ՊԵԿ-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից, իսկ բաժնի պետին և հարկային տեսուչին հայտարարվել է նկատողություն
Մինչ այսօրվա օրակարգի ձևավորումը` կառավարության նիստում վարչաետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է այն հանձնարարականին, որ երկու շաբաթ առաջ տրվել էր Պետական եկամուտների կոմիտեին։ Այն վերաբերում էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներին և աշխատակիցների գործելակերպին։
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականով, Կենտրոնի հարկային տեսչությունում ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ծառայողական քննություն։
Ծառայողական քննության ընթացքում ստեղծված նյութերն օգոստոսի 8-ին քննարկվել են Պետեկամուտների կոմիտեի ծառայողական քննությունների հանձնաժողովի կողմից, և կայացվել է համապատասխան եզրակացություն։
Եզրակացությունը ներկայացվել է կոմիտեի նախագահին, և կոմիտեի նախագահի տվյալ պահին ժամանակավոր պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել` մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության, այդ թվում` Կենտրոնի հարկային տեսչության կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Գառնիկ Գևորգյանն ազատվել է հարկային ծառայությունից, կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի պետ Լևոն Մարտիրոսյանին և նույն բաժնի հարկային տեսուչ Սամվել Զաքարյանին հայտարարվել է գրավոր նկատողություն, իսկ նույն բաժնի հարկային տեսուչ Հրաչիկ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն։
Որոշումը տարածվել է Պետեկամուտների կոմիտեի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում` ի գիտություն, այդպիսի երևույթները հետագայում չկրկնելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել