HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009 թ. հունվարին բյուջե է մուտքագրվել շուրջ 35.1 մլրդ դրամ

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են շուրջ 41.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 34.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 22.7 եւ 17.8 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 4.7%-ով, ծախսերի գծով` 3.9%-ով: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 11.8%-ով կամ 5.6 մլրդ դրամով: Մասնավորապես` 10.6%-ով (4.16 մլրդ դրամով) նվազել են հարկերը եւ տուրքերը, 23%-ով (1.4 մլրդ դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտների 83.9%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 11.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.6%-ը` այլ եկամուտների հաշվին: Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 752.1 մլն դրամ` նախորդ տարվա 851 մլն դրամի դիմաց: 2009 թվականի հունվար ամսին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 35.1 մլրդ դրամ եւ 23.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2008 թվականի հունվարի համեմատ նշված եկամուտները նվազել են 10.6%-ով կամ 4.2 մլրդ դրամով: Հարկերի ու տուրքերի 51.8%-ը ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 18.2 մլրդ դրամ եւ 12.7%-ով կամ 2.6 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերի ավելի քան 12.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 5.7 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 9.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 3.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 2.4 մլրդ դրամ, որից 594.8 դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 1.5 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 885.1 մլն դրամ, որից 600.2 մլն դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ ակցիզային հարկի մուտքերի ընդհանուր մակարդակը գրեթե չի փոխվել: Հունվար ամսվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 3.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 11.6%-ով կամ 512.8 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ եւ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների վճարումների նվազմամբ: 2009 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 3.1 մլրդ դրամ` ապահովելով հարկերի ու տուրքերի 8.8%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 15.2%-ով կամ 408.3 մլն դրամով: Հաշվետու ժամանակահատվածում աճ է արձանագրվել նաեւ մաքսատուրքի գծով, որը կազմել է շուրջ 2.6 մլրդ դրամ` 31.3%-ով կամ 614.4 մլն դրամով գերազանցելով 2008 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական տուրքից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 1.3 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 27.1%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 11.4%-ով կամ 165.6 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է լիցենզավորման եւ ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող տուրքերի նվազմամբ: Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են 1.5 մլրդ դրամ` 16.3%-ով կամ 210.6 մլն դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, տրանսպորտային միջոցների գազալցման եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով: Պարզեցված հարկից պետական բյուջե է մուտքագրվել 289.2 մլն դրամ, որը 66.3%-ով զիջել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը` պայմանավորված հունվարի 1-ից Պարզեցված հարկի մասին ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ: 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 450.9 մլն դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 45.7%-ով կամ 378.9 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ: Հունվար ամսվա ընթացքում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել 550.5 մլն դրամ: Մասնավորապես` 87.6 մլն դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 213.8 մլն դրամ` ճանապարհային վճարները, 104.6 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 79.9 մլն դրամ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի խախտման համար սահմանված տուգանքները եւ 64.5 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 66.4%-ով կամ 1.1 մլրդ դրամով: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 4.8 մլրդ դրամ եւ 17.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 23%-ով կամ 1.4 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են 2 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին: Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար ամսին կազմել են 1.9 մլրդ դրամ եւ 36.7%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 1%-ով: 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 34.5 մլրդ դրամի ծախսեր, որից 254.2 մլն դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 35.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, -823.6 մլն դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 7%-ով կամ 2.3 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է կենսաթոշակների, դրամաշնորհների եւ աշխատավարձի ծախսերի աճով, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: Ընթացիկ ծախսերը հաշվետու ամսում կազմել են 35.3 մլն դրամ` 20%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 2.1 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 54.6 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք համապատասխանաբար 27.5%-ով եւ 48.6%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերմանը պետական բյուջեից հատկացվել է 746.9 մլն դրամ, որը 24.4%-ով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում 529.7 մլն դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 12.1%-ը: Մասնավորապես` 403.5 մլն դրամ տրամադրվել է ներքին, 126.2 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի հունվարի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերը նվազել են 62.2%-ով կամ 870.1 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազմամբ: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 418.7 մլն դրամ, որը մոտ կիսով չափ զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2009 թվականի հունվար ամսին պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 19.1%-ը կամ 6.8 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 2.3 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների, 3.9 մլրդ դրամը` այլ ընթացիկ դրամաշնորհների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարվել է 28.7%-ով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճը կազմել է 24.2%: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի 53.3%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 18.4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 30.8%-ը: Մասնավորապես` 15 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 3.4 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի հունվարի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 15%-ով, իսկ նպաստների գծով` նվազել 2.1%-ով: 2009 թվականի հունվար ամսին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են -823.6 մլն դրամ, որից 236.5 մլն դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 1.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի հունվարի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 86.3%-ով կամ 1.5 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 59.5%-ով կամ 1.6 մլրդ դրամով: 2009 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 7.3 մլրդ դրամ հավելուրդով: Ընդ որում, ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են -4.4 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները` -2.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հավելուրդը նվազել է 51.9%-ով, ընդ որում` ներքին աղբյուրներից ձեւավորված հավելուրդը նվազել է 65.6%-ով, արտաքին աղբյուրներից` ավելացել 25.9%-ով: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում -1.5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման արդյունքում հունվար ամսվա ընթացքում 2.9 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները: 2009 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից արտաքին վարկավորումը կազմել է 2.4 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 35.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է 418.8 մլն դրամ, որը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter