HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հողերի վաճառքը թափանցիկ չէ

09_03-ijevanԻջեւան քաղաքի Երեւանյան 45 հասցեում գտնվող 189 քմ տարածքը, մեր ունեցած տեղեկություններով, 2008 թ. վաճառվել է հասարակական կառուցապատման նպատակով: Այդ հողամասը գտնվում է կենտրոնական մայրուղու եզրին, քաղաքի միակ թանգարանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հարեւանությամբ: Նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումում գրանցվել է անցյալ տարվա հոկտեմբերին` Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Վոլոդյա Մաթեւոսյանի անունով: Այդ հողամասում հիմա կառույցի հիմքեր են փորվել, որի պատճառով մոտակա թաղամաս տանող ճանապարհն այնքան է նեղացել, որ հազիվ մի մեքենա կարող է անցնել` զառիթափից գլորվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Որքանո՞վ է նպատակահարմար մարզկենտրոնի միակ թանգարանի եւ սրբություն համարվող հուշարձանի կողքին ինչ-որ «օբյեկտի» կառուցումը: Այդ հողամասի վաճառքը կայացել է ավագանու նախկին կազմի գործունեության ժամանակ (Իջեւանում ավագանու վերջին ընտրությունը կայացել է 2008 թ. հոկտեմբերի 19-ին): Զարմանալի է, սակայն քաղաքի ավագանու նախկին կազմի շատ անդամներ անտեղյակ էին թանգարանի եւ եղեռնի զոհերի հուշարձանին հարակից հողամասի օտարումից: «Վերջին 4-5 ամսում ավագանու նիստերին չեմ մասնակցել, հողամասի վաճառքից տեղյակ չեմ, իսկ ճանապարհի եզրին քանդածը տեսել եմ, բայց չգիտեմ, թե ու՞մ է պատկանում հողը»,- ասաց ավագանու նախկին անդամ Գերասիմ Դավթյանը: Վահե Ղալումյանը եւ Վարդան Ղալումյանը Իջեւան քաղաքի ավագանու անդամներ են եղել եւ անցյալ տարվա հոկտեմբերին վերընտրվել են: Նրանք քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցը չեն համարվում: Ղալումյաններն ասում են, որ չեն ստորագրել այդ հողամասն օտարելու` ավագանու որոշումը: «2005 թ. հոկտեմբերից մինչեւ հիմա ավագանու անդամ եմ, բոլոր նիստերին, բացի 2-ից, մասնակցել եմ, բայց ոչ մի անգամ նիստի արձանագրության տակ չեմ ստորագրել»,- հայտնեց Վահե Ղալումյանը: -Ինչու՞,- հարցնում եմ: -Չեմ պատճառաբանում,- ասում է նա: Վարդան Ղալումյանն էլ այս հողամասի օտարման հետ կապված մեր հարցերը կանխեց` ասելով, որ վերջին մեկ տարում ավագանու նիստերին չի մասնակցել: Այն տպավորությունը ստացանք, որ այս հողամասի օտարման հետ կապված հարցերին պատասխանելիս ավագանու անդամները զգուշավորություն են ցուցաբերում: Իջեւան համայնքի ավագանու նախկին անդամներ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոսներ Նելլի Խուդավերդյանն ու Մարատ Զուրաբյանն էլ ասացին, որ անտեղյակ են եւ չեն ստորագրել այդ հողամասն աճուրդի հանելու որոշման տակ: Տրամաբանական կլիներ ավագանու որոշումները ստանալու համար դիմել Իջեւանի քաղաքապետարան: Սակայն վերջին մի քանի տարիներին ավագանու որոշումները ստանալու մեր մի քանի գրավոր հարցումներին Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանը չի պատասխանել: Այս անգամ փորձեցինք այլ ուղղությամբ գործել: Ավագանու որոշումների օրինակները, օրենքի պահանջով, յոթ օրվա ընթացքում ուղարկվում են մարզպետարան: Իջեւան համայնքի ավագանու 2008 թ. որոշումները ստանալու խնդրանքով դիմեցինք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին` նշելով, որ Իջեւանի քաղաքապետը ավագանու որոշումները չի տրամադրում, ուստի հարկադրված իրեն ենք դիմել: Մարզպետի պատասխանը ուսուցողական տարրեր էր պարունակում. «Հայտնում եմ Ձեզ, որ համայնքի ավագանու որոշումների մասին տեղեկատվություն տրամադրելը տվյալ համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում է: Խնդրում եմ Ձեզ, Իջեւան քաղաքի ավագանու 2008 թ. որոշումները ստանալու համար դիմել Իջեւանի քաղաքապետարան: Տեղեկացնում եմ նաեւ, որ մեր կողմից մեկ անգամ եւս հիշեցում է ուղարկվել Իջեւանի քաղաքապետին տեղեկատվություն տրամադրելու` օրենքով սահմանված իրենց պարտականությունների մասին»: Այսինքն` մարզպետը նույնպես դժվարանում է տրամադրել այն տեղեկատվությունը, ինչը յուրաքանչյուր իջեւանցու հասանելի պիտի լիներ: Իջեւան քաղաքի որեւէ հատվածում ավագանու առաջիկա նիստերի, ավագանու ընդունած որոշումների մասին տեղեկատվություն փակցված չէ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` ավագանու նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը պետք է հրապարակի ավագանու նիստի օրակարգի նախագիծը, տեղեկացնի նիստի ժամանակի եւ վայրի մասին: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցվելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր բնակչի` երեք հարյուր բնակչին ոչ պակաu, քան մեկ ցուցատախտակ: Սակայն, Իջեւանի քաղաքապետարանում անգամ ավագանուն առնչվող որեւէ տեղեկատվություն չկա: Քաղաքապետարանի շենքի առաջին հարկում այդ նպատակների համար նախատեսված «քաղաքապետարանի տեղեկատվություն» վերտառությամբ հայտարարությունների ցուցատախտակը գրեթե դատարկ է: Վերադառնալով Իջեւան քաղաքի Երեւանյան 45 հասցեում հողամաս ձեռք բերած անձին` նշենք, որ այն գնած Վոլոդյա Մաթեւոսյանը, մեր ունեցած տեղեկություններով, Տավուշի մարզի բարձրաստիճան, ծագումով ոչ տեղացի ոստիկաններից մեկի բարեկամն է, եւ հողամասը փաստացի հենց նրան էլ պատկանում է: Նաեւ սրանով կարելի է բացատրել ավագանու անդամների զգուշավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter