
«Երեխաները երբեք շատ չեն լինում»
Տասը երեխաների մայրը պատասխաններ է փնտրում
Տասնչորս տարեկան Իսկուհին դպրոց չէր գնացել: «Ընդամենը մի շոր ունի, լվացել էի, չէր չորացել»,- ասում է աղջկա մայրը` Էլյան: Իսկուհին սովորում է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանում, սովորում է առանց դասագրքերի, որովհետեւ սեպտեմբերին չի կարողացել վճարել դասագրքերի համար անհրաժեշտ 6000 դրամը:
«Անցած տարի դասղեկս` Մարինե Բորիսովնան է իմ գրքերի համար վճարել, հիմա նա հիվանդ պառկած է, ես էլ 7-րդ դասարանի համար անհրաժեշտ 14 դասագրքերը հերթով վերցնում եմ ընկերներիցս: Ուզում եմ բուժքույր դառնամ կամ էլ վարսավիր, որ կարողանամ մի քիչ փող աշխատել»,- ամաչելով ասում է գեղեցիկ աղջնակը: Իսկուհին յոթ եղբայրների միակ քույրն է, անցած տարի նրա կրտսեր քրոջը որդեգրեցին, տարան Հայաստանից: «Հեշտ չէ, բայց գոնե հույս ունեմ, որ երեխաներիցս մեկը կուշտ է ապրում,- ասում է ինը երեխաների մայր Էլյան եւ փորձում թաքցնել, որ տասներորդին է սպասում,- Իսկուհիս շատ խելացի աղջիկ է, եթե գիրք ունենար, միայն բարձր գնահատականներ կստանար, նաեւ շատ է բացակայում, երբ եղանակները ցրտում են, կոշիկի պատճառով դպրոց չի գնում»: Դպրոց չէր գնացել նաեւ ութամյա Գոռը, նա էլ պիտի չորս տետր տաներ դպրոց, մայրը զանգել էր, զգուշացրել ուսուցչուհուն. «էս երկու օրը նպաստը կտան, կառնենք, կգնա»: Տանը չէին նաեւ չորս տղաները, ովքեր սովորում են գիշերօթիկ դպրոցում եւ տուն են գալիս միայն շաբաթ, կիրակի օրերին, որովհետեւ քնելու անկողին չունեն, ամբողջ ընտանիքով «պատսպարվում են» չորս հնամաշ մահճակալի վրա: Տանը չի գիշերում նաեւ 16-ամյա Գեւորգը, գիշերային ժամերին աշխատում է քաղաքի հացի փռերից մեկում եւ որպես աշխատավարձ օրական վեց հաց տուն բերում, իսկ ցերեկները մի քանի ժամ հանգստանալուց հետո օգնում է հարեւաններին, ով գործ է ունենում, ձեռք է մեկնում, որ գոնե մի քիչ թեթեւացնի ծանր հիվանդությամբ տառապող հոր ու բազմազավակ մոր հոգսը: «Մեզ շատ են հանդիմանում, թե ինչու ենք այսքան երեխա ունեցել, եթե ապրելու պայմաններ չունենք: Չեմ ուզում որեւէ մեկին բացատրություն տալ, որովհետեւ երեխաները երբեք շատ չեն լինում»,- ասում է ընտանիքի հայրը` Արմենը: Ապա ավելացնում է. «Դառը կյանքով ենք ապրում, ամսական 70 հազար նպաստ ենք ստանում, եթե բաժանենք տան անդամների թվի վրա, նշանակում է ամենքս օրական 200 դրամ պետք է ծախսենք` լույսի եւ մյուս կենցաղային ծախսերն էլ հետը: Բայց հիմա չեմ կարող անգամ մտածել, թե ինչ կլիներ, եթե երեխաներից մեկը ծնված չլիներ: Նրանք բոլորն էլ ինձ համար թանկ են, անգամ չծնվածն իմ կյանքի մի մասնիկն է արդեն, կմեծանան, կկարողանան իրենց կյանքը լավացնել: Յոթ, գուցե եւ ութ զինվոր է այս տնից ծառայելու Ազգային բանակում, ինչու՞ պիտի ես վատ զգամ, որ շատ երեխաներ ունեմ»: Տուն ասվածը, ուր ապրում է բազմամարդ ընտանիքը, կիսաքանդ շենք է, առանց կենցաղային ամենատարրական պայմանների: Այն պատկանում է ընտանիքի հոր ծնողներին: «Եղբայրս զոհվել է Արցախյան պատերազմում, մյուս եղբայրս նույնպես տուն չունի, բայց երեւի տեսնում է մեր ընտանիքի վիճակը, դրա համար չի գալիս այստեղ ապրելու»,- պատմում է Արմենը: Արմենն ու Էլյան բազմիցս դիմել են տեղական իշխանություններին, մարզպետին` աջակցելու խնդրանքով: «Շնորհակալ եմ, երբ իններորդ երեխաս ունեցա, համայնքային իշխանությունը հեռուստացույց նվիրեց: Երբեմն էլ փոքր գումարով են օգնում, բայց խնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ` որ անկյունը լրացնեմ»,- դառնությամբ ասում է Էլյան եւ շարունակում, որ ամենուր լսում է, թե պետությունը քաջալերում է բազմազավակությունը, բայց «ինչպե՞ս... չգիտի, չիմ զգում, չի տեսնում»: Հ.Գ. Երբ նրանց տուն գնացինք, էլյան ամուսնու հետ աշխատում էր հարեւանի այգում: Շնչակտուր դեպի մեզ վազելու ճանապարհին երեսնիվայր վայր ընկավ ու վնասեց ոտքերը: Տեղ հասնելով` միանգամից հիասթափվեց. «Կարծեցի եկել են քանդվող պատշգամբը տեսնելու, խոստացել էին: Երեխաներին չեմ թողնում, որ խաղան, որովհետեւ ամեն վայրկյան կարող է փլվել: Գրելուց օգուտ չկա, դեռ երբեմն էլ, մեր մասին լսելով, մեղադրողների թիվն ավելանում է, իբր ինչու՞ եմ երեխաներ ունենում, մանավանդ, որ դրա պատասխանն էլ չգիտեմ...
Մեկնաբանել