Հայտարարություն
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) 2009թ.-ի մարտի 3-ի դե ֆակտո ազատ լողացող փոխարժեքի ռեժիմին վերադառնալու որոշումն առաջացրեց տնտեսական գործակալների բուռն արձագանք: Հայտարարությունից րոպեներ անց Երևանում փակվեցին մի շարք խանութներ և վերանայվեցին բազմաթիվ ապրանքների գներ: Բանկերը մեծացրեցին արտարժույթի առքի և վաճառքի միջև առկա գնային լուսանցքը: Այս առաջին արձագանքից հետո էսկալացիայի վտանգը ներկայումս վերահսկվում է:
2008թ.-ի դեկտեմբեր ամսվա զեկույցում Policy Forum Armenia-ն (PFA) զգուշացրել է արտաքին տնտեսական/ֆինանսական ճնշումների զգալի աճի մասին՝ առաջարկելով կառավարությանը որդեգրել ՀՀ դրամի աստիճանական արժեզրկման քաղաքականություն: Չնայած որոշ առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերին, զեկույցում ընդգրկված այս և մի քանի այլ առանցքային առաջարկությունների գծով որևէ քայլ կամ այլընտրանքային միջոց չի կիրառվել:
Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաև ՀՀ տնտեսության վրա ազդող գործոնների խորության և տևողության վերաբերյալ չափից դուրս ավելի լավատես գնահատականից անհրաժեշտ էր խուսափել՝ հաշվի առնելով հապաղելու պատճառով ստեղծվելիք հնարավոր վնասները և այն հնարավորինս շուտ վերանայել:
Փոխարժեքի կամ գների (կամ երկուսի) նկատմամբ հսկողություն հաստատելու հետագա վարչական քայլերը շարունակական արտաքին տնտեսական ճնշումների առկայության պայմաններում արդյունավետ չեն կարող լինել: Այս կարգի միջոցառումներից հարկ է խուսափել՝ ելնելով այդ պահին ազատ լողացող փոփոխականի մեծ շեղումների (overshooting) վտանգից: Դրամի հետագա արժեզրկման (և/կամ սղաճի) սպասումները կարող են նվազեցնել փողի իրական պահանջարկը ավելի մեծ չափով, քան փողի իրական առաջարկի ներկայումս տեղի ունեցող կրճատումը: Կախված ԿԲ դիրքորոշումից` սա կարող է հանգեցնել կամ փոխարժեքի պաշարների հետագա կորստի, կամ ՀՀ դրամի հետագա արժեզրկման: Այս ամենը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես ներքին տնտեսության, այնպես էլ Հայաստանի արդեն իսկ շատ խոցելի ընթացիկ հաշվի համար:
Այս իրավիճակում քաղաքականության հուսալիության վերահաստատումը և հասարակության սպասելիքների պատշաճ կառավարումը պետք է դառնան առաջիկա ռազմավարության անկյունաքարերը: Այս առումով, ԿԲ-ն պետք է անկեղծ լինի 2008-ի աշնանից ի վեր իր առջև ծառացած բնույթով հակասական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այն սխալների վերաբերյալ, որոնք կարող են նպաստած լինել ներկայիս իրավիճակի ստեղծմանը: Այժմ վստահության մթնոլորտի ստեղծումը կարող է այնքան էլ դյուրին չլինել, սակայն այս իրավիճակում վստահության կորուստը կարող է լինել շատ վտանգավոր: Հայաստանում իրավիճակի կայունացումը բխում է յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու շահերից. մի փաստ, որն իշխանությունները պետք է օգտագործեն և ի պաստախան ցուցաբերեն հնարավորինս բարձր թափանցիկություն և հեռատեսություն: Սա կնպաստի վարվելիք քաղաքականության նկատմամբ վստահության և հավատի վերականգնմանը: Միայն փոխադարձ վստահության և ջանքերի միավորման դեպքում կառավարությանը և հասարակությանը կհաջողվի հաղթահարել ստեղծված իրավիճակը, խուսափել ներկա և ապագա ցնցումներից և ապահովել կայունությունը:
Վստահության մթնոլոտի ձևավորման միջոցառումներն ընդգրկում են կառուցվածքային քաղաքականության որոշ նախաձեռնություններ, որոնք տեղ են գտել PFA-ի 2008թ.-ի դեկտեմբերյան զեկույցում: Ամենաառանցքային միջոցառումների շարքում են. (1) փորձառու տնտեսագետներից և ֆինանսական փորձագետներից կազմված ճգնաժամի կառավարման խմբի ստեղծումը անկախ վերջիններիս կուսակցական պատկանելության, (2) հիմնական ներմուծող ընկերությունների գնային մենաշնորհների նվազեցմանն ուղղված արժանահավատ քաղաքական միջոցառումների իրականացումը և (3) տնտեսական գործունեությունների ծավալմանը խանգարող քաջ հայտնի խոչընդոտների նվազեցմանն ուղղված շուտափույթ քայլեր:
Առանց արժանահավատության իրականացվելիք ավանդական մակրոտնտեսական քաղաքականության գործիքները սահմանափակ ազդեցություն կունենան ստեղծված իրավիճակում, որոշ դեպքերում նույնիսկ դրական արդյունքներին զուգահեռ ունենալով սպասվածից ավելի մեծ բացասական հետևանքներ: Ինչպես հայտնի է, դրամավարկային խստացումը կարող է պակասեցնել արտարժույթի պաշարների վրա առկա ճնշումը և նպաստել սղաճային սպասումների նվազեցմանը: Սակայն, եթե այդ քաղաքականությունը չզուգորդվի հանրության օժանդակությամբ, այն ցանկալի արդյունք չի ունենա ազգային արժույթ պահելու ազգաբնակչության ցանկության վրա, և բացի այդ, կճնշի տնտեսական ակտիվությունը: Արժանահավատությունը նաև կարևոր է իրավիճակից բխող հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության ապահովման տեսանկյունից, երբ թիրախային սոցիալական ծախսերը վճռորոշ նշանակություն կունենան ինչպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար արժեզրկման բացասական հետևանքները, այնպես էլ դժգոհության և պոտենցիալ քաղաքական անկայունության հետևանքները կրճատելու տեսանկյունից:
7 մարտի 2009
Policy Forum Armenia
1250 I (Eye) Street N.W., Suite 710
Washington, D.C. 20005, USA
[email protected]
www.pf-armenia.org
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել