HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գիտական նվաճումներում ներդրումը բիզնեսմենների շահերից է բխում

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով իրենց այս տարվա տարեկան ժողովի մասին, կարևորեց այն, որ ժողովին մասնակցել են անցյալ տարի Ակադեմիայի անդամ ընտրված 78 հայազգի գիտնականներ 16 երկրներից: Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով` իրենք նպատակ ունեն սփյուռքի գիտնականների ներուժն օգտագործել մեր երկրի գիտության և տնտեսության զարգացման մեջ: «Մենք պետք է կառուցենք հասարակություն և տնտեսություն` հենված գիտելիքի վրա»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը Դրա համար, ըստ ԳԱԱ նախագահի, շատ կարևոր է, որ գիտական արդյունքները ներդնենք տնտեսության մեջ: Սակայն, Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, այսօր բիզնեսմենները վախենում են, որ փող կծախսեն ու արդյունք չեն ստանա: «Հայաստանի շուկան շատ փոքր է ու այնտեղ այդքան առևտուր չի գնում, որ իր գումարները գործարարը կարողանա ետ բերել, բացի այդ` նրանք բավարարվում են այն եկամուտներով, որ արդեն ունեն, իսկ եթե շուկայի վիճակը սկսի վատանալ, նրանք ստիպված կլինեն նոր տեխնոլոգիաներ ներդնել, որ իրենց ապրանքը վաճառվի ու կդիմեն մեզ, հիմա մեր խնդիրն է մեր գիտության վարկը բարձրացնել»,- Հետքին ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Ամերիկայում գործող «Սպեկտրալուզ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Ստեփան Եսայանն էլ կարևորեց գիտական ինֆորմացիայի փոխանակումը, չնայած այն շատ թանկ արժե. «Գիտությունը շատ թանկ բիզնես է, և եթե երկիրը չուենենա գիտական պոտենցիալ, նա չի կարող համարվել առաջատար երկիր»,- ասաց Ստեփան Եսայանը: «Ի՞ նչն է պատճառը, որ Հայաստանում տնտեսության հիմքում այսօր դրված չէ գիտությունը» Հետքի հարցին պատասխանելով`Ստեփան Եսայանը կարծիք հայտնեց, որ հայ գիտնականների մոտ իներցիայով դեռ պահպանվել է զուտ ֆունդամենտալ գիտական հետազոտություններով զբաղվելու ավանդույթը, սակայն շփումները արտասահմանի հետ օգնեցին հասկանալ, թե ինչպես կարելի է ֆունդամենտալ աշխատանքներից անցում կատարել աշխատանքների, որոնք կունենան «պրակտիկ ելք, պոտենցիա»: «Ե'վ արտասահմանից եկած, և' տեղական գիտնականները պետք է կարողանան տեղական արտադրողին ցույց տալ, որ ժամանակակից գիտական նվաճումների օգտագործումը բխում է հենց իրենց շահերից, քանի որ հնարավոր է այդ բիզնեսմեններն այսօր աշխատում են օգուտով, բայց վաղը կարող են չդիմանալ մրցակցությանը, եթե նոր տեխնոլոգիաներ չկիրառեն»,- ասաց Ստեփան Եսայանը` հավելելով, որ ժամանակ կացնի, մինչև արտադրողները կհասկանան, որ իրենց հարկավոր է նման զարգացում: Ստեփան Եսայանը կարծում է, որ Հայաստանում այսօր կարելի է զարգացնել արևային, քամու էներգետիկան, որպեսզի հնարավորինս քիչ կախված լինենք ուրիշ երկրներից, բիոքիմիան, որը Հայաստանին կապահովի դեղորայքով, ֆիզիկայի մեջ տեխնոլոգիական ուղղությունը: Իսկ դրա համար, ըստ Ստեփան Եսայանի, պետք է ստեղծել տնտեսական կառավարման արդյունավետ համակարգ, ստեղծել ազատ գոտիներ, բիզնեսի համար ավելի արդյունավետ դարձնել հարկային դաշտը, ներդրողների ճանապարհին առկա խոչընդոտները վերացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter