
Լոռու մարզում մեծ տարածում է ստացել բենզինի օգտագործմամբ թմրամիջոց պատրաստելը և գործածելը
Հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ
Հանցագործությունների բացահայտման ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել Լոռու մարզի դատախազությունում 2011թ.-ի առաջին կիսամյակում:
Այս տարվա 1-ին կիսամյակում մարզում արձանագրվել է հանցագործությունների 599 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 768 դեպքի դիմաց: Մարզում հանցագործությունները 169 դեպքով կամ 22 %–ով նվազել են: Արձանագրված հանցագործություններից բացահայտվել է 573-ը: Կրկնակի` 86 հանցագործությունով նվազել են ծանր հանցագործությունները:
Նախորդ տարվա 171 ծանր հանցագործությունների դիմաց այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 85 ծանր հացագործություն: Հանցագործության ընդհանուր նվազման պայմաններում աճել են միջին ծանրության հանցագործությունները: Արձանագրվել է 156 միջին ծանության հանցագործություն` նախորդ տարվա 147–ի դիմաց:
Երկու դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները: Մարզում արձանագրվել է սպանության 2 դեպք: Առանձնապես աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործություններով:
Ինձ շատ մտահոգում է մարզում տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքերը: Կիսամյակում արձանագրվել է ավտոմեքենաների հափշտակության 7 դեպք: Երկու օր առաջ ևս մեկ ավտոմեքենա էին առևանգել: Հիմնականում առևանգում են 10-15 տարվա արտադրության ավտոմեքենաներ: Առևանգելուց հետո ավտոմեքենայի գազի բալոնը և մարտկոցը հանում են, ավտոմեքենան գցում են մի կողմ:
Մարզում շատացել են նաև գողության այլ դեպքերը: Գրանցվել է բռնաբարության մեկ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 40 դեպք: Լոռու մարզում մեծ տարածում է ստացել բենզինի օգտագործմամբ թմրամիջոց պատրաստելը և գործածելը: Դրա դեմ մեր կողմից տարվում է պայքար:
Ի՞նչ կասեք չբացահայտված հանցագործությունների մասին:
Այդ թիվը առանձին հանցատեսակներով ունենք, սակայն մեր կողմից հայտնաբերվել է 44 զենք-զինամթերք: Կամովին հանձնումներ ունենք այդ աշխատանքների ընթացքում: Իհարկե, ցուցանիշները գոհացուցիչ են, բայց նաև շատ խնդիրներ ունենք:
Ո՞րն է Ձեր ղեկավարած համակարգում առկա ամենաբարդ խնդիրը:
Լավ մասնագետների խնդիր ունենք: Իսկ հանցատեսակներից, ես շեշտեցի, մեզ մտահոգում է գողության եղանակով կատարվող հանցագործությունները, որը կապված է բնակչության սոցիալական վիճակի հետ, և հիմնական պատճառն այն է, որ մարդիկ առանց հսկողության են թողնում իրենց գույքը: Դուռը փակում են, մեկնում արտերկիր` հանգստանալու կամ աշխատելու` չունենալով ընդհուպ դռան կարգին փականներ: Դա պայմաններ է ստեղծում հանցավոր տարրերի կողմից հափշտակություններ կատարելու համար: Համաներումը կիրառելուց հետո գողության հանցատեսակները մի քիչ շատացան:
Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ Սերոբ Տեր–Պողոսյանի հանցագործության մասին, որպես մարզի դատախազ, ե՞րբ եք տեղեկացել:
Մինչ Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը մանկապղծության նրա արարքի մասին տեղեկություն չեմ ունեցել, այլ դեպքում, անկասկած, դա կստանար իր պարզաբանումը:
Դատախազության կողմից որևէ ընթացք տրվե՞լ է Թեղուտի վառելափայտի յուրացումների և Ջիլիզայի զանգվածային ծառահատումների ահազանգերին:
«Կարաստ» ՍՊԸ-ի կողմից Թեղուտի վառելափայտի յուրացումների հետ կապված քրեական գործ է հարուցվել: Փորձաքննություն է նշանակվել: Գումարը`5 մլն 697 հազար դրամը, ամբողջությամբ վերականգնված է: Գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան: Քրեական գործում մեղադրանք է առաջադրված «Լալավար անտառտնտեսության» տնօրենի և «Կարաստ»ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանի և ՍՊԸ-ի պահեստապետի դեմ:
Ջիլիզայի անտառների զանգվածային հատումների շուրջ մտահոգությունները ես հասկացել եմ: Դրանց հետ կապված ես հանձնարարականներ եմ ուղարկել ոչ միայն ոստիկանությանը, այլ մարզի բնապահպանական տեսչությանը: Այդ հրապարակումների հետ կապված մեր կատարած աշխատանքների ընթացքի մասին մենք տեղեկատվությունը ուղարկելու ենք ՀՀ գլխավոր դատախազության, որտեղից դուք կարող եք ստանալ Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Հետքը» նաև ահազանգել էր Լոռու մարզի Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանի կողմից համայնքի բյուջեի 252 մլն դրամի կասկածելի ծախսումների մասին:
Սա նույնպես այն դեպքերից է, որ փորձաքննության պատճառով հոդվածի փաստերի հետ կապված քրեական գործի հարուցումը ձգձգվում է: Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանի հետ կապված գործը դեռ ընթացքի մեջ է:
Մեկնաբանել