Վիրահայոց թեմի «Նորաշեն» հանդեսի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է
2006 թ.-ի հունվարից մինչ օրս Վիրահայոց թեմը հրատարակում է «Նորաշեն» հոգևոր, մշակութային, լրատվական հանդեսը: Սակայն այժմ ֆինանսական միջոցների բացակայությունը հանդեսի խմբագրակազմին կանգնեցրել է փաստի առջև. լույս ընծայման է պատրաստվում 16-րդ համարը, բայց ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում խմբագրակազմը չգիտի` արդյոք այն լույս կտեսնի՞, կամ լույս կտեսնե՞ն հաջորդ համարները: «Որպեսզի մենք կիսատ չթողնենք տարին, անում ենք այս վերջին համարն էլ:
Դա կարելի է բարեգործություն համարել: Սրբազանը խոստացել է ինչ-որ բան անել, որպեսզի գոնե հոգանք տպարանի ծախսերը: Այս համարի համար աշխատանքը կատարվում է, բայց այն կարծես օդում է: Եթե մենք հրաժարվենք աշխատավարձերից, հոնորարներից, միևնույն է, տպարանի ծախսը 3.500 դոլարից չի իջնի»,- մտահոգված է «Նորաշենի» պատասխանատու խմբագիր Ռուզաննա Գաբրիելյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասում է, որ «Նորաշեն» հանդեսի հովանավորության հարցով դիմել են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների ու լիահույս են, որ մոտ ժամանակներում կստանան համապատասխան ֆինանսավորում: Սրբազանը հավաստիացնում է հանդեսի ընթերցողներին, որ մարտ ամսին «Նորաշեն» հանդեսի 16-րդ համարը տպագրված կլինի: Բայց հաջորդ համարների տպագրության երաշխիք դեռևս չունեն: Այս ընթացքում հանդսը հովանավորել են տարբեր անհատ բարեգործներ: «Ինքնին հասկանալի է` վաթսուն էջանոց գունավոր հանդեսի տպագրությունը կապված է մեծ ծախսերի հետ, բնականաբար, հովանավորները, ունենալով նյութական դժվարություններ, չեն կարողացել ամբողջապես կամ տարիներով հովանավորել այն: Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք բոլոր մեկենասներին»,-ասում է Սրբազանը: Հետքի հարցին, թե Մայր Աթոռը աջակցություն չի ցուցաբերու՞մ «Նորաշեն»-ի տպագրության համար, Սրբազանը պատասխանեց, որ հանդեսի որոշ համարներ տպագրվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, ու քանի որ Մայր Աթոռն այսօր մեծ միջոցներ է հատկացնում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նորոգման նպատակով, թեմը չի ցանկացել նոր հոգսերով ծանրաբեռնել Մայր Աթոռին: «Հավատն առ Նորաշեն եկեղեցու վերադարձն ու նրա Աստվածափառ առաքելությունը չի մահանում, ու հավատի այս ջահը բռնած` «Նորաշենը» կոչված է միավորել բոլորին և առաջնորդել դեպի միասնական պայքարի ազգապահպան և խաղաղատենչ նպատակի»,-ասում է Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանի խոսքերով` Նորաշեն եկեղեցին պատմական արդարության վերականգնման խորհրդանիշն է, ուստի հանդեսը կոչվել է նույն անունով և դարձել համընդհանուր պայքարի խորհրդանիշը: «Նորաշենի» առաքելությունն է` քրիստոնեական հավատքի ամրապնդումը, եկեղեցական կյանքի լուսաբանումը, թեմին և համայնքին հուզող խնդիրների արծարծումը, եկեղեցագիտական, պատմական, մշակութային նյութերի լուսաբանումը: ««Նորաշենը» լույս աշխարհ է գալիս առաջնային այն առաքելությամբ, որ վիրահայոց մշակութային օջախների հետ ինքն էլ դառնա հնարավորություններից մեկը` հավուր պատշաճի արժևորելու անցյալը, արձանագրելու ներկան ու, հետևաբար, կերտելու ապագան….»,- գրված է հանդեսի անդրանիկ համարի խմբագրականում: «Այնտեղ հիմա տպագրվում է միայն «Վրաստան» թերթը, որը քաղաքական է: Մենք աշխատում ենք անդրադառնալ պատմությանը, մշակույթին, այսօրվա իրական կյանքին, բայց` քաղաքականությունից դուրս: Ճիշտ է` երբեմն չես կարող խուսափել դրանից, օրինակ` Սուրբ Նորաշեն եկեղեցու հետ կապված դեպքերի ժամանակ»,- ասում է Ռուզաննա Գաբրիելյանը: Ամսագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն: «Հայրենաշունչ նյութերի ռուսերեն թարգմանությունը միակ ելքն է մայրենիին չտիրապետող, իր ազգի պատմությունն ու մշակույթը չիմացող և պատմական հայրենիքից դուրս ապրող մարդու մեջ Մայր Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ սիրո և պատասխանատվության արթնացման»,-հավելում է Սրբազանը: «Նորաշենի» մեկ համարի տպագրության համար ծախսվում է մոտ 5000 ամերիկյան դոլար: 2007 թ. ֆինանսական դժվարությունների պատճառով կրճատվել է հանդեսի պարբերականությունը: 2006-2007 թթ. հանդեսը լույս էր տեսնում երկու ամիսը մեկ անգամ, իսկ վերջին` 2008 թվականին` երեք ամիսը մեկ, տարեկան կտրվածքով` ընդամենը 4 համար, 60 էջ ծավալով, հազար օրինակ տպաքանակով: «Աշխատել ենք որակը պահել քիչ ծախսով»,-փաստեց պատասխանատու խմբագիրը: Տպարանային ծախսերը կազմում են 3.5 հազար ամերիկյան դոլար, մնացածը ծախսվում է աշխատակազմի, հոնորարների, խմբագրական ծախսերի վրա: Պատասխանատու խմբագիրն ասում է, որ իրենք ունեն նաև տեղափոխման խնդիր, քանի որ «Նորաշենը» տպագրվում է Երևանում: Իսկ Թբիլիսիում չի տպագրվում, քանի որ տպագրական ծախսերն այնտեղ ավելի մեծ են, քան Երևանում: Չնայած` առաջին 3 համարները տպագրվել են Թբիլիսիում: «Քանի որ հովանավորները եղան Երևանից, «Նորաշենը» սկսեց տպագրվել հենց Երևանում և տեղափոխվել Թբիլիսի»,- պարզաբանեց պատասխանատու քարտուղարը` Ռուզաննա Սահակյանը: Երևանյան գրասենյակն ունի 4 հիմնական աշխատակից` պատասխանատու խմբագիրը, պատասխանատու քարտուղարը, ձևավորողը և սրբագրիչը: Թբիլիսիից աշխատակցում են 3-4 լրագրողներ, կան անհատ ստեղծագործողներ, որոնք ևս թղթակցում են: Ամսագրի խմբագրությունը գործում է Երևանում, հիմնական նյութերը հավաքվում է Վիրահայոց թեմի առաջնորդարանում և հանդեսի համակարգողի միջոցով ուղարկվում երևանյան խմբագրություն: Խմբագրությունը գործում է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: Ամսագրում զետեղվում են վրաստանաբնակ մտավորականների և Հայաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից պատրաստված հոդվածներ: «Նորաշենի» մի մասը բաժանվում է Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումիի և Թբիլիսիի հայկական եկեղեցիներում, դպրոցներում և եկեղեցու միջոցով, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, կառավարությանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանում կրոնական համայնքներին ու մտավորական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանի գիտական և մշակութային կարևոր օջախներին, Մայր Աթոռին և Հայաստանի թեմերին: Ամսագրում արծարծվում է թիֆլիսահայության կյանքը, կենցաղը, նրանց հուզող հիմնախնդիրները: «Անվանի վիրահայեր» խորագրի ներքո լույս են տեսնում հայտնի մշակութային, քաղաքական-հասարակական գործիչների մասին նյութեր կամ նրանց հետ հարցազրույցներ: Յուրաքանչյուր համարի շապիկին պատկերված է որևէ հայկական եկեղեցու լուսանկար, և այդ համարում տվյալ եկեղեցու մասին հոդված է` պատմական-փաստագրական տվյալներով: Իսկ բոլոր համարների վերջին էջերում զետեղված են վիրահայ նկարիչներից որևէ մեկի գործերից նմուշներ: Դա մշտապես պահպանվող ավանդույթ է «Նորաշենի» համար: Բացի մշակույթից, կրոնական կամ թեմական լուրերից` մեծ տեղ են զբաղեցնում նաև ծիսական, կրոնական արարողակարգերի, տոների մասին տեղեկություններ, բարոյադաստիարակչական խրատներ: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասում է, որ հանդեսը լիովին արդարացրել է իրեն, չի արդարացրել միայն տպաքանակի առումով, քանի որ հազար օրինակը բաժանվում է երեք հարյուր հազարից ավելի վրացահայ համայնքում: «Հայ ընթերցողը սպասում է հանդեսի հերթական համարի լույսընծայմանը, որի վկայությունն են նրանց մշտական դիմումները ինչպես Թբիլիսիի առաջնորդարան, այնպես էլ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդություն»,- հաստատում է Սրբազանը:
Մեկնաբանել