HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն օգնականներ են

Այսօր Հայելի ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արձագանքեց ՀՌԱԿ ատենապետի ասածին, թե իրենք ունեն արժանի թեկնածուներ, բայց չեն ուզում մրցել  մականունավոր մեկի հետ: «Եթե Ձեր ծնողների հետ մի օր հանդիպեմ(նկատի ունի լրագրողներին), բոլորդ ինչ-որ մականուն ունեք, երբ մարդը փոքր է լինում, հազար ու մի բան են ասում, մեկն էլ կպած մնում է, բացասական մականունով մարդ մեզ չի շրջապատում, Աղբյուր Սերոբն էլ մականուն ունի, խի ա Աղբյուր»,-ասում է Գալուստ Սահակյանը: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը  մինչեւ հիմա թիկնապահներով էր շրջում, լրագրողներին հետաքրքրում էր, թե եթե քաղաքապետ դառնա, արդյոք վախի զգացումը կլքի նրան. «Դա թիկնապահներ չեն, օգնականներ են, բոլորին թիկնապահ մի դարձրեք, բացի դրանից ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանվելու, դա պետությանը շատ օգտակար կլինի»,-պատասխանեց Գալուստ Սահակյանը: Խմբակցության ղեկավարը  ցանկություն ունի ընդդիմությանն ակտիվ տեսնել սպասվող քաղաքապետի ընտրություններում. «Չէի ցանկանա, որ ընդդիմությունն այսօրվանից այդքան պասիվ դիրք ունենա եւ փնտրտուքի մեջ ընկներ` պարտվելու տրամաբանություն ունենար»: Բանախոսն ասում  է, որ «չի  տեսնում ընդդիմադիր դաշտի համախմբում անձերի տեսանկյունից: Կոնգրեսն ավելի զգուշավոր է,  այսօր մի փոքր վախեցած է հանդես գալիս, իսկ ընդդիմության մյուս թեւն էլ` «Ժառանգությունն» է,որը փորձում է հասարակությանը ապացուցել, որ ամենասուր, ամենալավ ընդդիմություննինքն  է: Այսօր թիմ չի երեւում, իսկ Կոնգրեսը, իհարկե, դեռ թիմ չէ»: «Ժառանգության» արտահայտած տեսակետը, թե Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը ապացույց է, որ ՀՀԿ-ն վախենում է, ըստ Գ. Սահակյանի, ունի իր բացատրությունը: « «Ժառանգությունն» այսօր  այնպիսի վիճակում է, որ չի կարողանա 7 տոկոսի շեմը հաղթահարել, եւ ժողովրդի մոտ արադարացումն այն է լինելու, որ Գագիկ  Բեգլարյանը ժամանակից շուտ նշանակվեց, որ ընտրությունները կեղծվել են: Հետո էլ, երբ հայտարարում ես, որ առաջին համարը պետք է լինի Գագիկ Բեգլարյանը, պետք է նաեւ նշանակվի»,- ասաց Գ.Սահակյանը: Ըստ Գալուստ Սահակյանի, եթե նման քայլի չգնային,  երկու-երեք ամիս քաղաքապետարանի աշխատանքները կպասիվանային. «Եթե դա լծակ են համարում, ապա ասեմ, որ Հանրապետականը դրանից բարձր եւ մեծ լծակների է տիրապետում, որովհետեւ ըստ էության իշխանության հիմնական մասը Հանրապետականի ձեռքում է»: Չնայած Հանրապետականի լծակներին` Գալուստ Սահակյանը բոլորին էլ մրցակից է համարում, «բայց կոալիցիոն ուժերն ավելի շատ ձայներ կունենան, քան այլ ուժեր, քանի որ ընդդիմության դեմքերը շատ անհասանելի են ինձ, չեմ կարող ասել` որակ կապահովեն, թե ոչ»: Ինչ պիտի աներ ընդդիմությունը, որ չի անում հարցին էլ Սահակյանը պատասխանում է. « բաց քննարկումներ, ցուցակի ձեւաչափերի մասին խոսեին»: Երվանդ Զախարյանն էլ, ըստ Գալուստ Սահակյանի ներկայացրածի,  բավականին կարող ուժ է եւ բավականին լավ քաղաքապետ է եղել, բայց թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, որովհետեւ «այդպես ենք որոշել, մտածել ենք այսպես ավելի մոտ կլինենք շատ ձայն վերցնելու, առավել եւս, որ որոշակիորեն թարմություն կմտնի աշխատանքներում»: Այն պնդումն էլ, թե Հանրապետականը կամաց-կամաց  փորձում է տարիքով կուսակացականներին քաղաքական դաշտից մի կողմ մղել, ըստ բանախոսի հիմնավորված չեն. «Չեմ կարծում թվաբանություններով է որոշվում` ով է մեծ, ով է փոքր, ով է ավելի  գեղեցիկ, հզոր, պարզապես ՀՀԿ-ն որոշել է էդպես, տեղը մեկն է, սա Երվանդ Զախարյանին չի վարկաբեկում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter