Ամեն ինչ արվում է Մինսկի ֆորմատը պահպանելու համար
«Ղարաբաղի հետ կապված վերջին էական իրադարձությունները Օսեթիայի 5-օրյա պատերազմն ու Մայենդորֆյան հռչակագիրը, մյուս բոլոր իրադարձությունները որոնք տեղի են ունենում բանակացությունների շրջանակներում, Ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցություն ունենալ չեն կարող: Ղարաբաղը և ղարաբաղյան կարգավորումն իրար փոխկապակցված, բայց տարբեր երևույթներ են, այն ինչ տեղի է ունենում այժմ ղարաբաղյան կարգավորման առումով կարող է Ղարաբաղի հետ որևէ կապ չունենալ»,- համոզված է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա` այժմ կոնֆլիկտը գտնվում է սառեցված վիճակում և ուժերի նման հարաբերակցության պայմաններում կարգավորում հնարավոր չէ: Դրա համար էլ նա Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ու ակտիվությունն ընդամենը բանակցությունների գործընթացի տրամաբանության շրջանակներում է դիտարկում:
«Ժամանակ առ ժամանակ նրանք պետք է լավատեսություն ցուցաբերեն: Դա արվում է, որպեսզի Մինսկի ֆորմատով բանակցային գործընթացը պահպանվի: Մինսկի ֆորմատով բանակցությունների գործընթացը դեռ 2 տարի առաջ մեռած էր, հիմա այն վերակենդանացրել են և այն ակտիվացնելու համար օգտագործվում են ինչ-որ տեխնոլոգիաներ»,- ասում է քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև լուրջ նշանակություն չի տալիա ՀԱՊԿ արագ արձագանքման խմբերի ստեղծման գործընթացի մասին հայտարություններին:
«ՀԱՊԿ ուժերը դեռ չեն ստեղծվել ու հնարավոր է , որ չստեղծվեն: Եթե անգամ դրանք ստեղծվեն, չեմ կարծում, որ կգործարկվեն ինչ-որ կոնֆլիկտի ժամանակ, ինչպիսին Ղարաբաղն է: Բացի այդ, չեմ կարծում, որ եթե այդ ուժերն այդպիսի մասշտաբով ստեղծվեն, դրանք բավարար են կոնֆլիկտ լուծելու համար: Չեմ կարծում նաեւ, որ դրանց ստեղծման համար կան ֆինանսական միջոցներ, սակայն միայն դրանց ստեղծման մասին հայտարարությունները որոշակիորեն փոխում են իրավիճակը», - ասաց Ալ. Իսկանդարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել