Հայաստանում կշարունակվի «կայուն անկայունության» իրավիճակը
Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետ նշանակելն ակնհայտորեն կապված է Երևանում սպասվող ընտրությունների հետ, քանի որ հանրապետականներն ուզում են նրան տեսնել քաղաքապետ, «իսկ քաղաքապետ լինելով հեշտ է մնալ քաղաքապետ»,- ասաց նա:
Ա. Իսկանդարյանը համոզված է, որ ընտրությունները կանցնեն արդեն բոլորին հայտնի սցենարով և ընտրություններից հետո կհայտարարվի ընտրակեղծիքների մասին, որի արդյունքում չի ընտրվել նա, ով որ պետք է ընտրվեր:
Ըստ նրա` մինչև մայիսի 31-ին նշանակված Երևանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքական կյանքում կլինի որոշակի ակտիվություն: Սակայն Ալ. Իսկանդարյանի կախատեսումներով, ոչ այնպիսի ակտիվություն, որը կհանգեցնի իշխանափոխության կամ հեղափոխության:
«Չկան քաղաքական ուժեր, որոնք ընդունակ կլինեն սկզբունքորեն իրավիճակը շուռ տալ»,- կարծում է նա:
Քաղագետը համոզված է, որ նման ուժ չի կարող դառնալ նաև ՀԱԿ-ը, քանի որ արդեն ամառվա սկզբից ընդդիմության ռեսուրսները սկսեցին նվազել:
«Բացի այդ, արդեն տարի է անցել, ընդդիմության սոցիալական աջակացությունն է թուլացել, իսկ կան բաներ որոնք կամ արվում են միանգամից, կամ չեն արվում ընդհանրապես: Եթե նայենք, ապա կտեսնենք, որ բոլոր ստացված և չստացված գունավոր հեղափոխությունները տեղի են ունենում ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո, որը օրինաչափ է»,-ասում է Ա.Իսկանդարյանը:
Քաղաքագետն արմատական փոփոխությունների համար բավարար հիմք չի համարում նաև տնտեսական ճգնաժամը և արժութային փոփոխությունները: Այսինքն, ըստ նրա, Հայաստանում կշարունակվի «կայուն անկայունություն իրավիճակը», եթե տնտեսական ճգնաժամը չհարվածի այնպիսի ուժգնությամբ, որը հիմա մենք չենք կարող պատկերացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել