HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անորսալի սպիտակ գույնի «ՎԱԶ-2107»-ը

Մարտի 2-ից հաշված ժամերի տարբերությամբ Հանրապետության տարբեր բենզալցակայաններ ենթարկվել են ավազակային հարձակման, ընդ որում` բոլոր դեպքերում էլ հարձակվողները եղել են սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով եւ գործել են նույն մեթոդներով: Վերջին հարձակումը գրանցվել է երեկ: Ժամը 05.00-ին 33-ամյա Ռոբերտ Մ.-ն դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել, որ մոտ մեկ ժամ առաջ երեք անհայտ անձինք մուտք են գործել Երեւան-Մեղրի ճանապարհի 119-րդ կմ-ին գործող բենզալիցքավորման կայան եւ «ՎԱԶ-2107» մակնիշի, առանց պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենան լիցքավորելուց հետո, խաբեությամբ մուտք գործել իր աշխատասենյակ: Նրանցից մեկը ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել է իր ձեռքերն ու ոտքերը, հափշտակել 51.000 դրամ եւ բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ մարտի 3-ին, ժամը 02.50-ին, ատրճանակով զինված երեք անհայտ անձինք հարձակվել էին Հաղթանակ գյուղի մոտ գործող բենզալցակայանի բանվորներ Գրիշա Ե.-ի եւ Գենադի Դ.-ի վրա, ատրճանակի բռնակով հարվածել էին Գրիշա Ե.-ի գլխին, կապկպել նրանց եւ հափշտակել 159.000 դրամ, մեկ ալեհավաք, բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր: Իսկ դրանից ժամեր առաջ դարձյալ սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հարձակման էր ենթարկվել Սեւան-Գավառ ճանապարհին գտնվող (Ծովազարդ գյուղի մոտ) բենզալցակայանը: Այս դեպքում ավարը կազմել էր 55.000 դրամ, «Ժիգուլի» ավտոմեքենայի 3 յուղազտիչ, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի 4 անվադող եւ 2 բջջային հեռախոս: Ոստիկանության մամլո ծառայությունում «Հետքի» հարցադրումներին ի պատասխան միայն նշեցին, թե «անհոգ եղեք, այդ հանցագործություններն անպայման կբացահայտվեն»: Հիշեցնենք, որ վերջին երեք ամսում նույն սցենարով արդն 7 բենզալցակայաններ ենթարկվել են ավազակային հարձակման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter