Ընտրովի բարերարություն
Շիրակի մարզի Ողջի գյուղում Լոնդոնի «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամի հիմնած մանկապարտեզը 2009 թ. հունվարից կրկին չի գործում: Հիմնադրամի անդամներից Շահեն Զեյթունցյանը 2003 թ.-ին գյուղում առանձնատուն էր գնել այդ նպատակով, վերանորոգել` ծախսելով մոտ 27 հազար ԱՄՆ դոլար: Նորաբաց մանկապարտեզ էին հաճախում նաեւ հարեւան Հայկավան եւ Մեղրաշատ գյուղերի փոքրիկները: Հիմնադրամը պարտավորվել էր մանկապարտեզը ֆինանսավորել 5 տարի եւ 2003 թ. սեպտեմբերից մինչեւ 2007 թ. դեկտեմբեր ամիսը այն, հիմնադրամի կանոնավոր ֆինանսավորման շնորհիվ, անխափան գործել է
(տես` Փակվել է Ախուրյանի վարչատարածքի միակ գյուղական մանկապարտեզը, Ողջիի մանկապարտեզը վերաբացվել է): 2008 թ. հունվարից ֆինանսների բացակայության պատճառով մանկապարտեզը դադարեց գործել: Մանկապարտեզի դռներն ութ ամիս կողպված էին: Մարզային իշխանություններին այդ փաստը բնավ չէր մտահոգում: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ հիմնադրամի ու մանկապարտեզի տնօրենները շարունակում են միջոցներ փնտրել մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար: Դիմումներ էին հղել Շիրակի մարզպետին, հանդիպել, քննարկել խնդիրը: Այդ նախաձեռնությանը միացանք նաեւ մենք` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը` անթույլատրելի համարելով նշված գյուղերում միակ նախակրթարանի փակվելը: ՀՀ կառավարությանն ու հանրապետության նախագահին ուղղված մեր դիմումները նույնպես վերահասցեագրվեցին Շիրակի մարզպետին` լուծում գտնելու ակնկալիքով: Ի վերջո, մարզպետ Լիդա Նանյանը սեպտեմբերի առաջին օրերին իր մոտ հրավիրելով «Մանկապարտեզ» հիմնադրամի տնօրեն Շ. Զեյթունցյանին եւ մանկապարտեզի տնօրեն Ժ. Առաքելյանին` հայտնել էր, որ մարզպետարանը հնարավորություն ունի համաֆինանսավորել մանկապարտեզը եւ ամսական 200 հազար դրամ հատկացնել իբրեւ աշխատավարձ: Մարզպետը հավաստիացրել էր, որ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզը համարում են վերաբացված: Մանկապարտեզի հիմնադիրները կատարեցին իրենց ստանձնած պարտավորությունները` վերանորոգեցին մանկապարտեզը, ապահովեցին սնունդը, մանկապարտեզը կրկին ջերմացավ 22 մանկան քրքիջով, սակայն ... մարզպետարանն այդպես էլ չփոխանցեց խոստացված աշխատավարձը: Պարզեցինք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեվար, տարածքային կառավարման նախարար, ֆինանսների նախարար, Շիրակի մարզպետ խաչաձեւ գրություններն ավարտվել են ՀՀ ֆինանսների նախարարի մերժողական պատասխանով: Նախարար Տիգրան Դավթյանը չի խրախուսել մանկապարտեզը համաֆինանսավորելու Շիրակի մարզպետի առաջարկը` գրելով. «Մանկապարտեզները հանդիսանում են համայնքային սեփականություն, ուստի դրանց պահպանման ու ֆինանսավորման խնդիրները համայնքների իրավասության շրջանակներում են եւ դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասություններից»: Իհարկե, որքան դժվար էր մանկապարտեզի աշխատակիցներին բացատրություն տալ, թե ինչու նրանք չեն վարձատրվելու իրենց երկու ամսվա աշխատանքի դիմաց, նույնքան դժվար էր մանկապարտեզի վերաբացումով խանդավառված երեխաներին բացատրություններով տուն ուղարկելը: Մանկապարտեզը գործեց եւս չորս ամիս ու տարեմուտի հանդեսով կրկին ավարտեց իր գործունեությունը: Շիրակի մարզպետարանի ՏԻՄ-երի եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը չի պատկերացնում, թե խնդիրն ինչպես պիտի լուծվի: Ճիշտ է, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով մանկապարտեզները համայնքային ենթակայության են, սակայն Ողջիի դեպքում շենքն անհատի սեփականությունն է, համայնքապետարանի հաշվեկշռում չի գտնվում: Դրա համար էլ իրենք որեւէ լծակ չունեն համայնքապետի վրա ազդելու: «Ճիշտ հասկացեք, որ համայնքում մանկապարտեզ բացվի` էդ համայնքապետը կդառնա մեր աչքի լույսը,- հավատացնում է պրն Աբրահամյանը,- սակայն մարզպետարանը չի կարող ստիպել, որպեսզի Ողջիի համայնքապետն իր միջոցներով մանկապարտեզ պահի, դա նշանակում է պետությունը խառնվեց ՏԻՄ կառավարման գործին»: Խնդրի կապակցությամբ, անցած տարի ամռանը, Շիրակի մարզպետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին հրավիրվել է միայն Ողջիի համայնքապետը: Վերջինս իր ֆինանսական հնարավորություններն է ներկայացրել եւ հրաժարվել բարերարի սկած գործը շարունակելուց: Ամասիայի վարչատարածքի Ողջի գյուղի համայնքապետը մեզ հայտնեց, որ իր համար առաջնահերթը գյուղի խմելու ջրագծի կառուցումն է ու գազիֆիկացումը: Նրա հավաստմամբ` գյուղի 220 ընտանիքից 20-25-ն են ապահովված խմելու ջրով, գյուղ բերող ճանապարհը քարուքանդ վիճակում է, գազիֆիկացման ծրագիր ընդգրկվելու հայտ են ներկայացրել: «Սոցվճար, աշխատավարձ, կուտակված պարտքերն եմ մարում, դեռ 480 հազար դրամ բյուջետային պարտք ունեմ, հավաքագրած գումարներով հազիվ դրանք եմ տալիս, ի՞նչ մանկապարտեզ,- արդարանում է Ողջիի համայնքապետ Սարգիս Ավագյանը,- մենակ անցյալ տարի եմ կարողացել բյուջեն 95 %-ով կատարել: 8,5 մլն դրամ է հավաքվել, 1,5 մլն էլ պետական դոտացիան էր ու ասեմ, որ էդ գումարն էնքան էլ շատ չի, որ մի հատ էլ մանկապարտեզի հոգս կարողանանք հոգալ»: Ողջիի համայնքապետն, այնուամենայնիվ, չհրաժարվեց համաֆինանսավորման գաղափարից: Ինքն արդեն կարող է իրեն թույլ տալ տարեկան 300 հազար դրամի չափով ֆինանսավորել մանկապարտեզը: «Մեր գյուղից մինչեւ անցյալ տարի ինքնաթիռ նստող չի եղել, նկատի ունեմ` խոպան գնացող չի եղել, անցած տարի նոր դուրս եկողներ ունեցանք, տարվա վերջին փող մտավ գյուղ: Դրա շնորհիվ է, որ բյուջեն անցյալ տարի կարողացել եմ կատարել: Չեք պատկերացնի, գյուղի 50 %-ից ավելին համայնքապետարանին պարտք է, մարդիկ կան` 600 հազար դրամից ավել պարտքեր ունեն, եթե չմուծեն, ես որտեղի՞ց մանկապարտեզ պահեմ»: Մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը չեն հրավիրվել ո՛չ Մեղրաշատի, ո՛չ Հայկավանի համայնքապետերը: Մեղրաշատի համայնքապետ Վահրամ Սաղաթելյանն ասաց, որ ինքը հաճույքով կմասնակցեր, եթե իրեն էլ հրավիրեին, անգամ առաջարկություն կաներ: «Ես որպես համայնքապետ շատ գոհ եմ եղել Ողջիի մանկապարտեզից: Համայնքապետարանում աշխատող 7 ծնող ունենք, որ էդ ընթացքում խնդիրներ չեն ունեցել, հանգիստ աշխատել են,- պատմում է Վահրամ Սաղաթելյանը,- մի վարորդի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել, վճարում էինք, մի մասը` ծնողները, մի մասը` համայնքապետարանը, որպեսզի երեխաներին տանի-բերի»: Որպեսզի մեղրաշատցի 8 փոքրիկներ շարունակեն հաճախել Ողջիի մանկապարտեզ, Վահրամ Սաղաթելյանը պատրաստ է իր բյուջեից տարեկան 150-ից 200 հազար դրամ տրամադրել կամ օգնել բնամթերքով. «Մենք անցյալ տարի բյուջեն 100 %-ով ենք կատարել` 7 մլն 900 հազար մուտք ենք ունեցել, 1 մլն դրամ էլ պետական դոտացիան էր, շատ չի, բայց պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի մանկապարտեզը շարունակի գործել»: Անգամ խոշոր գյուղական համայնքների ղեկավարները գերադասում են բյուջեում առկա գումարներն ուղղել առաջնահերթության տեսակետից իրենց համար առավել կարեւոր խնդիրների լուծմանը: Համայնքապետերը քառամյա ռազմավարական պլան կազմելիս իբրեւ առաջնահերթ խնդիր հիմնականում նշում են` ճանապարհների բարեկարգում, գազիֆիկացում, ջրագիծ եւ այլն: Շատ քչերն են ձգտում վերականգնել մշակութային օջախները, իսկ ծախսատար մանկապարտեզների մասին խոսք անգամ լինել չի կարող, հատկապես աղքատ գյուղական համայնքներում: Տարիներ առաջ, երբ երաժշտական դպրոցները եւս դարձան համայնքային ենթակայության, մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանն ուղղակի պատերազմ հայտարարեց դպրոցները փակող համայնքապետերին եւ որոշ համայնքներում հասավ հաջողությունների: «Եթե համայնքապետի համար ջութակի հնչյունները «ճզր-վզր» են, նույն համայնքապետն էնքան կարճ մտածողություն ունի, որ չի մտածում` գոնե իմ երեխաները սովորեն, թե ինչ բան է դասական երաժշտությունը: Մարդ, եթե սեփական գոմից էն կողմ աշխարհ չի տեսել, գոնե էնքան լայնախոհ պիտի լինի, որ ապագա սերնդին նույն բանը չմաղթի»: Հ. Գ. - Ողջիի մանկապարտեզի հարցը քննարկելիս մեծ ու փոքր պաշտոնյաներն ամեն անգամ շեշտում են մանկապարտեզի մասնավոր լինելը, կարծես, եթե այն համայնքային ենթակայության լիներ, անպայման միջոցներ կհատկացվեին: Շիրակի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` մարզի 116 գյուղական համայնքներից ընդամենը 21-ում են մանկապարտեզները գործում, եւ այն շինությունները, որոնք ծառայում են այդ նպատակին, հիմնականում զուրկ են տարրական կենցաղային պայմաններից: Տվյալ դեպքում անտեսվում է ամենակարեւորը` խոսքն այստեղ ոչ թե շահույթ հետապնդող կազմակերպության մասին է, այլ` բարերարության: «Մանկապարտեզ» հիմնադրամը ներդրում է կատարում մատաղ սերնդի կրթական-դաստիարակչական աշխատանքը կազմակերպելու համար, որին ամենանախանձախնդիրը տեղական իշխանությունները պետք է լինեն: Այն պնդումները, թե այդ շնորհակալ գործին մասնակցելու իրավական ճանապարհը չեն տեսնում, քանի որ մանկապարտեզը մասնավոր անձին պատկանող շինություն է, պարզապես հարցից խուսափելու պատրվակ են: Հանրապետության գրեթե բոլոր համայնքապետարաններն ամեն տարի կլորիկ գումար են փոխանցում, օրինակ, «Բազե» համահայկական հիմնադրամի տարեկան խաղերը կազմակերպելու համար կամ գումարային պարգեւ են հատկացնում դպրոցների ուսուցիչներին, երբ նրանք համայնքային ենթակայության հիմնարկներ չեն եւ չեն ֆինանսավորվում համայնքային բյուջեներից: Նման օրինակներ շատ կարելի է ներկայացնել: Այնպես որ, բարեգործության համար, այն էլ տվյալ համայնքում բնակվող երեխաների կրթական-դաստիարակչական գործը կազմակերպելու համար, հազիվ թե որեւէ օրենք խոչընդոտ հանդիսանա: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվեր, եթե բոլոր բարերարները մտածեն այնպես, ինչպես մեր երկրի մեծ ու փոքր չինովնիկները. հազիվ թե հենց Շիրակի մարզում քարը քարին դրվեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել