HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր խոչընդոտներ Չախալյանների համար

Չախալյանների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանին արգելել են տեսակցել Թբիլիսիի մեկուսարանում գտնվող «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանին: Պատճառաբանությունը եղել է այն, թե` իբր 2008թ-ի սեպտեմբերի 5-ի` Ստեփան Ոսկանյանին Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումը  արդեն կորցրել է ուժը, քանի որ իրենք ԱՆ կազմից դուրս են եկել և մտել են Իրավական խորհրդատվության և իրավական պատիժների նախարարության կազմի մեջ: Մոտ 3 ժամ փաստաբանը փորձել է բանակցել, մինչև նրան ընդունել է մեկուսարանի պետի տեղակալը: Վերջինս կրկին բացատրել է, որ այդ որոշումը արդեն ուժ չունի, և թույլ է տվել Ստեփան Ոսկանյանին վերջին անգամ տեսակցել Վահագն Չախալյանին` զգուշացնելով, որ հաջորդ անգամ այլևս թույլ չեն տա: Մարտի 11-ին նշանակված է Չախալյանների դատավարությունը: Սակայն Ստեփան Ոսկանյանը մտավախություն ունի, որ իրեն թույլ չեն տա մասնակցել նաև դատավարությանը: Այդ կապակցության Ստեփան Ոսկանյանը դիմում է ուղարկել Վրաստանի ՄԻ պաշտպանին: «Եթե ինձ էլ չթողնեն դատավարությանը մասնակցել, այդ դեպքում Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյանները պարզապես պետք է հրաժարվեն նաև վրացի պաշտպանի ծառայություններից և պահանջեն պարտադիր մեր մասնակցությունը: Այդ պահին, փաստորեն, նրանք որևէ փաստաբան չեն ունենա ու տեղեկատվական և իրավական բլոկադայի պայմաններում,  հնարավոր է, որ ցանկացած իրավական ակտ կամ նույնիսկ դատավճիռ կայացվի Չախալյանների նկատմամբ»,-Հետքի հետ զրույցում նշեց Ստեփան Ոսկանյանը: Ստեփան Ոսկանյանին` Չախալյանների գործում ներգրավվելու Վրաստանի ԱՆ որոշումը  որևէ ժամկետ չէր սահմանում և մինչև դատաքննության ավարտը փաստաբանը պետք է իրականացներ Չախալյանների պաշտպանությունը: «Այն պատճառաբանությունը, որ ԱՆ նախարարությունը իրավասու չէ նման հարցեր քննարկել, որևէ հիմնավորում չունի, մանավանդ որ այդ նախարարությունը վերջերս Պատրիկ Արապյանին արտոնագիր չտալու հրաման էր արձակել: Այսինքն` այդ իրավական հարցերով նրանք դեռ զբաղվում են: Պարզապես փորձում են ավելրոդ խոչընդոտներ առաջացնել»,-ասաց Ստեփան Ոսկանյանը: Պատրիկ Արապյանի մերժման փաստը պաշտպանական կողմը որոշել է բողոքարկել դատարանում: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 2-ին Վրաստանի վերաինտեգրման հարցերով փոխնախարար  Ելենա Թևդորաձեն այցելել է Վ. Չախալյանին: Նա ասել է, որ ազդվել է Վ. Չախալյանի` դատարանում արած այտարարությունից, փորձել է մանրամասներ ճշտել գործի վերաբերյալ, և նույնիսկ խոսել են հայ-վրացական համատեղ համալսարան ստեծելու հարցի շուրջ: Փաստաբանի խոսքերով, Վահագնի վիճակը նորմալ է, ավելին` այս անգամ Ս. Ոսկանյանը իր պաշտպանյալին կարողացել է փոխանցել Աղոթագիրքը և վրացերեն լեզվի զրուցարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter