Չնայած թանկացումներին` կապանցիներին բանկերը վարկեր տրամադրում են
Սյունիքի մարզկենտրոնի խանութներում երեքշաբթի կեսօրից հետո չքացան առաջին անհրաժեշտության ապրանքները: 75-ամյա Աշխեն տատի ասելով` առավոտվանից Շահումյան փողոցի 5 խանութ է մտել, բայց չի կարողացել շաքարավազ գնել: Քաղաքի համարյա բոլոր խանութներում ոչ ձեթ կա, ոչ` շաքարավազ:
Խանութների աշխատակիցները մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ մարտի 3-ի կեսօրից հետո մարդիկ խուճապի մեջ էին` արկղերով ու պարկերով ձեթ, ալյուր ու շաքարավազ էին գնում: Արդյունքում, խանութներում առկա ապրանքը սպառվեց: Իսկ այն խանութները, որոնք նախապես էին իմացել արտարժույթի լողացող քաղաքականության մասին, թաքցրին եղած ապրանքը` սպասելով թանկացումների: Այսօր Կապանում 1 կգ շաքարավազի գինը 250 դրամից դարձել է 280-320 դրամ, 1 լ-ոց 600 դրամանոց ձեթը` 700 դրամ: ՎՏԲ-Հայաստան բանկի Կապանի մասնաճյուղում մեզ ասացին, որ մարտի 3-ի առավոտյան անկանխիկ ձևով արտարժույթի առքուվաճառք են իրականացրել` 305-307 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արդեն կեսօրից հետո այստեղ դոլարի առք կար` 360 դրամով, իսկ վաճառք չէին իրականացնում: Ինչ վերաբերում է վարկերին, ապա բանկը ձեռնարկատիրական ու հիփոթեքային վարկեր տրամադրում է. ժամանակավորապես դադարեցվել են ոսկու դիմաց տրվող վարկերը: Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Սյունիքի մասնաճյուղում էլ արդեն մեկ օր է ոսկով վարկ չեն տալիս: Փոխարենը, շարունակվում է ուսանողական, գյուղատնտեսական, բիզնես-վարկերի տրամադրումը: Մարտի 3-ի կեսօրից հետո էլ այստեղ և' դոլարի էին գնում, և' վաճառում` 360-385 դրամի սահմաններում: Արդշինվեստբանկի Կապանի մասնաճյուղում էլ ձեռնարկատիրական վարկ ու ոսկու գրավով վարկ էին տրամադրում: Բայց, ինչպես նշեցին համարյա բոլոր բանկերում, խստացվել են վարկերի տրամադրման պայմանները` մանրամասն ստուգվում են ներկայացված տվյալներն ու նոր տրամադրվում վարկը:
Մեկնաբանել