Հաստատվել է Հայաստանին 540 մլն դլարի վարկի տրամադրման ծրագիրը
Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 28 ամիս տևողությամբ շուրջ 540 միլիոն դոլարի Օժանդակության վարկային ծրագիրը, որը միտված է մեր երկրում գլոբալ ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, ազգային արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգմանը և կարիքավոր խավերի պաշտպանությանը: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը:
Հայաստանին անմիջապես հատկացվելու է մոտ 237 միլիոն դոլար, իսկ վարկի մնացած գումարը կտրամադրվի 9 մասնավճարներով` ըստ եռամսյակային դիտարկումների: Օժանդակության վարկը հաստատվել է ԱՄՀ-ի հատուկ ֆինանսավորման մեխանիզմների գծով արագացված ընթացակարգի համաձայն:
Կանխատեսվում է, որ այս տարի համախառն արտաքին ֆինանսավորման գծով Հայաստանի պահանջարկը կազմելու է մոտ 1.6 միլիարդ դոլար, ընդ որում` աճի միտումը որոշ դանդաղեցմամբ կպահպանվի մինչև 2011 թվական: Աջակցության վարկը թույլ կտա 2009-2011 թթ. ընթացքում կրճատել ֆինանսական ճեղքվածքը: Նախատեսվում է, որ լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի նաև դոնոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների, այդ թվում` Համաշխարհային բանկի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել