իսկ 2008 թ. 10 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կտրուկ ընկել էր`հասնելով 25 %-ի: Շիրակի մարզպետարանի Ֆինանսատնտեսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում նմանատիպ աճպարարությունը բացատրում են ՏԻՄ ընտրություններով: «Սովորաբար, որպեսզի հարկավոր քանակությամբ ձայներ ապահովեն, համայնքապետերը ընտրական տարում այնքան էլ չեն ձգտում հարկերը հավաքել, մի խոսքով` չեն ուզում մարդկանց նեղացնել,- բացատրում է վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը,- Ազատանի պարագայում էլ նույնն է եղել, սակայն նորընտիր համայնքապետը մեկ ամսվա ընթացքում ցուցանիշը կարողացավ հասցնել 88 %-ի: Ցանկության խնդիր է»: Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ ինքնագործունեության հեղինակներին չի խանգարում անգամ ավագանին, որն իբրեւ թե զսպաշապիկի դեր պիտի կատարեր: Մարդկանց չեն անհանգստացնում հարկահավաքությամբ, վերջիններս էլ համայնքապետից պահանջներ չունեն: Միայն թե տարիներով փորձած մեթոդն Ազատան համայնքում անցած ընտրություններին արդյունք չէր տվել, ընտրվել էր նախկին համայնքապետի հակառակորդը: «Ես ցավում եմ, որ մարդիկ փոփոխությունների են գնում միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին,- ասում է Հովսեփ Սիմոնյանը,- երբ համայնքապետի կամայականությունները համայնքը տանում են լճացման, ու դա զգում է հենց սովորական բնակիչը: Երբ մարդը 15 տարի մի տեղ աշխատում է, լճանում է: Դրա համար փոփոխությունները լավագույն տարբերակն են»: Այն, որ Ընտրական օրենսգիրքը սահմանափակումներ չի դնում, ոչ բոլոր համայնքների ղեկավարների դեպքում է արդարացված. այսպիսի միտք արտահայտեց պրն Սիմոնյանը` բերելով հենց Ազատանի օրինակը: Նորընտիր համայնքապետն ընտրվելուց անմիջապես հետո հանդես է եկել նախաձեռնություններով եւ մի շարք ծրագրերով, որոնք հնարավոր է իրականացնել սեփական եկամուտների հաշվին: Մի բան, որ նախորդի օրոք, հատկապես վերջին տարիներին, տեսանելի չի եղել: Ազատանի ներկայիս համայնքապետը նախկին ղեկավարի օրոք եղել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ հստակ պատկերացում ունի, թե սեփական եկամուտներով ինչ աշխատանք կարելի է կատարել համայնքում: «Առաջիկա մեկ տարում ուզում եմ համայնքի եկամուտների հաշվին նոր համայնքապետարան կառուցել, ոչ շատ մեծ, մի 5-6 սենյակ, որպեսզի ներկայիս շենքում, որը մենք հիմա զբաղեցնում ենք, մանկապարտեզ բացենք,- քառամյա ռազմավարական պլանից որոշ մանրամասներ է ներկայացնում Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- գյուղում 150 մանկահասակ երեխա կա, նրանցից 60-ը վերջին տարիներին հաճախում են Գյումրիի «Մանկիկ» նախակրթարան: Սեփական մանկապարտեզ ունենալն այդ խնդիրը կլուծի»: Գյուղում մանկապարտեզ գործել է 1950-ական թվականներից: Շենքը վերանորոգման կարիք ունի ու այդ պատճառով երկար տարիներ մատնված է եղել պարապուրդի: Համայնքապետը որոշել է հավաքագրած գումարների հաշվին հիմնանորոգել շենքը եւ բացել արվեստի դպրոց: Ընտրվելուց հետո նոր համայնքապետը 350 մ նոր ճանապարհ է կառուցել գերեզմանատան համար: Սակայն ամենամեծ նորարարությունը «մինի ժողովներն» էին Ազատանում: 20-25 հոգանոց խմբերով նորընտիր համայնքապետը հավաքում էր Ազատանի բնակիչներին եւ ծանոթացնում Հողային օրենսգրքին, իրենց իրավունքներին ու պարտականություններին: Արդեն մի քանի ցուցատախտակ է պատվիրել, դրանք տեղադրվելու են գյուղի տարբեր մասերում` բնակիչներին ավագանու որոշումների ու համայնքապետարանի ծրագրերի մասին տեղեկացնելու նպատակով: Իկիլիկյանի կարծիքով` ոչ թափանցիկ աշխատաոճը ցանկացած համայնքապետի խանգարելու է լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները: «124 մլն ապառք ունենք` կուտակված 1995 թ.-ից: Ժամանակին նախկին համայնքապետը չի ցանկացել գյուղացիների խաթրին կպնել ու չի հավաքել, հիմա այդ գումարի վրա բավականին մեծ տուգանքներ են եկել»,- ասում է համայնքապետը: Ինքը փորձելու է անպայման հավաքել գոնե մայր գումարը, բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, ներկայացնում այն ծրագրերը, որոնք հնարավոր է իրականացնել սեփական եկամուտների հաշվին: «Տարվա սկզբին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետարանում հանդիպեց մի քանի համայնքապետերի հետ, ինձ էլ էին կանչել,- պատմում է Վարդան Իկիլիկյանը,- ու այդ խորհրդակցության ժամանակ զգուշացրին, որ եթե համայնքապետը սեփական եկամուտների գծով թերանում է, ապա տվյալ համայնքին հատկացվող դոտացիան կրճատվում է 50 %-ով: Մեզ այս տարի 37,5 մլն դրամ դոտացիա են տվել, իսկ անցյալ տարի ընդամենը 25,1 մլն էր: Ի վերջո, պիտի հասկանանք, որ ինչ մուտքեր էլ լինեն բյուջե, մեր օգուտն է, այսինքն` դրանից համայնքն է օգտվում»: Ազատանի համայնքապետը ափսոսանքով հիշեց նաեւ 2005 թ. կառավարության որոշումը, որով իրենց պատկանող հողատարածքներից 450 հա անհատույց տրվեց Գյումրիին, որի մեջ նաեւ «Շիրակ» օդանավակայանն էր: «Անցած 4 տարիներին տարեկան 7 մլն դրամի հողի հարկ ու գույքահարկ էր տալիս օդանավակայանը, առանց որեւէ փոխհատուցման զրկվեցինք այդ գումարներից: Ի վերջո, ցանկացած գումար համայնքի զարգացման գրավականն է, եթե, իհարկե, համայնքապետը դա հասկանում է»,- զրույցը եզրափակեց Ազատանի նորընտիր համայնքապետը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել