«Փարիզյան սուրճի» հիմնադիրը կրկին բողոքելու է
«Արդեն մի քանի տարի է, ինչ ես` Հայաստանում ֆրանսահայ առաջին ներդրողներից մեկը` «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Աշխեն Գործունյանս, Հայաստանի դատական ատյաններում պայքարում եմ իմ հանդեպ տեղի ունեցող անարդարության դեմ` այդ ընթացքում ոչ մի րոպե չկասկածելով, որ կասկածանքի տեղի տվող դատական որոշումները բացառվելու են: Այս ընթացքում եղել են դեպքեր, որ իմ հանդեպ կայացվել են ակնհայտորեն սխալ որոշումներ, սակայն ես երբեք չեմ վհատվել ու բողոքարկել եմ դրանք: Հայցերից մեկը քննվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում` դատավորներ Ն. Տավարացյանի, Ս. Միքայելյանի և Դ. Խաչատրյանի մասնակցությամբ: Դատական նիստի ընթացքում հարգարժան դատավորները, ինչպես առաջին ատյանի դատավորն, ամեն կերպ անտեսեցին ամուսնական պայմանագրի առկայությունը, ինչն ինձ, ի սկզբանե, հեռու էր պահելու դատական քաշքշուկներից:
Դատարանի հանդեպ իմ հարգանքը պահելով՝ խնդիրը ես բողոքարկեցի Վճռաբեկ դատարանում և շահեցի դատը, ինչի որոշման մեջ պարզ նշվում էր, որ առաջին ատյանի դատարանն ու Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր էին հաշվի առնել ամուսնական պայմանագիրը, ինչը կստիպեր դատական ակտերը այդ ատյաններում կայացնել իմ օգտին:
Ամենևին դատավորների «անփութության» տակ չփնտրելով կասկածելի գործարքներ` ես իմ զայրույթն եմ հայտնում, որ իրենց գործում թերացած դատավորները նկատողություն չեն ստացել, բացի այդ, այժմ, ինձ համար կասկածելի ու մութ պայմաններում, նրանց քննությանն է հանձնվել իմ հետ կապված ևս մեկ դատական վարույթ:
Կարելի է կարծել, որ արդարադատությունը բումերանգի նման է, և վերոհիշյալ դատավորները հնարավորություն են ստացել ուղղել իրենց սխալը և ներկայումս իրենց վարույթում գտնվող քաղաքացիական գործի վերաբերյալ կկայացնեն օրինական և արդարացի որոշում:
Սակայն սա կարելի է ենթադրել` հագուրդ տալով ռոմանտիզմին, մինչդեռ ես ռեալիստ եմ ու հայտարարում եմ, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ կազմի հերթական և հնարավոր «անփութությունը» ևս բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում, և հույս եմ հայտնում, որ ես` իբրև ֆրանսահայ ներդրող, միայն վկայելու եմ մեր դատարաններում օրենքի և օրինականության հաղթանակի մասին»:
Հարգանքներով`
Վալերի Գործունյան
«Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել