HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատավարձերի պարտքի ռեկորդային ցուցանիշ Շիրակում՝ 365 միլիոն դրամ

Այսօր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ զգաստության կոչ է արել համայնքապետերին` հասկացնելով, որ մարզպետարանի «տված դասերը վերջիններս լավ չեն յուրացնում»:

Մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանն ապշած էր, որ «մարզխորհրդի նախորդ նիստի ժամանակ, թեև այդքան խոսեցին բյուջեն կազմելու ու հաստատելու մասին, սակայն համայնքապետերը համառորեն շարունակում են իրենց հին քաղաքականությունը»: Ըստ Հովսեփ Սիմոնյանի՝ համայնքապետերից շատերը, օրինակ՝ Սալուտի, Կարմրաքարի, Հովիտի ու Ձորակապի, թերացել են ճիշտ ժամանակին հաստատել ու մարզպետարան ներկայացնել համայնքի բյուջեն, շատերն էլ բյուջեն հաստատելիս հարկ չեն համարել կապիտալ ծախսերի համար գումար հատկացնել կամ  համայնքի զարգացման ծրագրերը ներառել բյուջեում, հաստիքացուցակն էլ, ինչպես միշտ, ուռճացված են գրել: «Յուրաքանչյուր եռամսյակ պետք է անդրադառնաք հաստիքների խնդրին, եթե բյուջեն չեք կարող հարյուր տոկոսով կատարել, ուրեմն հաստիքացուցակին ուշադրություն դարձրեք: Եվ հետո՝ ինչու՞ փող չեք տնտեսում, որ նախորդ տարվա աշխատավարձերի պարտքերը մարեք: Սեփական եկամուտների հավաքագրումը մարզում կատարվել է 65 տոկոսով, գույքահարկը` 72 տոկոսով»,- ասաց մարզի գլխավոր ֆինանսիստը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը համայնքապետերի հետ խոսեց ավելի խիստ տոնով: «Մեր մարզը ռեկորդակիր է աշխատավարձերի պարտքերի առումով, դուք եք գյուղապետերը, դուք պետք է կարողանաք փակել ձեզ ժառանգություն հասած պարտքերը, պիտի կարողանանք ձեր հավաքագրած գումարներով և՛ նախկին պարտքերը փակել, և՛ նոր պարտքեր չկուտակել, և՛ համայնքը զարգացնել: էստեղ նստած մարդիկ կան, որոնք տասը տարուց ավելի գյուղապետեր են, երեսներին որ նայում ես՝ բարեկեցիկ լինելը անմիջապես զգում ես, նրանց համար սեփական եկամուտների հավաքագրումը րոպեների հարց է, սակայն, չգիտես ինչու, չեն հավաքագրում, գուցե իրենց գրպանի համա՞ր են հավաքում: Եվ հետո՝ մենք պետք է խնդրե՞նք, որ ձեր բյուջեն կազմեք-բերեք, ես զարմանում եմ, ձեր ժողովուրդը ձեզանից ի՞նչ պիտի սպասի, էլ ի՞նչ զարգացման ծարգրերից ենք խոսում, մեր համայնքի ղեկավարները սովոր են բյուջե կազմելիս գրել իրենց աշխատավարձը, աշխատակազմը և մի քանի պայմանագրային աշխատողների անուններ, եթե չեք նախատեսում որևէ համայքնում որևէ ծրագիր իրականացնել, էլ ինչի՞ց ենք խոսում: Նայում ես 25 հոգանոց համայնքը 12 հոգուց բաղկացած աշխատակիցների ցանկ է ներկայացրել: էստեղ գյուղապետեր կան, որոնց ինչ ուզում ես, ասա, ինչ ուզում ես, արա, մեկ է՝ չեն հասկանում: Մենք անպայման կունենանք մեր համապատասխան վերաբերմունքը նրանց նկատմամբ, մարդիկ մի տեղեկանք ստանալու համար մեզ բողոք են ներկայացնում, որ գյուղապետարանի դռները փակ են, դա նույնն է, որ ես, Շիրակի մարզպետը լինելով, չգամ գործի ու իմ անձնական գործերն անեմ»,- զայրացավ մարզպետը: Նախատելուց բացի, համայնքապետերին հրավիրել էին՝ բացատրելու, որ շուտով կառավարությանը մարզի զարգացման չորսամյա ծրագիր են ներկայացնելու: Այն, ըստ պատասխանատուների, լինելու է գլխավոր փաստաթուղթը, քանի որ մարզի բյուջեն կազմվելու է հենց դրա հիման վրա: «Տեսեք, որ ծրագիր կազմելիս այն լինի իրատեսական, այսինքն՝ հստակ ֆիքսվի՝ որ մասն եք համայնքի բյուջեով իրականացնելու, որը՝ այլ աղբյուրներից: Չլինի զուտ ծրագիր, ձևական մի թուղթ»,- նախազգուշացրեց Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը, որին և համայնքապետերը միաձայն ընտրեցին մարզային զարգացման ծրագրի հանձնաժողովի նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter