HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«950 հազար դրամով մանկապարտեզ չի գործի»

Համայնքապետի խոստումնալից պայմանագրերը գուցե գյուղին նման «ճոխություն» պարգեւեն հաջորդ տարի

Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղական համայնքի ղեկավար Վասիլ Գրիգորյանը հիշում է նախորդ տարիները, երբ հարեւան գյուղի` Նոր Աստղաբերդի (նախկինում` Փայահան) համայնքապետ էր ընտրվել, բայց չկարողացավ աշխատել: Գյուղացիները նրան մեղադրեցին գյուղի տնտեսությունը քայքայելու, գույքը քամուն տալու մեջ:

Սակայն, չգիտես ինչու, չորս տարի առաջ նրան նորից ընտրեցին համայնքապետ, այս անգամ` Գեղիի (2008 թ. վերընտրվել է): «Զարմանալու ոչինչ չկա, բողոքեցին մարզպետարան, իրավապահ ատյաններ, բայց ժամանակն ամեն ինչ պարզեց»,- ասում է Վ. Գրիգորյանը: Հիմա էլ գյուղացիները պահանջում են գյուղում մանկապարտեզ բացել, բայց միջոցներ չկան: Մոտ 6 տարի առաջ դպրոցին կից մանկապարտեզ է գործել, բայց երբ դպրոցներն առանձնացվեցին, համայնքի բյուջեով հնարավոր չէր մանկապարտեզ պահել, իսկ մանկապարտեզը զբաղեցնում էր դպրոցի մեկ մասնաշենքի առաջին հարկը: «Գյուղի բյուջեն չի հերիքի նման ճոխության համար: Հա, ես էլ ունեմ մանկահասակ երեխա, ու այդպիսի 22 երեխա կա գյուղում, բայց հլա ժամանակը չի»,- համոզված է համայնքապետը: Գյուղացիներն այլ կարծիքի են: Գյուղի ավագանու նորընտիր անդամներից Վաչե Օհանջանյանը հայտնեց, որ 2009 թ. բյուջեն ավելացել է 950 հազար դրամով: «Բա էդքան փողն ի՞նչ ա անելու, դնի` մանկապարտեզ բացի: Համ էլ վճարովի ա լինելու, մենք մուծելու ենք մեր երեխեքի կերածը»,- ասաց գյուղացիներից Ասյա Դավթյանը: Համայնքի ղեկավարն, իհարկե, չի դժգոհում բյուջեի եկամուտների ավելացումից` 4 մլն 950 հազար դրամ` նախորդ տարվա 4 մլն դրամի փոխարեն, որից 2 մլն դրամը կառավարության տրամադրած լրավճարն է: Ըստ համայնքապետի` գյուղի վարչական տարածքից վարձակալությամբ հողամասեր են հատկացվել մի քանի ընկերությունների: Այսպես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 25 տարի ժամկետով, 2008 թ. դեկտեմբերի 30-ից վարձակալել է գյուղի տարածքում գտնվող արհեստական ջրամբարը: Նպատակն այն է, որ լճի ջուրն օգտագործվի նաեւ ոռոգման նպատակով: Բացի սրանից, գյուղացիների մի մասն աշխատում է այնտեղ: «Էնպես որ, շահավետ պայմանագիր ենք կնքել` ի բարօրություն համայնքի զարգացման»,- կարծում է համայնքապետը: «ԲԱՄՕ-ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի հետ 2008 թ. նոյեմբերից 4 տարով տարեկան 1 մլն 300 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել. ընկերությունը օգտակար հանածոներ գտնելու համար հետազոտում է գյուղի ընդերքը: «Սաքո-Սոս» ՍՊԸ-ն էլ Գեղիի տարածքում մարմարի հանքավայրեր է փնտրում: «Իսկ մարմարի հանքեր կա՞ն»,- հարցնում ենք համայնքապետին: «Ի՞նչ իմանամ, հլա ասում են, որ պարզ չի, ման են գալիս,- ասում է Վ. Գրիգորյանը,- չեմ կարծում, որ ընդերքը հետազոտելով` վնասում են գյուղի հողատարածքները: Էն էլ ասեմ, որ մեր գյուղում էդքան շատ բերրի հողեր չկան, տնամերձներ են: Վարձակալության տալը օգուտ է բերում գյուղին, բյուջեն լցվում է»: 2007 թ. սեպտեմբերին 2 տարի ժամկետով կնքված այս պայմանագիրը համայնքի բյուջեն տարեկան կավելացնի 60 հազար դրամով: «Մորմոն» ՍՊԸ-ն էլ, որը գյուղում փոքր ՀԷԿ է կառուցել, տարեկան 23 հազար դրամ գույքահարկ է վճարում: Համայնքապետն ուրախությամբ է նշում, որ 128 տնտեսություն ու 420 բնակիչ ունեցող գյուղի մոտ 50 %-ը աշխատանք ունի: «Չկա այնպիսի տուն, որ գոնե տան մեկ անդամը չաշխատի»,- ասում է եւ ավելացնում, որ միայն 12 հոգի աշխատում էին Իրան-Հայաստան գազատարի շինարարությունում: Այդ իսկ պատճառով էլ համայնքապետարանը մտահոգ չէ հողի հարկերի գանձմամբ` մարդիկ վճարում են: Համայնքապետարանը խնդիրներ ունի միայն տրանսպորտային միջոցների գույքահարկի հետ կապված: Վերջերս Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասել էր, որ կառավարությունում նախապատրաստում են օրենսդրական փաթեթ, որը կնպաստի գույքահարկի` տարիներով կուտակված պարտքերից ազատվելուն: «Պետավտոտեսչությունից ձեզ կուղարկեն այն մեքենաների ցանկը, որոնք համարվում են խոտանման ենթակա կամ հին համարանիշ ունեցողներ, ու օրենքն ընդունվելուց հետո դրանք կարող եք բազայից հանել»,- տեղեկացրել էր փոխվարչապետը: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա բյուջեի եկամուտները նպատակաուղղվում են համայնքի հոգսերին` գյուղամիջյան ճանապարհի փոսային նորոգումներ են կատարել, Ամանորի նվերներ են տրվել միայնակ ծերերին ու գյուղի երեխաներին: «Նաեւ` աշխատավարձ ենք վճարում, էլեկտրաէներգիայի, վառելափայտի համար ենք վճարում»,- ասում է համայնքապետը: Համայնքապետարանն իր ենթակայության հաստատություններով ընդամենը 7 աշխատող ունի` համայնքի ղեկավար, տեղակալ, աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, հավաքարար, նաեւ` մշակույթի տան տնօրեն ու գրադարանի վարիչ: Այս աշխատակիցների միջին աշխատավարձը 40-70 հազար դրամ է: Ավագանին հաստատել է նաեւ գյուղի զարգացման ու կառավարման քառամյա ծրագիրը, ըստ որի` առաջնահերթ պետք է լուծվի խմելու ջրի հարցն ու նորոգվի մշակույթի տունը: Խմելու ջուրը «Հայռուսգազարդի» միջոցներով գրեթե գյուղ է հասցվել` 400 մ խողովակի հարց է մնում, այն էլ կլուծեն համայնքի բյուջեով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ գյուղի հանդիսությունների սրահը նորոգվել է, կահավորվել: Համայնքապետը հույս ունի, որ ընթացիկ տարում էլ մշակույթի տունը կնորոգվի: Գյուղի ավագանու անդամների ու բնակիչների հետ մեր զրույցներից պարզվեց, որ նրանց այնքան էլ չեն հետաքրքրում բյուջետային ծախսերը: «Երեւացող գործեր անեն` ջուրը բերեն, տրանսպորտը աշխատացնեն, կլուբը նորոգեն` հերիք ա գյուղացուն»,- ասաց գյուղի բնակիչներից Ռազմիկ Խաչատրյանը: Ավագանու անդամները գուցեւ տիրապետում են բյուջեի հոդվածներին, բայց ըստ նիստերի արձանագրության` բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: ՀՀ գյուղատնտեության նախարարության ու Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ձեռնարկությունների փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում անցած տարի համայնքը ձեռք է բերել մինի տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա: Այս ձեռնարկին աջակցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` վճարելով համայնքի 10 % ներդրումը: «Տանեմ ցույց տամ, որ գարաժում ա, նորմալ վիճակում, ձյունը հալվի, գարնանացանը սկսելու ենք, ու տեխնիկան ողջ գյուղն օգտագործելու է»,- չգիտես ինչ մտածելով` ասաց համայնքապետը:Վասիլ Գրիգորյանը վստահ է, որ եթե Գեղիից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Աստղաբերդն իրենց գյուղին միացնեն, տնտեսությունների խոշորացումից կշահեն գյուղացիները: Լսել է, որ կառավարությունում համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթ կա: Նա միանշանակ պնդում է, որ այդ որոշումն իրագործելու ժամանակ Նոր Աստղաբերդը պիտի իր ղեկավարած համայնքին միացնեն, որովհետեւ ինքն ունի համայնքապետարան, դպրոց, գրադարան: Մինչդեռ 62 բնակիչ ունեցող Նոր Աստղաբերդ գյուղը չունի դպրոց, մանկապարտեզ, իսկ գրադարանն ու համայնքապետարանը տեղակայված են մի փոքրիկ տնակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter