Աշոտ Գիզիրյանը խոստանում է մեղավորներին պատժել
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Աշոտ Գիզիրյանն այս շաբաթ այցելություններ է սկսել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի տեղում և անձամբ ծանոթանա համակարգում առկա խնդիրներին: Վարչության պետի այցելությունն սկսվել է երեկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում են կին և անչափահաս դատապարտյալները: Այս մասին հաղորդում է վարչության մամլո ծառայությունը:
Աշոտ Գիզիրյանը հիմնարկի պետին և աշխատակիցներին տրվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ: Մասնավորապես, պահանջել է բարելավել դատապարտյալների և կալանավորված անձանց կենցաղային պայմանները և հատուկ ուշադրություն դարձնել ծառայողական կարգապահությանը: Նա նաեւ հանձնարարվել է բացառել յուրաքանչյուր ոչ օբյեկտիվ և ոչ իրավաչափ մոտեցում դատապարտյալների նկատմամբ: Վարչության պետը նշել է, որ անձամբ է վերահսկելու բոլոր այն դատապարտյալների գործերը, ովքեր կրել են սահմանված պատժաչափի այն մասը, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վերջիններս ստանում են պատժի կրումից պայմանական ազատվելու կամ պատժի տեսակը մեկ այլ պատժատեսակով փոխարինելու իրավունք:
«Չեմ հանդուրժելու որևէ դեպք, երբ դատապարտյալի նկատմամբ ցուցաբերվի ոչ օրինաչափ և ոչ օբյեկտիվ մոտեցում: Յուրաքանչյուր դատապարտյալ պետք է օգտվի օրենսդրությամբ սահմանված իր յուրաքանչյուր իրավունքից: Այս կապակցությամբ ցանկացած խախտում հայտնաբերվելու է և մեղավորներն ստանալու են իրենց արժանի պատիժը»,- ասել է Աշոտ Գիզիրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել