Տուժողը փոխել է իր ցուցմունքը
Ընդմիջումից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավարության ընթացքում խոսք տրվեց տուժող Ռոբերտ Բաղդասարյանին, ով հայտարարեց, որ փոխում է իր` նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, քանի որ այդ պահին եղել է վիրավոր և շոկի մեջ և իր տուն այցելած ոստիկանության աշխատակիցներին չի պատմել իրականությունը, ըստ այդմ` դատարանում նա փոխեց իր նախնական ցուցմունքը և հայտարարեց, որ իր վրա կրակել է ոստիկանը և հրաժարվեց որպես մեղադրյալ ճանաչել 7 բանտարկյալներին։
«Մարտի 1-ին ինձ վրա կրակել են ոստիկանները եւ ես այս դատարանից պահանջում եմ անել ամեն ինչ, որպեսզի հայտնաբերվեն այդ ոստիկանները եւ բացատրություն տան իրենց կատարած հանցանքի համար»,- հայտարարեց Ռոբերտ Բաղդասարյանը:
Ռոբերտ Բաղդասարյանն ասաց, որ ինքը մարտի 1-ին դեպքի վայրում մեղադրյալներին չի տեսել, այնտեղ տեսել է միայն Սասուն Միքայելյանին, որին էլ հերոս անվանեց։
«Ցուցմունք եմ տվել, թե իբր ես վիրավորվել եմ այդ դեպքերի ժամանակ եւ իբր կրակոցը չի եղել ոստիկանների կողմից, թե իբր ոստիկանները զինված չեն եղել հրազենով, այդպիսով մեղքի սլաքը ուղղել եմ ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա: Ափսոսում եմ պահի տակ տված իմ ցուցմունքների համար եւ հայցում յոթ հերոսների եւ բոլոր քաղբանտարկյալների ներողամտությունը եւ այս պահից սկսած պատրաստ եմ կիսել 7-ին առաջադրված ապօրինի եւ շինծու մեղադրանքը»,- հայտարարեց Ռոբերտ Բաղդասարյանը:
Տուժողի խոստովանությունը դահլիճում խառնաշփոթ առաջացրեց, Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ թույլ չի տա ճնշումներ գործադրել տուժողի վրա դատարանի դահլիճում։ Շանթ Հարությունյանի ձայնն այլևս լսելի չեղավ լրագրողներին: Դատավորը կիրառեց Քր. Դատ. Օր-ի նոր փոփոխությունը`անհարգալից վերաբերմունքի համար նրան հեռացրեց դահլիճից և նիստը շարունակեց: Ալեքսանդր Արզումանյանը դատավորին կոչ արեց դադարեցնել ապօրինությունը, կիրառել ոչ թե օրենքի նոր փոփոխությունը, այլ առաջնորդվել 23-րդ հոդվածով` դատավարությանը բոլոր կողմերի մասնակցության ապահովմամբ:
Ալեքսանդր Արզումանյանը վիրավորական արտահայտություն արեց Մնացական Մարտիրոսյանի հասցեին` նրա ընդունած որոշման համար, դատավորը նրան էլ հեռացրեց դահլիճից:
«Ուզում ես առանց մեզ դատ անել, արա: Մեզ համար մեկ է, թե ով մեզ կդատի` Մնացականը, թե Պողոսը»,- դուրս գալով ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Իրենց ընկերներին հետևեցին մյուս մեղադրյալները և լքեցին դահլիճը: Դատավորը կրկին կիրառեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի սանկցիան և հետաձգեց նիստը մինչև մարտի 9-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել