HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի անհատ տաքսիստները բողոքում են` ընդդիմանալով օրենսդիրի ու գործադիրի պահանջներին

09_03-taxiՆրանք համաձայն չեն օրենսդիրի կատարած այն փոփոխության հետ, որով անցած տարվա դեկտեմբերի 6-ից արդեն ձեռքի տակ պետք է ունենային գործունեության արտոնագիրն ու աշխատեին դրա սահմանած չափորոշիչներով: Կառավարության մշակած կարգի համաձայն` ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի գերազանցելու 10 տարին,  պետհամարանիշերը լինելու են դեղին, ուղեսրահում տեղադրվելու են տաքսամետր (սակաչափիչ), զբաղված լինելը կամ էլ չլինելն արտահայտող լուսացուցիչ, թափքի կողային մասում լինելու է շախմատաձեւ եւ տարբերանշմամբ գծանշում, տանիքին էլ` ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան: Եթե անցած տարվա ապրիլին ուժի մեջ մտած օրենսդրական այս փոփոխություններին տաքսի ծառայությունները ենթարկվեցին, ապա անհատ տաքսիստների ավտոմեքենաները շահագործված են 10 տարուց ավելի, դեռեւս սպիտակ պետհամարանիշով, առանց սակաչափիչի: Վանաձորում վերջին տարիներին լայնորեն տարածված տաքսի ծառայությունների կողքին անհատ տաքսի ավտոմեքենաների պահանջարկը չի մարել: Նրանք իրենց հաճախորդներն ունեն, ովքեր կարող են սակարկել` չստանալով կտրոն, որոշ դեպքերում էլ պայմանավորվել հետագայում վճարելու մասին: 69-ամյա անհատ տաքսիստ Ենոք Հովհաննիսյանը խնամքով պահում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականը: Այն վավեր չէ անցած տարվա դեկտեմբերի սկզբից, երբ  արտոնագրով գործելու Կառավարության պահանջը վերջնական դարձավ: Եթե արդեն անցած վկայականով վարորդ Հովհաննիսյանը ամսական վճարում էր շուրջ 12.000 դրամ հարկ` հաստատագրված վճար եւ սոցվճար, ապա արտոնագրի ձեռքբերման դեպքում նրա ծախսերն ավելանում են: 12.000 դրամ ամսական հարկին գումարվում է տարեկան 25.000 դրամ արտոնագրի վճարը, մինչեւ 25.000 դրամ  էլ` դեղին պետհամարանիշ ստանալու համար, 60.000-80.000 դրամ`սակաչափիչ գնելու համար: Սրանք այն պատճառներն են, որոնք Հովհաննիսյանին դարձրել են իշխանությունների պահանջներին ընդդիմացող: Նա կտրականապես դեմ է դեղին պետհամարանիշին, սակաչափին եւ ավտոմեքենայի տարիքի սահմանափակմանը: «Իմ ինչին է պետք էդ հաշվիչը, մարդիկ գիտեն, թե այստեղից, օրինակ, Դիմաց թաղամաս արժե 500 դրամ,- բողոքում է 39 տարվա տաքսիստը,- ուզում են կտրոն վերցնել, թող ուրիշ տաքսիից օգտվեն»: Վաստակած գումարն օրական կազմում է 1500-2000 դրամ, որով կարողանում է վճարել հարկերն ու լիցքավորել ավտոմեքենան: «2 հաց եմ կարում առնել տուն տանել,- ասում է թոշակառու վարորդ Հովհաննիսյանն ու զայրացած շարունակում խոսել կառավարության մյուս պահանջից` ավտոմեքենաների տարիքից,- իմ ավտոն 20 տարեկան է, բայց արդյոք կասես, հեչ չի տարբերվում արտասահմանյան նոր արտադրված ավտոմեքենաներից»: Հովհաննիսյանի գործընկեր Աղվան Սարգսյանը եւս զայրացած է: Նա եւս մասնակցել է գործընկերների վերջերս նախաձեռնած բողոքի ակցիային ու այնտեղ էլ պատմել իր բողոքը: «Ամեն առավոտ կնոջս գործի եմ տանում, ինչ է, հաշվիչը պիտի միացնեմ` նոր տանեմ»,- բողոքում է 60-ամյա վարորդ Սարգսյանը: Հաջորդ տարի լրանում է նրա ավտոմեքենայի 11 տարին: Դա նշանակում է, որ նա այլեւս չի կարող սեփական ավտոմեքենան որպես տաքսի օգտագործել ու կզրկվի օրական վաստակից: «Սեփական ավտոս ուզում են պետականացնել»,- ասում է 60-ամյա վարորդն ու հաշվում, թե ինչքան վնաս կարող է կրել` 15.000 դրամ էր վճարել սեփական պետհամարանիշ ձեռք բերելու համար, հիմա էլ մինչեւ 25.000 դրամ պիտի վճարի դեղինի համար, տարեկան 25.000 դրամ էլ` արտոնագրի համար, 60.000-80.000 դրամ էլ` սակաչափիչի: «Որտեղի՞ց: Հազիվ կարում եմ օրական 2000 դրամ աշխատել»,- հարցնում է Աղվան Սարգսյանը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը վստահեցնում է, որ օրերից մի օր բոլորն էլ կատարելու են օրենսդիրի եւ գործադիրի պահանջները: Տոնոյանն ասում է, որ տաքսիստները դեռ անցած տարի պետք է ձեռք բերեին արտոնագիր, որի համար տարեկան 200.000 դրամ պետական տուրք էին վճարելու: Անհատ տաքսիստների բողոքների արդյունքում կառավարությունը փոփոխեց գումարի չափը` նվազեցնելով մինչեւ 25.000 դրամ: Առանց սակաչափի, դեղին պետհամարանիշի աշխատելու դեպքում վարորդներին կարող են տուգանել, նույնիսկ եթե սեփական ավտոմեքենայով հարազատին է տեղափոխում: Առաջին տուգանքը կազմում է 20.000 դրամ, երկրորդ անգամ` 40.000 դրամ: Անընդհատ տուգանվելու դեպքում գործը կհասնի դատարան: 56 - ամյա Կարեն Պողոսյանը վերջին շրջանում գաղտնի է աշխատում: «Նշանը պահել եմ, թե չէ` կարող են տուգանել»,- ասում է նա ու պատմում իր տուգանքների մասին: Վերջին անգամ տուգանվել է անցած դեկտեմբերին` առանց արտոնագրի աշխատելու համար: Նախկին բրիգադավարը ցավով է խոսում իր աշխատանքային պայմանների մասին`պատմելով օրական քիչ երթերից ու չնչին վաստակից: «Սրանով քիչ թե շատ կարողանում էինք օրվա հացի փող հանել, էն էլ չեն թողնում»,-ասում է Պողոսյանը` մտորելով արտերկիր գնալու մասին: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ-ի իրավաբան Կարլեն Սահակյանը կառավարության պահանջը` հատկապես դեղին պետհամարանիշերի եւ ավտոմեքենաների տարիքի պահանջի հետ կապված, համարում է ՀՀ Սահմանադրության դրույթների խախտում: «Խախտվում է իրենց գույքի ազատ օգտագործման իրավունքը»,- ասում է Սահակյանը: Ըստ նրա` ավտոմեքենայի տեխզննումն արդեն բավարար է այն շահագործելու համար: «Որեւէ օրենքում չկա նման սահմանափակում` կապված տարիքի հետ, իսկ եթե կառավարությունը որոշում է ընդունել, որը չի հիմնավորվում որեւէ օրենքով, ուրեմն դա հիմնավորված չէ»: «Աքիլլեսը» վարորդներին օգնել է կառավարության սահմանած կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն կազմել եւ այն ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Ինչի են մեր հացը կտրում,- ասում է վանաձորցի տարեց տաքսիստ Հովհաննիսյանը,- հազիվ հարկ ենք վճարում ու մի երկու կոպեկ աշխատում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter