HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի բյուջեն հազիվ գոյատեւման համար է

Տնտեսագետների կարծիքով` պատճառը «տանտերերի» սրտացավության պակասն է 03_03-vanadzor_qaxaqapetaraԱյս տարեսկզբին Վանաձորի քաղաքապետարանն աշխատանքից ազատեց միանգամից 100 մարդու: Նրանք քաղաքի 12 հիմնարկների` 2 մանկապարտեզների, 2 գրադարանների, 7 թաղամասային հիմնարկների եւ 1 երաժշտական դպրոցի աշխատակիցներ են: Վանաձորի ավագանու որոշմամբ` այս հիմնարկներն այլեւս չեն գործի առաջին հերթին տեղական բյուջեի սղության պատճառով, հետո միայն` ոչ նպատակահարմար գործունեության: Օրինակ` փակված երկու գրադարանների կենցաղային պայմաններն իսկապես նորմալ չեն ոչ միայն աշխատողների, այլեւ` գրքերի պահպանության համար: Արդեն չգործող մանկապարտեզներն էլ տնակային պայմաններում էին կրթում ու դաստիարակում սաներին, ինչն արդեն վտանգավոր էր: Վանաձորի քաղաքապետարանում ասում են, որ այդ հիմնարկները հնարավոր չէր սեփական միջոցներով նորոգել, այլընտրանքը փակելն էր: «Կրճատման իմաստը որքան հնարավոր է` բյուջեի բեռը թեթեւացնելն է»,- ասում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը: Բյուջեի բեռի շուրջ 40 %-ն ընկնում է հենց քաղաքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների աշխատակազմի աշխատավարձերի վրա: «Ստացվում է, որ տեղական բյուջեով նախատեսված ծախսերի 40 %-ը մենք աշխատավարձ ենք վճարում»,- իր իսկ կողմից հաստատած բյուջեն քննադատում է ավագանու անդամ, տնտեսագետ Սամվել Դիլոյանը: Ըստ նրա` այլ կերպ չէր էլ կարող վարվել, քանի որ ոչ ավագանու, ոչ էլ քաղաքապետի գործունեությունից կախված չէ բյուջեում աշխատավարձերի մեծ ծավալի առկայությունը: Նրա մեղադրանքի թիրախն օրենսդիրներն են, որոնք ինչպես անցած, այնպես էլ այս տարի բարձրացնելով նվազագույն աշխատավարձի շեմը` անտեսել են տեղական բյուջեների կարողությունները: «Գովելի է, երբ աշխատավարձ են բարձրացնում, բայց մենք ինչպես կարող ենք դրա «տակից դուրս գալ» առանց պետական միջոցներ տրամադրելու»,- հարցնում է պրն Դիլոյանը: Նրա համոզմամբ` օրենսդիրն այս քայլով Վանաձորին գցել է այնպիսի բեռի ծանրության տակ, որից դուրս գալու ելքերն առայժմ չի էլ պատկերացնում: Տեղական ինքնակառավարման մարմինները բյուջեն քիչ թե շատ բեռից ազատելու միակ ելքը տեսել են կրճատումների մեջ: Ս. Դիլոյանը կրճատումներին այլընտրանք չի էլ գտնում` գոնե առայժմ: Վանաձորի անցած տարվա բյուջեն կազմել էր 2 մլրդ 124 մլն դրամ, ինչը կատարվել է 85.2 %-ով: 2009 թ. բյուջեն նախորդի համեմատ ավելացել է մոտավորապես 111 մլն դրամով, որի 45 %-ը կուղղվի աշխատավարձերի վճարմանը` նախորդից 200 մլն դրամ ավել գումար: 2008 թ. միայն աշխատավարձերը` առանց հարկերի, կազմել են 600 մլն, այս տարի` 800 մլն դրամ: Մասնագիտությամբ տնտեսագետ ավագանու անդամն աշխատավարձի մեծ ծավալով նման բյուջեն համարում է գոյատեւման բյուջե, որով կարող են բավարար լուծում ստանալ քաղաքի սանիտարական, լուսավորման եւ այլ ծառայությունները: Զարգացման մասին խոսելն ավելորդ է: Տնտեսագետ Կարեն Սարգսյանը Վանաձորի ֆինանսատնտեսական փաստաթղթի արդյունավետության մասին խոսելիս ուշադրություն է հրավիրում ոչ միայն կրճատումների վրա, որոնք, նրա աելով, դեռ ավարտված չեն, այլեւ` նախորդի համեմատ այս տարվա հատկացումների ավելացմանը: 2008 թ. կրթության ոլորտի ծախսերը կրճատումներից հետո անգամ աճել են 2 անգամ` հիմնականում պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ: Վանաձորի այս տարվա բյուջեն նախորդից տարբերվում է ոչ միայն աշխատավարձերի ծավալի ավելացմամբ, այլեւ մի շարք ոլորտներում հատկացվող ծախսերի մեծացմամբ: Կրթական ոլորտից հետո ծախսերի մեծությամբ երկրորդը շրջակա միջավայրի պաշտպանությունն է: Անցած տարի այդ ոլորտում ծախսվել է շուրջ 187 մլն դրամ, այս տարի նախատեսվում է ծախսել 1,3 անգամ ավելի: «Գումարներ են ծախսել երկրորդային աղբի վերամշակման համար»,- զարմանում է տնտեսագետ Կ. Սարգսյանը` դա չհամարելով տեղական իշխանությունների գործը: Շրջակա միջավայրի պաշտպանությունից հետո մշակութային ու կրոնական բնագավառներն են: Անցած տարվա 107,5 մլն-ի փոխարեն այս տարի կծախսվի 184 մլն դրամ: «Սա այն ոլորտն է, որտեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր: Անհրաժեշտ է թափանցիկ ներկայացնել այն ծասխերը, որոնք կատարվում են ամեն մի միջոցառման ժամանակ»,- ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Վերջինս նկատել է, որ ամեն Ամանորի քաղաքապետարանը գրեթե նույն ծախսերն է կատարում` մոտ 2 մլն դրամի, բայց Վանաձորի Հայքի հրապարակի տոնական տեսքը նախորդ տարիներից չի տարբերվում: Վանաձորի քաղաքապետարանում ասում են, թե բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի մասնագետ Ա. Ավագյանը բյուջեն համարում է սոցիալական բնույթի` ուղղված դեպի զարգացմանը: Մինչդեռ այս տարի, նախորդ տարվա 49 մլն դրամի փոխարեն, սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է ծախսել մի փոքր քիչ` 39 մլն դրամ: Գրեթե այնքան, որքան հատկացվում է նախագծահետազոտական աշխատանքներին: Երաժշտական դպրոցներից մեկի նախագծահետազոտական աշխատանքներին անցյալ տարի հատկացվել է 8 մլն դրամ: «Կարող էին, չէ, այդ գումարն ուղղել դպրոցի նորոգմանը: Բյուջեն նույնիսկ սոցիալական չէ, էլ ինչ մնաց զարգացող կոչել: Եթե փակվում են մանկապարտեզներ, գրադարաններ, եթե կոմունալ որոտի ծախսերը չեն բավարարում, ինչ զարգացման մասին է խոսքը»,- ավելացնում է Կ. Սարգսյանը: Բյուջեում սոցիալական, կոմունալ ոլորտներին հատկացվող գումարները միասին չեն գերազանցում շրջակա միջավայրի պաշտպանության, մշակութային ու կրոնական միջացառումների համար նախատեսվող ծախսերը: Նույնիսկ, երբ այս տարի կոմունալ ոլորտին տրամադրվող գումարներն ավելացել են: Տնտեսագետ Կ. Սարգսյանը կարծում է, որ Վանաձորի բյուջեի ճիշտ կազմմանն ու կառավարմանը պակասում են ոչ թե մասնագիտական մոտեցումները, այլ` տանտիրոջ սրտացավությունը, կոպեկը տեղին ծախսելու ցանկությունը: Թեեւ Վանաձորի քաղաքապետարանն առայժմ որոշում չի կայացրել, բայց բյուջեի սղության պատճառով ընթացիկ տարում նոր կրճատումներ են սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter