HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Միջնաբերդը վերածվում է գերեզմանոցի

Հնագետները ահազանգում են` ոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանի պատմամշակութային` դեռեւս չպեղված հուշարձաններից մեկը` Արմավիր մայրաքաղաքի միջնաբերդը: Միջնաբերդը թեեւ պեղվում է 1962 թվականից, բայց շատ շերտեր դեռ բացված չեն: Միջնաբերդը շրջապատող Հայկավան, Արտագես, Արմավիր եւ Ջրաշեն գյուղերի բնակիչները հնավայրը գերեզմանոց են սարքել:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ իրենք քանիցս դիմել են այդ գյուղերի ղեկավարներին` գերեզմանոցի համար նոր տարածքներ հատկացնելու, ինչպես նաեւ այդ վայրում թաղումներն արգելելու խնդրանքով: Արտագես համայնքի ղեկավար Դավիթ Ումրշատյանը չհերքեց գոյություն ունեցող խնդիրը եւ ասաց, որ Արմավիրի մարզխորհրդի նիստով այդ հարցին հաճախ են անդրադարձել: Նույնիսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բանավոր հորդորով արգելանք է դրվել հնավայրում շարունակվող թաղումների վրա:

«Այդ վայրում հիմնականում եզդիներն են թաղված: Նրանք հիմա էլ են շարունակում իրենց մեռելներն այստեղ բերել, քանի որ սովորություն ունեն թաղումները բարձր վայրերում անել»,- ասաց Արտագեսի ղեկավարը:

Ջրաշեն, Հայկավան եւ Արմավիր գյուղերի հայազգի հանգուցյալները եւս Արմավիր մայրաքաղաքի բլրի տակ են թաղվում, միայն թե նրանց գերեզմանները բլրի հակառակ կողմում են եւ ճանապարհից չեն նկատվում: «Մարդն ինքը պետք է հասկանա, որ միջնաբերդը գերեզմանոցի տեղ չէ: Թե չէ` արգելելով հարցը չի լուծվի: Ասենք` մեկը որոշել է իր մեռելը թաղել հենց այդտեղ` պապու կողքին, ո՞վ կամ ի՞նչ մեխանիզմներով պետք է արգելի նրան անել դա»,- ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Թեեւ Արմավիրի մարզխորհրդի նիստում բարձրացվել է միջնաբերդի հարեւանությամբ գտնվող գյուղերի համար գերեզմանոցի նոր տեղ առանձնացնելու հարցը, բայց մինչ օրս այն լուծում չի ստացել: Գյուղացիներն էլ, ուզած-չուզած, շարունակում են իրենց հանգուցյալներին միջնաբերդի տարածքում հուղարկավորել: Չորս գյուղերի համար գերեզմանոց դարձած հնավայրը անտիկ շրջանի եւ մեր օրերի իսկական խառնարան է հիշեցնում: Վերջերս հուղարկավորված հանգուցյալի շիրիմի կողքին կարելի է տեսնել հունական հնագույն սեպագիր արձանագրություններ:

«Չի բացառվում, որ գերեզմանի տերը մի օր այդ սեպագիրը լինգով մի քանի կտոր անի ու նետի մի կողմ: Բայց չէ՞ որ դա Հայաստանի պատմության ուսումնասիրության բացառիկ սկզբնաղբյուր է»,- մտահոգություն հայտնեց հնագետ Ավետիսյանը եւ որպես հիմնավորում նշեց ոչ վաղ անցյալում ճանապարհաշինությանը «խոչընդոտող» ուրարտական սեպագիր արձանագրության պայթեցումը Կոտայքի մարզի Էլառի գյուղում: Հանրապետության գլխավոր հնագետի փոխանցմամբ` չնայած խորհրդային տարիներից իրենց ինստիտուտը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է բնակավայրերի ներսում կամ դրանց հարեւանությամբ գտնվող հուշարձանների անվտանգությունն ու պահպանությունը կազմակերպելու համար, բայց արդյունքն իրենց չի գոհացրել. շարունակվել է հուշարձանների ոչնչացումը թե դրանց տարածքները սեփականացրած տերերի, թե գանձագողերի կողմից: Ու, թեեւ «Հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքն արգելում է հուշարձանի տարածքի օգտագործումը նույնիսկ հուղարկավորության նպատակով, բայց արգելման մեխանիզմի բացակայությունն էլ հենց թույլ է տալիս խախտել օրենքը:

«Իր մշակույթը հարգող ու պահպանող յուրաքանչյուր երկրում եթե որեւէ տարածք է հատկացվում ինչ-որ մեկին, անկախ նրանից` տվյալ տարածքում կա՞ն բացահայտված հուշարձաններ, թե` ոչ, որեւէ ծրագիր կյանքի չի կոչվում, մինչեւ չի լինում հնագետների եզրակացությունն այդ վայրի վերաբերյալ»,- ասաց հնագետ Պավել Ավետիսյանը:

Մեր երկրում հնագիտական արժեքների նկատմաբ անտարբեր վերաբերմունքը ժառանգել ենք խորհրդային տարիներից: Օրինակ` Արմավիր մայրաքաղաքի տարածքն իր միջնաբերդով ոտնատակ է արել խորհրդային բանակը` ուսումնավարժական նպատակների համար խրամատներ փորելով: Բայց հնագետները համոզված են, որ այդքանից հետո նոր շերտեր կան: Եթե մոտ ժամանակներս Արմավիրի բլրի ստորոտում չարգելվեն թաղումները, ապա ոչ հեռու ապագայում բլուրն ամբողջությամբ կդառնա գերեզմանոց, իսկ դրա հետագա ուսումնասիրությունը` անհնար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter