HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ինչու հիվանդը պետք է վճարի բժշկի սխալն ուղղելու համար»,-հարցնում է հիվանդը

Ռոդնեյ Սաղիյանը 75 տարեկան միայնակ թոշակառու է, 2-րդ կարգի հաշմանդամ, նախկին բռնադատված: Նա սիրում է կարդալ, գրել, երկար տարիներ լրագրող էր: Մեկ տարի առաջ նրա ձախ աչքի տեսողությունը վատացավ, եւ բժիշկները խորհուրդ տվեցին վիրահատել: Սակայն վիրահատությունից հետո նա ոչինչ չի տեսնում վիրահատված ձախ աչքով: 2007 թ. նոյեմբերի 15-ին ամերիկյան մի ծրագրի շրջանակներում Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվել է ձախ աչքի

վիրահատություն` պղտորված ոսպնյակի հեռացում եւ գլաուկոմային պրոցեսի կայունացման համար հեղուկ արտահոսքի նոր ուղու բացում: Նախքան վիրահատությունը Ռոդնեյ Սաղիյանին եւ եւս 20 հիվանդի 65 000 դրամ է տրվել, որը նրանք վճարել են կենտրոնի գանձարկղ` մատուցվելիք բժշկական ծառայությունների համար: «Նախքան վիրահատությունը ես խնդրել եմ բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանին տեղադրել երկու շունտ եւ փափուկ ոսպնյակ, չնայած դրան` նա տեղադրեց կոշտ ոսպնյակ, առանց դեղին ֆիլտրի: Այդ ֆիլտրը դրվում է, որպեսզի չեզոքացնի կապույտ սպեկտրը»,- ասում է Ռ. Սաղիյանը: Ըստ նրա` առանց իր համաձայնության տեղադրված կոշտ ոսպնյակը պատճառ է դարձել, որպեսզի պատկերները երկակի տեսնի. «Քսան դոլարանոց ոսպնյակը, որը տեղադրել են իմ աչքում, չի համապատասխանում իմ աչքի չափին, չնայած նախքան վիրահատությունը ես ստուգում անցա, եւ արդյունքները գրանցված են ամբուլատոր քարտում, որը, ինչպես ինձ հետո ասացին, կորել է: Համոզված եմ` քարտը «կորցրել» են, որպեսզի չվկայի այն մասին, որ չափսերը չեն համապատասխանել»: Ռ. Սաղիյանը բազմիցս դիմել է Առողջապահության նախարարություն եւ իր դիմում-բողոքի պատասխանը ստացել միայն 7 ամիս անց` ստորագրված նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հայկ Գրիգորյանի կողմից: Պատասխանում նշվում է, թե վիրահատությունը կատարվել է ամերիկյան մասնագետների հետ համատեղ, իսկ մասնագետների տվյալ խումբն էլ երկու շունտ, որպես կանոն, չի պատվաստում, եւ հիվանդին շունտերի քանակի վերաբերյալ ոչ մի երաշխիք չի տրվում: «Ոսպնյակի ուժի համապատասխանության հաշվարկի տվյալները գրանցված են ամբուլատոր քարտում, քարտը գտնվում է հիվանդի մոտ»,- գրել է Հ. Գրիգորյանը: Ռոդնեյ Սաղիյանն ասում է, որ վիրահատության հաջորդ օրը աչքն այտուցվել է, եւ գոյացել է շերտ, ինչի պատճառով էլ այժմ նույնիսկ 5մ հեռավորության վրա չի կարողանում տարբերակել երթուղայինի համարը կամ էլ աստիճանի եզրը. «Բանն այն է, որ հաջորդ օրը ինձ ոչ մի հակաբորբոքային նշանակում չեն կատարել` բավարարվելով միայն զննությամբ»: Առողջապահության նախարարության պատասխանում նշվում է. «Վիրահատությունից հետո առաջին օրը արձանագրվել է տեսողության լավացում 2 տողով, հետվիրահատական անհրաժեշտ բուժումը նշանակելուց հետո հիվանդը դուրս է գրվել: Հերթական այցելության ժամանակ հայտնաբերվել է հիվանդի տեսողության անկում 2 տողով եւ ներակնային բորբոքման հետքեր` հիվանդի կողմից անհրաժեշտ դեղորայք չօգտագործելու պատճառով»: Սակայն հիվանդը ձեռքի տակ ունի նշանակումների թուղթը, որը նրան տրվել է վիրահատությունից երեք օր անց միայն` նոյեմբերի 19-ին: Սաղիյանը պատմում է, որ այդ օրը, չդիմանալով ուժգնացող ցավին եւ ջերմության անընդհատ բարձրացմանը, գնացել է ակնաբուժական կենտրոն, որտեղ նրան զննել է Լիլիթ Ոսկանյանը եւ նշանակել երկու դեղամիջոց երկու ամիս օգտագործելու նպատակով. «Դեղամիջոցը ինձ տվեց բուժքույր Նեկտարը 2000 դրամով (ի դեպ, դեղատներում «Օֆտան Դեքսամետազոն» եւ «Ցիպրոֆլոկսացին» դեղամիջոցներն արժեն 1600 դրամ)»: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրինությունն էլ հակառակն է պնդում. «Բոլոր հետվիրահատական հաճախումները եւ դեղորայքային բուժումը իրականացվել են անվճար, հիվանդի վերջին այցելությունը կլինիկա գրանցվել է 2008 թ. փետրվար ամսին` տեսողությունը` 0-9 տող /նորմայում 10 տող/, դրանից հետո հիվանդը 5 ամիս բժշկի չի այցելել» (մինչեւ հուլիս - Շ.Ս.): Սակայն հիվանդի ամբուլատոր քարտի պատճենում որպես վերջին այցելության ամսաթիվ  ամրագրված է մայիսի 5-ը, այլ ոչ թե հուլիս ամիսը: «Դեկտեմբերի վերջին, երբ պարզվեց, որ գոյացած շերտը չի վերացել, Լիլիթ Ոսկանյանը նշանակեց «Դիկլոֆենակ» եւ «Ատրոպին» դեղամիջոցները եւ երկու ամիս անց շերտը վերացավ: Այդ ընթացքում ես ծախսեցի 40 000 սեփական գրպանից, եւ ինձ մոտ հարց է ծագում, թե ինչու հիվանդը պետք է վճարի իր փողերով բժշկի սխալը ուղղելու համար»,- հարցնում է միայնակ թոշակառու Ռոդնեյ Սաղիյանը: Վիրահատությունից հինգ ամիս անց Լիլիթ Ոսկանյանն ասել է, թե պատկերը երկակի է բորբոքման պատճառով, չնայած հիվանդը հակառակն է պնդում. «Պատկերի երկակի դրսեւորումը կոշտ, այլ ոչ թե փափուկ ոսպնյակի տեղադրման արդյունք է»: Ներկայացված բողոքին ի պատասխան` Առողջապահության նախարարության տեղեկանքում նշվում է, թե օպտիկական տեսակետից փափուկ եւ կոշտ ոսպնյակները առանձնապես չեն տարբերվում, մինչդեռ, ըստ հայտնի ռուս ակնաբույժ, ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի, Գլաուկոմայի եվրոպական միության անդամ Յուրի Գուսեվի տվյալների (www.doctorgusev.ru)` կոշտ ոսպնյակի չափսը երեք անգամ ավելի է փափուկ ոսպնյակից, այսինքն` պահանջում է ավելի մեծ կտրվածք, որի պատճառով առաջանում է սպի, իսկ վերջինս էլ տեղաշարժում է աչքի օպտիկական կենտրոնը: Միաժամանակ, փափուկ ոսպնյակի չափսը ընդամենը 2.6 մմ է, եւ տեղադրումն իրականացվում է առանց կար դնելու, որն էլ երաշխավորում է իրերի բնականոն պատկերում, իսկ որ ամենակարեւորն է` կոշտ ոսպնյակները համարվում են «էժանագին»` ընդամենը 15-20 ԱՄՆ դոլար: «Արդյունքում այնպես է ստացվել, որ իմ կյանքի բնականոն ընթացքը խաթարվել է, իմ ակտիվ կյանքը` գիրք կարդալ, դիտել հեռուստացույց, նաեւ տնային գործերի իրականացումը դարձել է անհնարին, այսօր ես կարող եմ հավակնել հաշմանդամության առաջին կարգին»,-ասում է Ռոդնեյ Սաղիյանը: Մալայանի անվան կլինիկայից պատասխանում են, թե օգտագործված Ralen ոսպնյակը, որը կիրառվում է վերջին 3-4 տարիներին, վիրաբույժների կողմից դժգոհություններ չի առաջացրել. «Սաղիյանի մոտ հայտնաբերվել է բացանկյունային խորացած գլաուկոմա, որը չի կոմպենսացվում հակագլաուկոմատոզ դեղորայքային համալիր բուժմամբ, ինչը հանգեցնում է տեսողության անդառնալի եւ սաստկացող կորստի»: Նաեւ նշվում է, որ վիրահատությունը կատարվել է Ամերիկյան հումանիտար ծրագրի միջոցներով, բացառապես այցելուի հետաքրքրությունների շրջանակում, քանի որ առանձին վիրահատությունները հիվանդի համար կհանգեցնեին ավելի մեծ ֆինանսական, բարոյական եւ բժշկական խնդիրների: Կլինիկայի տված մեկնաբանության առաջին մասը կարծես հակասում է երկրորդին. Մի կողմից նշվում է, որ հայտնաբերված գլաուկոման չի կոմպենսացվում բուժմամբ, մյուս կողմից` թե առանձին վիրահատությունները կհանգեցնեին ավելի մեծ ֆինանսական խնդիրների: Սաղիյանն ասում է, որ տարբերությունը կկազմեր 25 000 դրամ. «Ես կարող էի ավելացնել համապատասխան գումարը, ցավոք, ամեն ինչ պարզ դարձավ ուշացումով»: Ելնելով վերը նշվածից` Ռ. Սաղիյանը երկրորդ աչքի վիրահատությունը հետաձգել է մինչեւ ամերիկյան կոլեգաների գալը: Ռ. Սաղիյանը բողոքում է նաեւ կլինիկայի սանիտարական վիճակից. «Մեկ անգամ էլ չեմ տեսել, որպեսզի բժիշկներից մեկը կամ բուժքույրը լվանա ձեռքերը, նրանք իրար հետեւից ստուգում են տարբեր հիվանդների աչքերի վիճակը»: Ռ. Սաղիյանը փնտրում է համակիրների, ովքեր տուժել են Լիլիթ Ոսկանյանի  կամ մեկ այլ ակնաբույժի «թեթեւ ձեռքից». «Լինելով, համոզված եմ, ոչ առաջին, ոչ էլ վերջին տուժողը, ես  պատրաստվում եմ  դիմել դատարան, հատկապես վիրաբույժ Լիլիթ Ոսկանյանի մասով` ինձ պատճառած ֆիզիկական, նյութական եւ հոգեկան, ինչպես նաեւ առողջությանս հասցրած ծանր վնասների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter