HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հարավային Կովկասի կոնֆեդերացիա` քայլ դեպի Եվրոպա

Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահ, Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը այսօր Տեսակետ ակումբում ներկայացրեց ֆորումի գործունեությունը: «Ֆորումը նոր թափով է աշխատում եւ ներկայացրեց նոր 50+50 ծրագիր, որը Սլովակիայի վարկային ծրագիրն է` 50 մլն եվրո Հայաստանին, 50-նն էլ` Ղարաբաղին: Նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ Ղարաբաղում, նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծում` 5-7 տարի վարկային միջոցները հետ վերադարձնելու պայմանով»,-ներկայացրեց ֆորումի նախագահ Ա.Գրիգորյանը: Ներդրումային ծրագրերում փորձ կարվի ներգրավել նաեւ շրջանները. «Սա համահունչ  կլինի Հայաստանի իշխանությունների ծրագրին` ոտքի կանգնեցնել շրջանները»: Մյուս կարեւոր խնդիրն էլ, որ ֆորումում քննարկվել է, Հարավային Կովկասի կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարն է: «Գաղափարը արծարծվեց Եվրոպայի տնտեսական ֆորումում, որտեղ Հայաստանը թույլ է ներկայացվում, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի: Ֆորումում ներկայացրեցինք, որ Հարավային Կովկասը պետք է փորձի միավորել իր  մեջ մտած պետություններին, որպեսզի առանց արտաքին ազդեցությունների կարողանա ապագա զարգացնել: Այդ կոնֆեդերացիան Եվրոմիության տանիքի տակ տնտեսական թռիչք կապրի: Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում էլ նախատեսված է լուրջ գումարներ ուղղել Հարավային Կովկաս, եւ մենք առաջարկեցինք համագործակցություն` Բրատիսլավայում ստեղծել  մարմին, որը կհամագործակցի Երեւանի  համապատասխան ներկայացուցչության հետ»,-ասաց Ա.Գրիգորյանը: Աշոտ Գրիգորյանը ասում է, որ գաղափարը դրական արձագանքների է արժանացել Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից. «Երեկ ես հանդիպեցի  Հայաստանի արտգործնախարարի հետ եւ ներկայացրեցի մեր ծրագիրը: Պայմանավորվեցինք համագործակցել, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը»: Բանախոսը հույս ունի, որ նախագծի իրականություն դառնալուց հետո 5 տարվա ընթացքում Հարավային Կովկասը կստանա Եվրոմիության ասոցիացիվ անդամի կարգավիճակ. «Այսինքն թեթեւացված վիզային ռեժիմ, հսկա ներդրումային ծրագրեր, որից հետո կլինի հաջորդ քայլը` դառնալ Եվրոմիության թեկնածու անդամ»: Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տեսակետը, ըստ բանախոսի, կլինի դրական, քանի որ վերջիններս ձգտում են ճանաչման. «Ադրբեջանն ու Վրաստանն էլ հասկանում են, որ իրենց կործրածն առանց պատերազմի հետ բերելն անհնարին է, իսկ պատերազմի ճանապարհը կասկածելի է, ուստի տարածաշրջանը, եթե դառնա Եվրոմիության անդամ, քարտեզի գույնը արդեն նշանակություն չի ունենա»: Աշոտ Գրիգորյանը  ընդգծում է, որ Եվրոմիության համար էլ նախագիծը օգտակար է, քանի որ «օգնում ենք նրանց դուրս գալ տնտեսական ճգնաժամից` էքսպորտը աշխուժանում է»: Հետքի հարցին, թե ինչպես  հնարավոր կլինի «լեզու գտնել» Ռուսաստանի հետ, քանի որ նման նախաձեռնությունը նշանակում է  հարվածել Ռուսաստանի շահերին. «Իմ միակ հույսը հետեւյալն է, որ Ռուսաստանի շահերից կբխի Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը, մենք առաջարկում ենք դրա ամենակարճ ուղին, միակ կետը: Մենք Ռուսաստանի շահերի դեմ չենք գնում, քանի որ Հարավային Կովկասը կդառնա այն կամուրջը, որը կկապի Ռուսաստանին Եվրոմիության հետ, ինչը կարեւոր է ԱՄՆ-ի առաջխաղացման տեսանկյունից»,-պատասխանեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter