HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշակերտուհին ճակատագրի հեգնանքով դարձավ տնային տնտեսուհի

Սովորաբար 15-ամյա աղջնակն ավելի շատ զբաղվում է իրենով, ուշադրություն է դարձնում իր հագուստին, հարդարանքին: էջմիածինցի 15-ամյա Սյուզաննա Մարտիրոսյանը ոչ միայն ժամանակ չունի իրենով զբաղվելու, այլեւ այդ տարիքում արդեն ընտանիքի հոգս է քաշում եւ խնամում է 1-ին կարգի հաշմանդամ 69 տարեկան կույր տատին` Ջեմմա Չամչյանին:

Սյուզաննան ծնված օրից է դառնության պտուղները ճաշակել. նախ ընտանիքը լքել է հայրը, երբ ինքն ընդամենը 1.5 տարեկան է եղել, իսկ 2005-ին թոքի քաղցկեղից մահացել է մայրը: Այժմ դեռահաս աղջիկն ապրում է տատի հետ եւ ինքնուրույն հոգում ինչպես իր դպրոցական իրերի, այնպես էլ շուկա գնալու, կոմունալ ծախսերը վճարելու եւ այլ հարցերը: «Հետքի» հետ զրույցում տիկին Ջեմման պատմեց, որ իրենք գոյատեւում են իր 31 հազար դրամ թոշակով ու կերակրողին կորցնելու համար Սյուզաննային տրվող ամենամսյա 12 հազար դրամ թոշակով: «Մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք, խանութներից պարտքով ենք ուտելու բան վերցնում, որ թոշակը ստանանք, պարտքերը փակենք: Եթե կողքից ինչ-որ մեկը մեզ օգներ կոմունալ ծախսերը վճարելու հարցում, թոշակն էլ կմնար մեր սննդի ու երեխայի կարիքների համար: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու, եթե ապրիլի 1-ից էլ գազը, էլեկտրաէներգիան ու ջուրը թանկացնեն, առանց այդ էլ թոշակը դեռ տուն չմտած` գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարներն ենք մուծում, որ գոնե մութ ու ցուրտ տան մեջ չմնանք»,- ասաց Ջեմմա տատը: Նա արտասվեց, երբ պատմում էր, թե ինչպիսի դժվարություններով ու զրկանքներով է իր թոռնուհին ապրում: «Ես իմ կյանքն արդեն ապրել եմ ու ինձ այլեւս ոչինչ պետք չի, բայց վրաս կրակ է լցվում, երբ ամեն անգամ երեխան ասում է` տատի, կոշիկս մաշվել է, տաբատս պատռվել է... Թոշակից թոշակ մի բան առնում ենք, որ մերկ չմնա, դպրոցում էլ ընկերների առջեւ ամոթից գլուխը չկախի: Ճիշտ է, այս տարի դպրոցում նրանից գրքի գումար չվերցրին, բայց տետրի, գրիչի գումարն էլ մեզ համար բավականին շատ է, սակայն ինչ էլ լինի` չեմ թողնի, որ Սյուզին դասերից հետ ընկնի: Դպրոցում լավ է սովորում, ափսոս երեխա է, մի բան էլ պակաս կուտենք, կիսասոված կքնենք, բայց գիրք ու տետր թող ունենա»,- ասաց տիկին Ջեմման: Հաշմանդամ տատն ավելի շատ նեղսրտում էր, որ իր թոռնուհին չի տեսել ոչ մանկություն, ոչ էլ ուրիշ երեխաների նման անհոգ պատանեկություն: Աղջնակը անմիջապես ներքաշվել է կենցաղային խնդիրների մեջ եւ դպրոցից տուն մտնելիս մտածում է ոչ թե ընկերուհիների հետ ժամանակ անցկացնելու, այլ տեսողությունը կորցրած տատի համար կերակուր պատրաստելու մասին: «Ինձ համար էլ դժվար է, բայց կարողանում եմ տնային տնտեսուհու ու աշակերտի պարտականությունները համատեղել: Երբեմն պահ է գալիս, որ նախանձում եմ իմ տարիքի բոլոր երեխաներին, ովքեր ծնողների հետ են ապրում եւ ուտելու, գոյատեւելու մասին չեն մտածում»,- ասում է Սյուզաննան: Նա ասում է, որ ծնողների կարիքը շատ է զգում, հատկապես մոր պակասն է զգում ու նրան շատ է կարոտում:

«Հայրիկիս նկատմամբ ոչ մի զգացմունք չունեմ, քանի որ մեր միջեւ կապ, շփում չկա, մի տեսակ օտար մարդիկ ենք դարձել: Մորս մահից հետո նա մի անգամ է ինձ տեսակցության եկել ու դրանից հետո նրան այլեւս չեմ տեսել: Եթե հիմա գա ասի` պիտի միասին ապրենք, չեմ համաձայնվի, ես նրան որպես հայր այլեւս չեմ ընդունում»,- պատմեց աղջնակը:

Թեեւ կենցաղը միանգամից ներխուժեց Սյուզաննայի կյանք, այնուամենայնիվ, նա էլ ունի իր տարիքին բնորոշ երազանքներ: Սյուզաննայի խոսքերով` ինքը գերազանց տիրապետում է անգլերենին եւ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ընդունվել որեւէ բուհ ու ստանալ թարգմանչուհու մասնագիտություն:

«Բայց հիմա ամենից շատ երազում եմ համակարգիչ ունենալու մասին»,- մեզ հետ կիսվեց աղջնակը: Պետությունն այս ընտանիքի համար ոչ մի օգնություն ու արտոնություն չի սահմանել: Միայն Էջմիածնի քաղաքապետարանն է աշնանը գազի վառարան հատկացրել ու տարիներ առաջ էլ մի քանի հազար դրամի ֆինանսական օգնություն տրամադրել: Այսքանով իրենց աջակցությունը համարել են ավարտված` ընտանիքին թողնելով բախտի քմահաճույքին: Հարեւաններն ակնածանքով են պատմում Սյուզաննայի համեստության ու խելացի լինելու մասին:

«Նրա փոխարեն ուրիշ երեխա լիներ` հիմա անունը վաղուց ընկած կլիներ, բայց այդ աղջկան նույնիսկ բակ իջնելուց ու խաղալուց չենք տեսնում, ամբողջ օրը տատու կողքին նստած է ու նրան է խնամում: Շատ լավ աղջիկ է, ափսոս նրա կյանքը լավ չդասավորվեց»,- ասաց հարեւաններից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter