Կառավարությունը չի շտապում կատարել 5 տարի առաջ ընդունած օրենքի պահանջը
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի` տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) ունեն պետության կողմից պատվիրակված լիազորություններ: Սա նշանակում է, որ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է վերոհիշյալ oրենքով փոխանցվել համայնքներին` որպեu պետության պատվիրակած լիազորություններ:
Պետության պատվիրակած լիազորություններն ամբողջովին եւ պարտադիր պետք է ֆինանuավորվեն պետական բյուջեից, պետք է իրականացվեն oրենքով կամ կառավարության uահմանած կարգով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի անցումային դրույթներով նաեւ սահմանվում է. «Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչեւ 2003 թ. հուլիuի 1-ը uահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը եւ համապատաuխան ֆինանuական միջոցները»: Պետական լիազորված մարմինը Տարածքային կառավարման նախարարությունն է:
Անցել է ավելի քան 5 տարի, սակայն վերոհիշյալ կարգը չի սահմանվել: Մինչդեռ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են կատարման համայնքի առաջնահերթությամբ եւ oրենքով uահմանված կարգով:
Համապատասխան օրենքի ու կարգի բացակայության հետեւանքով ՏԻՄ ներկայացուցիչները թյուրըմբռնում ունեն պետության պատվիրակած լիազորությունների վերաբերյալ եւ թերակատարում են այն: Այս իրավիճակը որոշ իմաստով շահեկան է ՏԻՄ ներկայացուցիչների համար, քանի որ առաջին հայացքից` չկան պատվերներ, չկան հատկացված ֆինանսական միջոցներ, հետեւապես աշխատանք կատարել էլ պետք չէ: Սակայն կան նաեւ պատվիրակված լիազորություններ, որոնք համայնքները իրականացնում են առանց նախատեսված պետական ֆինանսավորման: Կնշանակի` համայնքային բյուջեները զրկվում են նախատեսված համալրումից:
Կենսական պահանջները տանում են նրան, որ առանց նախատեսված կարգ ու օրենքի ընդունման` համայնքներին աստիճանաբար փոխանցվում են պետական մարմիններին վերապահված որոշ լիազորություններ: Ինչպես, օրինակ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների հանձնումը քաղաքային համայնքներին, կամ անասնաբույժի հաստիքի նախատեսումը աշխատակազմերի հաստիքացուցակներում: Փոփոխությունների մի մասը կատարվում է ՏԻՄ օրենքի` անցումային դրույթներում նախատեսված ձեւով, մի մասը կատարվում է ժամանակի պահանջով, մի մասը կատարվում է առանց պետության պարտադիր ֆինանսավորման, եւ կան պատվիրակված լիազորություններ, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա:
ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունները 19-ն են.
- Քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանություն
- Ֆինանսներ
- Հասարակական կարգի պահպանություն
- Հողօգտագործում
- Տրանսպորտ
- Կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքներ
- Աշխատանք եւ սոցիալական ծառայություն
- Գյուղատնտեսություն
- Բնության եւ շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն:
Քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում ՏԻՄ-երին պատվիրակված լիազորություն է տեղամաuային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորման ապահովումը: Այս լիազորության իրականացման համար ՏԻՄ-երը ֆինանսավորում չեն ստանում:
Այս հարցերով զրուցեցինք նաեւ ՏԻՄ ներկայացուցիչների հետ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վանիկ Բադոյանը այս թեմայով մեր ծավալած զրույցի ժամանակ նշեց, որ տեղամաuային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորում ապահովելն իրականացնում են առանց ֆինանսավորման, իրենց ռեսուրսներով: Համայանքապետարանի հաշվապահ Առաքել Նաջարյանը հայտնեց, որ իրենք միայն գումար են ստանում անասնաբույժի հաստիքի համար, որի առնչությամբ կնքվում է եռակողմ պայմանագիր անասնաբույժի, համայնքապետարանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի միջեւ: Թե՛ Ծովազարդի համայնքապետարանի ներկայացուցիչները, թե՛ Լճափ համայնքի ղեկավար Հայկ Սիմոնյանը նշեցին, որ գյուղատնտեսության բնագավառում պետության պատվիրակած մեկ այլ` համայնքի տարածքում գյուղատնտեuական մշակաբույuերի հիվանդությունների, վնաuատուների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների համար գյուղատնտեսության նախարարությունից տրամադրվում է դեղորայք, որը բաժանվում է համայնքի հողօգտագործողներին: Լճափի համայնքապետի տեղեկացմամբ` համայնքին տարին մեկ անգամ տրամադրվում է մկնդեղ 25-50 կգ-ի չափով, որը բավարարում է իրենց համայնքին: Մկնդեղի հետ տրամադրվում է նաեւ օգտագործելու համապատասխան հրահանգ: Սակայն իրենց համայնքը գյուղատնտեսի կարիք ունի, որովհետեւ հողօգտագործողների մեծ մասը լավատեղյակ չէ մշակաբույսերի ցանքաշրջանառության հետ կապված հարցերին:
Ահա մի պատվիրակված լիազորություն (ստանալ դեղորայքը, բաշխել, հրահանգավորել), որը չի փոխհատուցվում պետության կողմից: Սակայն սա միակը չէ:
Կառավարությունը 2003 թ. մայիսի 29-ի գ 750-Ն որոշմամբ սահմանել է ՏԻՄ-երի կողմից գույքահարկի եւ հողի հարկի, եկամուտների հաշվառումը եւ վճարումների կազմակերպումը` դրանց իրականացման համար հաստատելով 3 կարգ, սակայն դրանցում ներառված չէ պետության պատվիրակած այս լիազորության ֆինանսավորման հարցը: Արդյունքում` ֆինանսների բնագավառում պետության պատվիրակած այս լիազորությունը նույնպես համայնքապետարաններն իրականացնում են առանց ֆինանսական համապատասխան փոխհատուցման: Ի դեպ, համայնքներն էլ իրենց հերթին չեն սպասում նման փոխհատուցման:
Կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում ՏԻՄ-երին պատվիրակված լիազորություն է ՀՀ տոների եւ հիշատակի oրերի հետ կապված միջոցառումների կազմակերպումը: Սակայն նման միջոցառումները կազմակերպվում են ավանդույթի համաձայն կամ խանդավառության հիմքով: Արդյունքում ավելի հաճախ ունենում ենք ցածրաճաշակ, գավառական մակարդակի միջոցառումներ, որոնք չեն համապատասխանում մեր կրթական եւ մշակութային պահանջմունքներին: Ֆինանսավորումը պատասխանատվություն է:
Իսկ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՏԻՄ-երին պետության պատվիրակած լիազորությունները պարզապես աբսուրդային են: Դրանք են`
«բնության պահպանության բնագավառում վերահuկողության իրականացնումը,
«ընդերքի, անտառային, ջրային եւ oդային տարածքների, ինչպեu նաեւ բուuական ու կենդանական աշխարհի oգտագործման եւ պահպանման միջոցառումների կազմակերպումը,
«հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով եւ արտադրական թափոններով աղտոտումից հողերի պահպանության ապահովումը:
Գիտական, գիտահետազոտական ինստիտուտներին հարիր լիազորություններ են պատվիրակված ՏԻՄ-երին, որոնց մեծ մասը պահանջում է հսկայական ֆինանսական ռեսուրսներ: Հապա մարդկայի՞ն ռեսուրսների հարցը...
Երբ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառի պատվիրակված լիազորությունների իրականացման հարցը դիտարկում ես մեր խեղճուկրակ, սահմանամերձ, հեռավոր, մինչեւ 50 բնակիչ ունեցող համայնքների տեսանկյունից, պարզապես հայտնվում ես «արմանք-զարմանքի մեջ»: Աչքիդ առաջ են գալիս փակ համայնքապետարանները, աշխատավայրում հազվադեպ հանդիպող համայնքապետերը, որոնք, չգիտես ինչու, անվերջ գնում են նախկին շրջկենտրոն, մարզկենտրոն ու Երեւան, եւ ակամա միամիտ հարց է ծնվում` ու՞մ համար են գրվում մեր օրենքները` մե՞ր, թե՞ գալիք սերունդների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել