Ոստիկանությունում դեռեւս միայն արձանագրում են
Երեկ ժամը 03.00-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 47-ամյա Յուրա Դ.-ից ահազանգ է ստացվել, որ 10 րոպե առաջ ատրճանակով զինված երեք անհայտ անձինք հարձակվել են Հաղթանակ գյուղի մոտ գործող բենզալցակայանի բանվորներ Գրիշա Ե.-ի եւ Գենադի Դ.-ի վրա, ատրճանակի բռնակով հարվածել եւ Գրիշա Ե.-ի գլխին, կապկպել նրանց եւ հափշտակելով 159.000 դրամ, մեկ ալեհավաք, բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր` սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով դիմել փախուստի:
Մարտի 2-ին, ժամը 23:10-ի սահմաններում դարձյալ երեք անհայտ անձինք իրենց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ավազակային հարձակմամբ Սեւան-Գավառ ճանապարհին գտնվող (Ծովազարդ գյուղի մոտ) բենզալցակայանից կողոպտել էին 55.000 դրամ, «Ժիգուլի» ավտոմեքենայի 3 յուղազտիչ, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի 4 անվադող եւ 2 բջջային հեռախոս: Հավանաբար հենց այս անձինք էլ ընդամենը 3-4 ժամ անց հարձակվել են արդեն Հաղթանակ գյուղի մոտ գտնվող բենզալցակայանի վրա:
Հիշեցնենք, որ վերջին երեք ամսում սա արդեն նույն սցենարով բենզալցկայան կողոպտելու 6-րդ դեպքն է, ու մինչ ոստիկանությունը դրանք արձանագրում է, հարձակումների պարբերականությունն ավելանում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել