Քաղաքացիները հանկարծակիի են եկել տարադրամի արժեւորումից
Թեեւ վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն կային շշուկներ, որ դոլարը կրկին պետք է արժևորվի, այսօր քաղաքի փողոցներում կատարած հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիները հանկարծակիի են եկել Կենտրոնական բանկի` այսօր հրապարակած որոշումից` վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքակությանը, որի արդյունքում դոլարի փոխարժեքն արդեն բարձրացել է 80-90 դրամով: Ընդ որում` առք ու վաճառքի տարբերությունը որոշ բանկերում տատանվում է մինչև 70-75 դրամ:
«Ինչպես եք վերաբերվում դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացմանը» մեր հարցին քաղաքացիների մեծամասնության առաջին արձագանքը շատ կտրուկ էր` շատ վատ:
«Միանգամից չէր կարելի այսքան բարձրացնել, ամբողջ ժողովրդին լարվածության մեջ են գցել, բոլորը խառնվել են իրար, ովքեր դրամ ունեն, վազում են դոլար առնելու, քանի որ մտածում են` կարող է ավելի բարձրանա, ովքեր էլ պարտքեր ունեն, դարդ են անում»,- բարկացած ասում է հաշվապահ Սեդա Եղիազարյանը:
«Ինչ-որ խաղեր են խաղում, հիմա մթերքի գները ահավոր կբարձրանան, բենզին գնեցի, արդեն գինը 250-ից 300 է դարձել, այնպես որ` էլի ամեն-ինչ ջարդվելու է հասարակ քաղաքացիների գլխին, սա մի այլանդակ երևույթ է»,- սրտնեղում է Էդգար Խաչատրյանը:
Փոքր բիզնեսով զբաղվող Մարատ Օգանեսովը թեեւ խոստովանում է, որ հանկարծակիի չի եկել դոլարի բարձրացումից ու անգամ հասցրել է իր խնայողությունների մի մասը վերածել դոլարի, բայց, ամեն դեպքում, չէր սպասում, որ այսպես միանգամից դոլարը «կթռնի»: «Կանխավճարային գործարքներ եմ արել, ծառայություններ եմ մատուցել, որի դիմաց վճարումը պետք է դրամով անեն, իսկ հիմա այդ գումարը արժեզրկվեց 30 տոկոսով, բացի այդ` կան պայմանագրեր, որոնց համար ներկայացվել է գին, որոնք ես, ասենք, պիտի կատարեմ մարտի վերջում, իսկ գինը արդեն ֆիքսել ենք, ու հիմա ես չգիտեմ` 10 օր հետո ինչ գներ կլինեն շուկայում, արդյոք ես կկարողանամ իմ պարտավորությունները կատարել, թե ոչ»,- ասում է նա:
Մ. Օգանեսով տարօրինակ չի համարում առուվաճառքի մեծ տարբերությունները փոխանակման կետերում. «Իրենք էլ գործառու են ու իրենց ապահովագրում են այդ մեծ տարբերության միջոցով, ճգնաժամային վիճակում դա նորմալ է, հետո, երբ շուկան կկարգավորվի, առք ու վաճառքի տարբերությունը 1-2 տոկոս կկազմի»,- կարծում է նա:
Լևոն Հարությունյանի համար դոլարի փոխարժեքի բարձրացումն օրինաչափ էր. «Ես սպասում էի, որ կբարձրանա, մեր տնտեսությունը Ռուսաստանի տնտեսությունից զարգացած չի, իրենց մոտ մոտավորապես 33 տոկոսով աճել էր, մեզ մոտ էլ նվազագույնը այդքան պիտի բարձրանար, բայց չէի սպասում, որ ամեն-ինչ այսքան արագ կլինի, ամեն-ինչ պիտի չափի մեջ լինի»,- կարծում է քաղաքացին:
«Ով որ հայկական դրամով մեծ փող ուներ, տակ տվեց, փաստորեն 4-5 տարվա հավաքած գումարներս անիմաստ կորելու են, կարգուկանոն չունեցող երկրում նման բաները շատ նորմալ են, սա արել են իրենց գրպանները լցնելու համար: Եթե օրինավոր լիներ, ժողովրդին կզգուշացնեին, բայց հիմա բոլոր բանկերը կանգնած են, փոխանակումներ միայն սև շուկայում են կատարում, այն էլ` բարձր գներով», - ասաց քաղաքացի Սուրեն Ղազարյանը, ով ապարդյուն փորձում էր բանկ մտնել փոխանակում անելու համար, բայց բանկի դուռը փակված էր: Դռնապանը մուտքի մոտից քաղաքացիներին տեղեկացնում էր, որ գործարքներ չեն կատարում:
Քաղաքացի Սուսաննա Ասատրյանն էլ է բարկացել, որ բանկերում գործարքներ չեն կատարում. «Ասում են` արտարժույթի վաճառք չենք կատարում` ոչ եվրո, ոչ դոլար, չէր կարելի մի վայրկյանում 80-90 դրամով դոլարը բարձրացնել, այլ պետք էր զգույշ ու հանգիստ բարձրացնել` 5 դրամ, 10 դրամ, 20 դրամ, բայց լավ` բարձրացրել եք 385 դրամ, գնում եմ, ինչու չեն վաճառում, չեն անում, թող ասեն չունենք»:
Բանկերից մի քանիսում իսկապես դոլարով փոխանակումներ չէին կատարում, իսկ մի բանկում էլ մեզ ասացին, որ փոխանակումներ են կատարում` ոչ ավելի, քան 200 դոլար:
Տեղեկացնենք նաև, որ այսօր չեն աշխատում նաև մի շարք բանկերի բանկոմատները: Մեզ հանդիպած քաղաքացիներից մեկը ապարդյուն փորձում էր կանխիկացնել իր գումարը: Նա չէր կարողանում գտնել բանկոմատ, որի վրա գրված չլինի` «Կներեք, բանկոմատը ժամանակավորապես չի սպասարկում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել