«ԳԱԼԱ»-ն վերացնում է թերությունները
Ինչպես տեղեկացրել ենք, մոտ մեկ ամիս է Գյումրիի անկախ լրատվական ալիքը` «ԳԱԼԱ»-ն, ունի հեռուստատեսային օմբուդսմեն: Այսօր «Հետքը» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե օմբուդսմենի որ առաջարկների հետ է հաշվի նստել հեռուստաընկերությունը, կատարվել են, արդյոք, ծրագրային փոփոխություններ:
«Թեև կոռեկտ չէ, որ այս հարցին ես պատասխանեմ, ավելի ճիշտ կլինի` օմբուդսմենն ասի, թե իր կարծիքի հետ ինչքանով են հաշվի նստում, բայց ասեմ, որ մենք ուղղում ենք մեր սխալները, դիտողությունները հաշվի առնում ենք: Այն դիտողությունները, որոնք հիմնավորվել են օմբուդսմենի կողմից, բոլորն, ըստ իս, վերացվել են: Օրինակ` հեռուստատեսային գովազդների գլխագրերը փոխել ենք, թեև դա ավելորդ ծախս է եղել մեզ համար, բայց ինչ արած, անհրաժեշտ է եղել, փոխել ենք: Մենք հիմա սարքում ենք նաև տաղավարը. հեռուստադիտողների կողմից եղել է նաև նկատողություն, որ այն արդեն հոգնեցնող է` երկար ժամանակ չի փոխվել, հետնամասը դուրեկան չէ: Շատ շուտով լուրերը կհեռարձակվեն նորացված տաղավարից: Օմբուդսմենի կողմից նաև դիտողություններ են հնչել, որ լուրերում քաղաքական թեմաները գերակշռող են, և սոցիալական լուրերը ավելի քիչ են կամ վերացել են, թեև վերջին զեկույցի ժամանակ օմբուդսմենը հայտարարեց, թե դրանք արդեն հավասար են»:
Մենք Վահան Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է հեռուստաընկերության` հարկային պետական ծառայության դեմ ուղղված բողոքը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո Հարկային ծառայությունը «ԳԱԼԱ»-ում ստուգումներ անցկացրեց` հեռուստաընկերությանը տուգանելով 26 միլիոն 899 հազար 955 դրամ, որը վճարվեց ժողովրդական հանգանակության շնորհիվ: Վահան Խաչատրյանի տեղեկացմամբ` օրերս բողոքը կուղարկվի Եվրադատարան: Հեռուստաընկերության ղեկավարը հավելեց, որ հեռուստաընկերությունը հերթով վերադարձնում է քաղաքացիներին ունեցած իր պարտքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել