HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանի պարզաբանումը կառավարությանը. «Ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան»

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Երևան քաղաքում կրպակների հետ կապված ստեղծված իրավիճակին, մասնավորապես, քաղաքապետի այն որոշմանը, որ անհրաժեշտ է ապամոնտաժել անօրինական կրպակները։ Վարչապետը խնդրել է քաղաքապետին պարզաբանումներ տալ` ստեղծված իրավիճակի և անելիքների մասին։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը գույքագրել է և պարզել, որ Երևան քաղաքում կա 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են։ Դրանցից 912-ն արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են։

«Ապամոնտաժման է ենթակա, կրկնում եմ, չաշխատող, լքյալ 266 կրպակ, և դա շատ արագ անելու ենք։ Մենք որոշում ենք կայացրել և գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական և քանիսը` ոչ։ Եվ այս պահին գույքագրում և ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե՛ արտաքին տեսքով, թե՛ հետիոտնին, թե՛ հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը։ Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որևէ մեկը չի ապամոնտաժում, նաև այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջև և աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որևէ ձևով նեղություն չենք տալիս։

Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին և սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան (խոսքը գնում է կրպակատերերի մասին), և որևիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջև չունի։ Կար ժամկետ, և նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին։ Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք։

Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող և սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական է տրվել վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատեն։ Այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կամ աշխատատեղ տրամադրելով իր առևտուրն անելու համար, կամ ֆինանսական փոխհատուցում վճարելով։ Սա է իրավիճակը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Փափազյան փողոցի հետ կապված խնդրին, տեղեկացնեմ, որ այնտեղ կա 14 կրպակ, 5-ը` օրինական, 9-ը` ոչ։ 9-ից 2-ը կամավոր արդեն ապամոնտաժվել են։ Պայմանավորվել ենք այդտեղ աշխատողների հետ, որ շաբաթ օրը վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում և լուծելու է այդ խնդիրը»։

«Այսինքն` մենք պետք է մեր քաղաքացիներին տեղյակ պահենք, որ աշխատող կրպակների մասսայական փակում չի լինելու, որպեսզի աժիոտաժ չառաջանա, որովհետև մարդկանց մտահոգում է այդ հարցը, որ հազարավոր կրպակներ պետք է փակվեն։ Հիմա քաղաքապետը հավաստիացնում է, որ կրպակների մասսայական ապամոնտաժում չի լինելու։ Լինելու են անհատական մոտեցումներ, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե դրանք քաղաքային տնտեսության համար խնդիր են ստեղծում։ Այդ դեպքում վարչական շրջանների ղեկավարներն անհատական աշխատանք են տանելու աշխատող կրպակատերերի հետ, որպեսզի նրանք սոցիալական խնդիրներ չունենան»,- նշել է վարչապետը։

«Այո, պարոն վարչապետ։ Միանշանակ այդպես է, ավելին ասեմ. այդ կրպակները տեղադրելու ժամանակ դեմ արտահայտվողների աղմուկն ավելի շատ է եղել, քան այսօր ապամոնտաժելու ժամանակ, ու մենք անընդհատ նման խնդիրների հետ առնչվելու ենք։ Օրինակ, կանաչ գոտիներում սրճարանների ապամոնտաժման հարցը` դրանց վարձակալության ժամկետը լրանալու դեպքում։

Այսօր կա տրանսպորտը վերակառուցելու հասարակական պահանջ, և մենք բերելու ենք միջին և մեծ ավտոբուսներ։ Առաջանալու են որոշակի խնդիրներ։ Ինչպե՞ս պետք է անել։ Յուրաքանչյուր սոցիալապես անապահով մարդու դեպքում պետք է հստակ խնդիրը լուծել ու որևիցե բիզնես միջավայր փչացնելու, բիզնես պայման խախտելու կամ վարչական ձևով ճնշելու խնդիր չկա»,- ասել է Կարեն Կարապետյանը։

«Ուրեմն մենք մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք քաղաքապետի հայտարարության վրա, որ ապամոնտաժումը մասսայական բնույթ չի կրելու, և բոլոր կրպակների պարագայում անհատական մոտեցում է դրսևորվելու։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, քանի որ նամակներում, որ այսօր մեր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է, որ նրանցից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները, ներկել են, ծախսեր են արել, և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում։

Հիմա մենք մեր քաղաքացիներին հանգստացնում ենք քաղաքապետի կողմից տրված տեղեկատվությամբ, և բոլոր այն կրպակատերերը, որոնք ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց քաղաքապետը հստակ հանձնարարություններ է տվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` քաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար»,- ամփոփել է վարչապետը:

Մեկնաբանություններ (2)

gayane
http://1in.am/arm/armenia_society_29799.html Հետաքրքիր է ինչպես կարձագանքեն օրենսդիր և գործադիր մարմինները; Իրական իշխանություն ունեցող երկերմ 24 ժամվա մեջ հրաժարական կպահանջեին:
gayane
Չեմ էլ ուզում հոդվածը կարդալ, քանի որ վերնագիրը շատ խոսուն է. Այո պ-ն Կարապետյան Քաղաքի կենտրոնի կրպակատերերը օլիգարխ չեն, որ վախենաք մոտ գնալ, բայց մի քիչ վճարունակ են դեռ... Ուրեմն-կլպեկ, կլպել մինչև վերջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter