Տիգրան Սարգսյան. «Լինելու են նոր սպանություններ, եթե չկարողանանք այս մթնոլորտը փոխել»
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադրի մամլո ծառայության փոխանցմամբ` մինչ նիստը սկսելը վարչապետն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, որը լրանում է այսօր՝ մարտի 5-ին։ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է.
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա պետք է դառնար 50 տարեկան։ Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը վառ անհատականություն էր և անուրանալի է նրա անձնական ներդրումը մեր պետության և, մասնավորապես, բանակաշինության գործում։ Նա խիզախ և համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին և հաջողությամբ լուծում։ Եվ այսօր մի պահ երևի թե խորհելու տեղ կա՝ արդյոք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղե՞լ ենք դասեր։ Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համար։ Արդյոք մենք զգո՞ւմ ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձևավորենք հանդուրժողականության մթնոլորտ։ Ես քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը և իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձևավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ՝ ձևավորելու այդ մթնոլորտը։ Իհարկե, անհրաժեշտ է քննադատություն։ Անհրաժեշտ է, որ լինի խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կողքից կարողանա տեսնել և բացահայտել իր սեփական սխալներն ու թերությունները։ Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը և տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ՝ վիրավորել դիմացինին, մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիք ունենք։ Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխել։ Ես ինքս 5 տարի եղել եմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ։ Ես ինքս ինձ մեղավոր եմ համարում շատ բաներում և հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար։ Մենք պետք է լինենք հանդուրժողական, մենք չպետք է այրենք համագործակցության կամուրջները։ Հայ ժողովրդի պատմության դասերն այսպիսին են՝ հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցություն»,- ասել է վարչապետը: Նա ներկաներին Վազգեն Սարգսյանի 50-ամյակը պատշաճ նշելու նպատակով ձևավորված կառավարական հանձնաժողովի անունից, որի ղեկավարն ինքն է, հրավիրել է այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ հուշ-երեկոյի, որը նվիրված է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել