Տարադրամի արժեվորումը խառնաշփոթ է առաջացրել նաեւ Ղարաբաղում
Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը խառնաշփոթ է ստեղծել նաեւ Ղարաբաղում: Դոլարի փոխարժեքը 360-400 դրամ է, իսկ եվրոյինը`440-490: Չնայած այդքան բարձր փոխարժեքին, փոխանակման կետերում հավաստիացնում են, որ ոչ դոլար ունեն, ոչ էլ եվրո: «Արցախբանկում» էլ մեր այցելության ժամանակ փոխանակման կետը փակ էր:
Արդեն 15 օրից ավելի է, ինչ Ղարաբաղում դոլարը, ինչպես ասում են, «դեֆիցիտ» է դարձել: Ոչ բանկերից, ոչ էլ փոխանակման կետերից հնարավորություն չկար դոլար գնելու: Դոլար կարող էիր ձեռք բերել բանկում «լավ ծանոթ» ունենալու դեպքում միայն, ինչի հնարավորությունը շատերը չունեն: Այդ իսկ պատճառով էլ հասարակության շրջանում դժգոհության թեմա է դարձել վարվող քաղաքականությունը:
«Ես ընդամենը 400 դոլար պարտք ունեմ, ու արդեն 10 օր շարունակ փորձում են դոլար գնել, բայց չի հաջողվում, իսկ այսօրվա կուրսն էլ ինձ ուղղակի ապշեցրեց: Ստացվում է, որ կուրսի փոփոխությունից ես միանգամից կորցնում եմ 32 հազար դրամ, ինչն իմ մեկ ամսվա եկամուտն է: Հիմա սոված պետք է նստեմ ես դրա պատճառով: Մի՞թե հնարավոր չէ, որ պետությունն ինչ-որ քայլեր ձեռնարկի, մի՞թե կարելի է ժողովրդին այսպես խաբել: Մի քանի ժամվա մեջ ինչպե՞ս կարելի է այդքան կտրուկ բարձրացնել փոխարժեքը»,- վրդովված ասում էր 55-ամյա մի կին, որին հանդիպեցինք Ստեփանակերտի փոխանակման կետերից մեկում:
Ղարաբաղում մտահոգված են եւ՛ քիչ գումար պարտք կամ վարկ վերցնողները, եւ՛ խոշոր: Դա քիչ էր, հիմա էլ խանութներում են բարձրացրել ապրանքների գները: Այսօր արդեն որոշ խանութներում բարձրացրել են բջջային հեռախոսների գները, իսկ որոշ հագուստի խանութներում էլ պարզապես ապրանք չեն վաճառում: Վաճառողները դա պայմանավորում են դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացմամբ:
Փոխարժեքի փոփոխությունը լավ առիթ է կարծես դառնում` մարդկանց խաբելու ու մեծ շահույթ ստանալու համար: Լավ առիթ է էժան գնածն ավելի թանկ վաճառելու համար: Եւ այդ ամենը՝ փոխարժեքի փոփոխության անվան տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել