Շանթ Հարությունյանը մեկուսացվել է. նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն
Շանթ Հարությունյանի առողջական վիճակի ուսումնասիրման նպատակով այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանը: Բայց վերջինս Շ. Հարությունյանի կողմից ենթարկվել է ագրեսիվ վերաբերմունքի, արժանացել ոչ պարկեշտ արտահայտությունների:
«Կալանավորը բժշկին մեղադրել է իբր Ռուսական հատուկ ծառայություններում գործակալ լինելու մեջ»,- հաղորդում է Քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:
Նրա փոխանցմամբ` Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով դեռ մարտի 5-ին նրան բժշկական զննման ենթարկելու համար այցելել էր քրեակատարողական ծառայության հոգեբույժ Մամբրե Նանայանը: Սակայն Շանթ Հարությունյանը հրաժարվել էր ընդունել հոգեբույժին եւ ենթարկվել բժշկական զննության:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանին բժշկական զննության ենթարկելը ներկայումս հնարավոր չէ, նաեւ այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ՝ վերջինս մեկուսացվել է: Նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն: Ձեռնարկվում են միջոցներ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- նշված է Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել