Ալբերտ Սուքիասյան. «Սուքիասյանների ընտանիքի անվտանգությունն ապահովված չէ Հայաստանի Հանրապետությունում»
Ալբերտ Սուքիասյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հայտնի է, որ մեր ընտանիքն իրեն պատկանող ՍԻԼ-Կոնցենռ Տնտեսական միավորումով և նրա հիմնադիր անդամ ձեռնարկություններով հանդերձ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: Մենք ժողովրդավարության ջատագովն ենք դեռևս անկախության առաջին իսկ օրերից և մշտապես ողջունել ենք կառավարության բոլոր այն քայլերը, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:
2007 թվականի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնին հաջորդող ամեն օր և ամեն ժամ մեզ` Սուքիասյանների ընտանիքի անդամների համար մեր Հայրենիքում անազատ և ահաբեկված ապրելու մղձավանջի են վերածվել: Պատճառը կայանում էր նրանում, որ Սիլ Կոնցեռնի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հրապարակավ հայտրարեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է ոչ թե գործող իշխանությունների թեկնածուին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
Այդ օրվանից սկսած պետական մեքենան իր ամբողջ կարողություններով և ապօրինի գործողություններով սկսել է աշխատել մեր ընտանիքի դեմ: Հարձակումների թիրախ դարձան ընտանիքին պատկանող ձեռնարկությունները և նրանց հետ համագործակցող տարբեր ընկերություններն ու անձինք:
Բջնի ընկերությունում և Սիլ Կոնցեռն-ի հետ համագործակցող Պիցցա Դի ռոմա ընկերությունում հարկային ծառայությունը սկսեցին ստուգումների իրականացման մի այնպիսի հարձակողական օպերացիա, որի կազմակերպվածության եւ կատարողական բարձր վարպետությամբ թերևս հավասարազոր է թշնամու դեմ ռազմական օպերացիային:
Դիմակավորված, զինված անձանց խմբերը միաժամանակ հարձակվեցին վերը թվարկված կազմակերպությունների վրա: Այդ հարձակումներն ուղեկցվում էին ձերբակալություններով, ընկերություններին պատկանող գույքի առգրավմամբ: Կարծես այդ ամենը կատարվում էր թշնամիների հանդեպ, որոնց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցասումը դեռևս երկար տարիների պատմություն ուներ:
Այս գործողություններով հայրենի իշխանությունները այլ քաղաքական հայացքներ ունեցող և քաղաքական այլ ճամբարներներում գտնվող յուրաքանչյուր մարդու ուղղակիորեն և լկտիաբար ցանկացան ցույց տալ իրենց բիրտ ուժը: Հարցերի լուծման ուժային մեթոդի կիրառման այս ազդանշանը վկայում էր այն մասին, որ նրանք ովքեր իրենց հետ չեն, իրենց թշնամիներն են:
Թերևս թշնամական գործողությունների կիրառման կիզակետը հանդիսացավ Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության հետ կատարված հաշվեհարդարը:
Գործարանի հետ տեղի ունեցած իրադարձություններն իրենց յուրահատկությամբ գրավեցին նաև միջազգային բազմաթիվ կառույցների և ներքաղաքական ուժերի ուշադրությանը: Ընկերության նկատմամբ հարկային ծառայողների հարձակման արդյունքը եղավ այն, որ կազմվեց ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամի (13 միլիոն ԱՄՆ դոլար) չափով բնօգտագործման վճարի գծով ակտ:
Հարկային ծառայության աշխատողները հարձակողական օպերացիայի շարունակականության տրամաբանության մեջ ընկերությանն առաջարկեցին այդ գումարը վճարել տասնօրյա ժամկետում: Ակտը կազմելու հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ իբր ընկերությունը հանքավայրի վրա 2005թ.պետական մարմինների կողմից դրված հաշվիչը սխալ վայրում էր տեղադրել, և այդ իսկ պատճառով հարկային ծառայողները հաշվարկել էին գետնի տակից դուրս եկած հանքային ջրի արագությունը (լիտր/վայրկյան) և այդ հաշվարկը տարածել էին ամբողջ ժամանակաշրջանի վրա:
Այս իրադարձությունների աբսուրդը կայանում է նրանում, որ` ա) հաշվիչը 2005թ. գարնանը տեղադրել և կապարակնքել էր ՀՀ բնապահպանության նախարարության տեսուչը, բ) 2005թ. աշնանը նույն պահպանության նախարարությունը ստուգում էր անցկացրել ընկերությունում և արձանագրել, որ խախտում առկա չէ, գ) 2005թ. աշնանը հարկային ծառայությունը ստուգում էր անցկացրել ընկերությունում և արձանագրել, որ բնօգտագործման վճարի մասով որևէ խախտում առկա չէ, դ) 2006թ. գարնանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկին ստուգում էր անցկացրել և արձանագրել, որ որևէ խախտում առկա չէ, ե) հանքավայրից ջուրը մշտապես հոսում է և լցվում է գետը և ընկերությունը վճարում է այն ջրի համար, որը խողովակով վերցնում է, զ) դատարանում ՀՀ բնապահպանության նախարարության տեսուչը ցուցմունք է տվել ասելով, որ հաշվիչը 2005թ. ինքն է տեղադրել և որ 2008թ. ստուգման ժամանակ հաշվիչը նույն տեղում է եղել:
Ակտը ընկերության կողմից բողոքարկվեց, սակայն այս դեպքում էլ փաստորեն Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը իր վճռում ասեց իր ՙծանրակշիռ՚ խոսքը` մերժելով ապօրինի ակտի դեմ բերված հայցը: Իհարկե հակառակ սրան հարկային ծառայության հայցը` ակտի գումարը բռնագանձելու մասին` բավարարվեց և ապօրինությունները թևակոխեցին մի նոր փուլ:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ իշխանության մահակի հարվածից բաժին հասավ նաև գործարանի աշխատողներին ևս: Գործարանի աշխատողների կողմից բողոքի ձայն բարձրացնելու համար խաղաղ երթ և հանրահավաք անցկացնելու բազմաթիվ դիմումները մերժվեցին Երևանի քաղաքապետի կողմից: Բազում անգամներ ներկայացված դիմումները մեկը մյուսի հետևից արժանացման նույն բախտին: Այս անգամ կարծես Երևանի քաղաքապետի մոտ էր մեծ ցանկություն առաջացել երկրի բարձրաստիճան ղեկավարներին հաճոյանալու և Սուքիասյանների ընտանիքին վարկաբեկելու գործում իր ավանդը ունենալու հարցում:
Երևանի քաղաքապետի հանրահավաքները և երթերն արգելելու որոշումների դատական բողոքարկումը արժանացավ նույն բախտին: Այս երկիրը դարձրել են սահմանփակ պատասխանատվությամբ ընկերություն և մարդու իրավունքները ոտնահարում են անմարդկային ձևով:
Սուքիասյաններին վարկաբեկելով զբաղվում են մի քանի հեռուստաընկերություններ /այդ թվում հանրային հեռուստատեսությունը/ եւ մի շարք իշխանամետ թերթեր:
Այս պայմաններում Սուքիասյանների ընտանիքի անվտանգությունն ապահովված չէ Հայաստանի Հանրապետությունում: Այդ պատճառով է, որ Սուքիասյան չորս եղբայրներից երեքը գտնվում են ընդհատակում` երկրի սահմաններից դուրս:
Մենք նաեւ համոզված ենք, որ մեր ընտանիքի անդամներին սպառնում է նաև ֆիզիկական վտանգ, մենք գիտակցում ենք, որ մեր դեմ հյուսվում են նոր սադրանքներ, քանի որ իշխանական խումբը ոչնչի առջև չի կանգնի քաղաքական հաշվեհարդարը մինչև վերջ հասցնելու համար: Դատեք ինքներդ` կազմակերպում են աճուրդի դրված գույքի գաղտնի գնահատման աշխատանքներ, հարկադիր կատարման գործընթացում պարտապան ընկերություն են ուղարկում սև, առանց տարբերանշանի, դիմակավորված անձանց, ձերբակալում եւ ամիսներով անազատության մեջ են պահում աշխատակիցներին, մաքսային տեռոր են իրականացնում մի շարք մեզ պատկանող ընկերությունների նկատմամբ եւ այլն: Աճուրդով, ապօրինի և օրենքների կոպիտ խախտումով ՙԲջնի՚հանքային ջրերի գործարանը վաճառեցին իրենց ստորաքարշին 13 մլն. ԱՄՆ դոլարով, և սա այն դեպքում, երբ անկախ միջազգային աուդիտորական ընկերությունը 2008թ. գործարանը գնահատել էր 34 մլն. ԱՄՆ դոլար:
Այս փաստերին ոչ միջազգային հանրությունը և ոչ էլ ներդրողները չեն կարող անտարբեր նայել: Չէ, որ նույն զոհասեղանին վաղը կարող են հայտնվել նաև ներդրողները: Այն պետությունը, որը սեփականության և մարդու անձեռնամխելիության իրավունքները օրը ցերեկով ոտնահարում է, չի կարող համարվել իրավական պետություն, ինչպիսին հռչակված է Հայաստանի Հանրապետությունը:
Սակայն մենք վճռական ենք պաշտպանել մեր օրինական իրավունքները եւ պատրաստվում ենք կազմակերպել տարբեր տեսակի օրինական միջոցառումներ` մասնավորապես`
1. կազմակերպել բողոքի ակցիաներ,
2. դիմել դատական ատյաններին, ընդհուպ Եվրոպական դատարան,
3.ստեղծել հասարակական կազմակերպություն (ի պաշտպանություն Սուքիասյան ընտանքի)
3. համապատասխան փաստաթղթեր հանձնել դեսպանատներին
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք Ձեր օժանդակությունը և գնահատականը:
Հարգանքներով`
Ալբերտ Սուքիասյան
Հ. Գ. - 1. Սուքիասյանների ոչնչացման խումբը (բանդան) ղեկավարում է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը, անդամներն են` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մ. Մինասյանը (Ս. Սարգսյանի փեսան), ՀՀ Նախագահի օգնական Գ. Կոստանյանը դատարանների հարցով, ՀՀ. գլխ. դատախազ Ա. Հովսեփյանը և ԴԱՀԿ ծառայության ղեկավար Մ. Պողոսյանը:
Նամակն ուղղվել է. ՀՀ Մարդու Իրավունքների պարշտպան պրն. Ա. Հարությունյանին, Եվրոպայի Խորհրդի Գրասենյակի,
Գլխ. Քարտուղարի հատուկ ներկայացուցչին, ՄԱԿ-ի Հայաստանյան Գրասենյակ, ԵԱՀԿ-ի Հայաստանի Գրասենյակ, Ռուսաստանի Դեսպանություն, ԱՄՆ Դեսպանություն, Բուլղարիայի Դեսպանություն, Գերմանիայի Դեսպանություն, Իտալիայի Դեսպանություն, Լեհաստանի Դեսպանատուն, Հունաստանի Դեսպանություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ ԹագավորությանԴեսպանություն, Ռումինիայի Դեսպանություն, Ուկրաինայի Դեսպանություն, Վրաստանի Դեսպանություն, Ֆրանսիայի Դեսպանություն, Համաշխարհային Բանկի Հայաստանյան Գրասենյակ, IFC -ի Հայաստանյան Գրասենյակ, ՎԶԵԲ պրն. Մ. Վայնշտեյնին, Human Rights Watch, Peter Semneby, John Prescot, ՄԻԺԻ, Հելսինկյան Կոմիտե
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել