Երեւանում կկայանա շախմատի միջազգային «Գրան-Պրի» մրցաշար
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ս. Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի յուրաքանչյուր այց մեր երկիր նոր գործնական ծրագրի սկիզբ է դառնում: Նա նաեւ ասել է, որ ժամանակն է կյանքի կոչել շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին Դրեզդենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կիրսան Իլյումժինովը եւս մեկ անգամ շնորհավորել է շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ, եւ ասել. «Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, սակայն երկրորդ անգամ անընդմեջ այդ տիտղոսը պաշտպանելը կրկնակի դժվար է եւ ոչ բոլորին է հաջողվում, դա արդեն վկայում է, որ ստեղծվել է գործող համակարգ»: Նա ողջունել է մարզաձեւի զարգացմանն ուղղված իշխանությունների ջանքերը` նշելով. «երբ կա լուրջ ուշադրություն, կա նաեւ արդյունք»:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է նաեւ մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման ուղղությամբ ՖԻԴԵ-ի կողմից ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում քննարկվել է Երեւանում շախմատի պալատ կառուցելու գաղափարը, որն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել: Խոսվել է նաեւ դպրոցներում որպես ֆակուլտատիվ պարապմունք շախմատի ուսուցման վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օգոստոսին Երեւանում կայանալիք շախմատի միջազգային «Գրան-Պրի» մրցաշարի նախապատրաստմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել