HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը կայացրեց որոշում, որով հրաժարվեց վերջին տարիներին իրականացվող "ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից", ինչի արդյունքում ՀՀ դրամը մեկ օրում արժեզրկվեց մոտ 20 տոկոսով: ԿԲ-ն չի տվել որևէ հստակ բացատրություն ՀՀ դրամի հանդեպ սպասվող քաղաքականության վերաբերյալ և կայացրած որոշումը տնտեսության մեջ առաջացրեց քաոսային իրավիճակ:

Այս որոշմամբ իշխանությունները հաստատեցին Հայ Ազգային Կոնգրեսի, նրա տնտեսական հանձնաժողովի և մասնավորապես մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցված այն կանխատեսումը, որ իշխանությունները չեն կարող շարունակել դրամի փոխարժեքի պահպանման քաղաքականությունը և ստիպված են լինելու որոշում ընդունել, որը կբերի դրամի փոխարժեքի գահավիժման:

Հայաստանի տնտեսական համակարգում քաոսային իրավիճակ առաջացրած այս որոշումը հետևանք է իշխանությունների կողմից միջազգային ճգնաժամի խորությունը արհամարելու և ներմուծող օլիգարխների շահերի սպասարկմանը ուղղված արատավոր տնտեսական համակարգի պահպանելու անհեռատես և հանցավոր քաղաքականության:

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարություններով զգուշացրել էր, որ միջազգային տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտ է վարել դրամի փոխարժեքի լողացող քաղաքականություն և դադարեցնել արտաքին պահուստների վատնումըև հափշտակումը:

Վարչախմբի այս պնդաճակատ քաղաքականությունը, որ շարունակվեց մինչեւ վերջին հնարավոր օրը, ոչ թե իրողությունները չհասկանալու արդյունք էր, այլ անգամ ահավոր ճգնաժամից օգտվելով վերջին թալանը իրականացնելու գիտակցված գործողություն։ Ընդամենը վերջին 4-5 ամսվա ընթացքում, դրամի արհեստական փոխարժեքի պահպանման անվան տակ վարչախումբը Հայաստանի արտաքին պահուստներից շուկա նետեց ավելի քան 800 միլիոն դոլար, որն ամբողջությամբ ի վերջո մտավ մեկ-երկու տասնյակ օլիգարխների և պաշտոնյաների գրպանը։ Դրամի փլուզումը ու դրա կործանարար հետեւանքները արդյունք են քոչարյանական վարչախմբի ստեղծած տրանսֆերային կապիտալի եւ քրեա-օլիգարխիկ համակարգի վրա հիմնված արատավոր տնտեսական մոդելի, որից մինչև վերջ կառչած է մնացել նաև նոր վարչախումբը:

Եթե գոնե ճգնաժամի սկզբից՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից «ֆիքսված փոխարժեքի» փոխարեն սահուն իրականացվեր լողացող փոխարժեքի քաղաքակություն, ապա հնարավոր կլիներ մեղմացնել ճգնաժամի հնարավոր հետևանքները, խուսափել այն փլուզումից, ինչին ականատես եղանք մարտի 3-ին, որոնք են.

 -ժամ առ ժամ աճող գներ,

-սղաճի անկառավարելի բարձր մակարդակ,

-արտաքին պահուստների վտանգավոր ցածր մակարդակ,

-արտաքին առևտրային հաշվեկշիռի քառապատիկ դեֆիցիտ,

-բյուջետային մուտքերի հավաքագրման աննախադեպ ցածր մակարդակ /40-50 տոկոս/,

Այս ամենը հանգեցնում է սոցիալական աղետի, փոքր և միջին գործարարների սնանկացման, առևտրային բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման, ներմուծող օլիգարխների եւ բարձր պաշտոնյաների շարունակական հարստացման: Արդյունքում խորանում է հասարակության և տնտեսվարողների անվստահությունը կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ, ստեղծելով խուճապային տրամադրություններ:

Արձանագրելով հանդերձ արդեն այս ծանր վիճակը, և ստեղծված վիճակի ամբողջ պատասխանատվությունը դնելով գործող ռեժիմի վրա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է հանդես գալ նաեւ անհապաղ միջոցառումների ծրագրով, ինչի իրականացումը կարող է փոքրիշատե մեղմել իրավիճակը։ Ստեղծված իրավիճակում անհապաղ պետք է իրականացնել հետևյալը`

1. վերադարձ դեպի լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ԿԲ ադմինիստրատիվ միջամտության բացառում, արտարժութային պահուստների հանցավոր վատման վերացում և օպտիմալ մակարդակի վերականգնում.

2. առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման թափանցիկության ապահովում՝ գերշահույթների բացառման նպատակով և հակամենաշնորհային միջոցառումների շտապ իրականացում

3. ներմուծվող ապրանքների գնագոյացման դիտարկում.

4. մաքսային պրակտիկայում կիրառվող ապօրինի "կողմնորոշիչ" գների պրակտիկայի վերացում.

5. հանրային ծառայությունների (մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի) գների իջեցում, այդ բնագավառում հանրային ծառայություններ կարգավարող պետական մարմինների գործունեության հրապարակայնության հաստատում և նրան կողմից վերահսկողության հաստատում` գերշահույթների բացառման նպատակով

6. 2009թ. պետական բյուջեի վերանայում` պետական ապարատի ծախսերի կրճատում, տնտեսության աճը չխթանող, ոչ հրատապ ծրագրերի ֆինանսավորման դադարեցում,

7. մինչև ճգնաժամի հաղթահարումը հարկային վարչարարության բարեփոխումների ժամանակավոր կասեցում, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի հարկման բազայի նվազեցում, ՀԴՄ-ների պարտադիր կիրառման դադարեցում, տաքսիների նկատմամբ նախատեսվող պահանջների հետաձգում,

8. բանկային համակարգից ավանդների արտահոսքը կանխելու նպատակով բանկային ավանդների երաշխավորված շեմի բարձրացում` 2 միլիոն դրամից մինչև 5 միլիոն դրամ,

9. հակաճգնաժամային միջոցառումների հրապարակայնության, հասարակությանը ճշգրիտ և ամենօրյա տեղեկատվության ապահովում։

Վերոնշյալ ծրագրերը ի զորու է իրականացնել միայն ժողովրդի վստահությունը վայելող օրինական իշխանությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ այսօրվա պետական հանցագործության և ժողովրդին սոցիալական կործանման հասցնելու ամբողջ պատասխանատուն հանցավոր եւ ապօրինի իշխանությունն է:

-բանկերում լիկվիդայնության օրեցօր աճող խնդիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter